Անկախ Հայաստանի առաջին նախագահի ամենահայտնի արտահայտություններից մեկն այն էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւս իր պաշտոնավարման արշալույսին նույնպիսի միտք արտահայտել էր՝ մի փոքր այլ ձեւակերպմամբ, թե ինքը ոչ մի «իզմ» չի ընդունում: Պարզ է, որ «իզմ» ասելով՝ նկատի ունի որեւէ քաղաքական կամ ազգային գաղափարախոսություն:
Տեր-Պետրոսյանի դիրքորոշման երեք հնարավոր պատճառ կարելի է նշել: Նախ՝ առաջին նախագահը Խորհրդային միությունը փլուզող ազատական հոսանքի ներկայացուցիչներից էր, իսկ ԽՍՀՄ-ում ազատականները համարում էին, որ կոմունիզմի պարտության հետ մեկտեղ ավարտվել է գաղափարախոսությունների դարաշրջանը: Ազատական-դեմոկրատիան, ըստ նրանց, վերջնականապես ու մեկընդմիշտ հաղթանակել է ողջ աշխարհում, եւ ցանկացած այլ գաղափարախոսություն կտանի իշխանավարության (ավտորիտարիզմ) ու ամբողջատիրության (տոտալիտարիզմ): Դա աշխարհում տիրող համոզմունքն էր կամ ժամանակի «մենթալ թրենդը»:
Երկրորդ հնարավոր պատճառն այն էր, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության՝ ՀՀՇ-ի հիմնական հակառակորդը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր, որի գաղափարախոսության հենքը ազգայնականությունն ու պահանջատիրությունն էր, այդ պատճառով ինքը ոչ միայն պիտի հերքեր նման մտածողությունը, այլեւ հակադրվեր դրան: Այն ներքաղաքական պայքարի տրամաբանության մեջ էր:
Երրորդ պատճառը արտաքին քաղաքական կոնյունկտուրան էր: Հայաստանի դաշնակիցը ազատական Արեւմուտքն էր եւ ելցինյան Ռուսաստանը: Վերջինիս հիմնական մրցակիցը կոմունիստական կուսակցության մնացուկներն էին ու ազգայնական-զինվորականները: Ռուսաստանում, ինչպես Հայաստանում, դա նույնպես ներքաղաքական պայքարի տրամաբանությունն էր, իսկ այդ պայքարը շատ բուռն ու կոշտ էր ընթանում: Բնական է, որ նա արտաքին «դաշնակիցների» հետ պետք է գործեր նույն դաշտում:
Գործող վարչախմբի պարագլուխը՝ խոսելով «իզմ»-երի մասին, նկատի ուներ, որ Հայաստանում արդեն հաղթել է «դեմոկրատիան», ինքը «թավշյա» հեղափոխություն է իրականացրել եւ «ժողովրդավարական» Արեւմուտքը պետք է, ի դեմս իրեն, սատարեր Հայաստանին, եւ ցանկացած գաղափարաբանություն կարող է դիտարկվել որպես իշխանավարության դրսեւորում: Առավել եւս, որ հավաքական Արեւմուտքը, ԱՄՆ գլխավորությամբ, հայտարարել է «դեմոկրատական ճակատ» ընդդեմ իշխանավարության եւ Հայաստանին եւս հրավիրել ժողովրդավարների համաշխարհային ֆորումին:
Այսպիսով՝ Հայաստանում գաղափարախոսական պայքար (թեկուզ առանց «իզմ»-երի) տանում է միայն ՔՊ-ն՝ իր կեղծ ազատական եւ ապազգային արբանյակներով հանդերձ։ Ճիշտ է՝ պարզունակ, հակապետական, հակազգային, բայց, այնուամենայնիվ, փորձում են իրենց իշխանության համար ինչ-որ քաղաքական մտածողության հենք ձեւավորել: Ընդդիմադիր թեւում անգամ նման մտածողություն չկա։ Սոսկ «հողատու», «դավաճան», «կապիտուլյանտ», «տգետ», «հոգեկան» թեզերի վրա փորձում են հանրության շրջանում հույզեր գեներացնել: Տպավորություն է, թե գաղափարախոսությունների կեղծ լինելը եւ «իզմ»-երից զերծ մնալն ավելի շատ հենց ընդդիմադիր կուսակցություններին ու շարժումներին է բնորոշ:
Քաղաքական պայքարը մտքի, գաղափարի պայքար է, որի կարիքն առաջին հերթին ունեն իրենց գործող իշխանությանն այլընտրանք հայտարարած ուժերը: Գաղափարն ինքնին մեծ ուժ է, որի հիմքի վրա կարող են համախոհները միավորվել, ստեղծել համապատասխան ծրագրահենք եւ դրա շուրջ համախմբել, ոտքի հանել հանրությանը: