Երկուշաբթի, Հոկտեմբերի 07, 2024

Խմբագրական

Պահանջվում է հստակ ձեւակերպված քաղաքական օրակարգ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում կա արմատացած կարծիք, որի համաձայն` կուսակցությունները իշխանության հասնելու գործիքներ են, եւ քաղաքականությամբ զբաղվելու վերջնանպատակը իշխանություն ունենալն է։ Հասկանալի է, որ եթե կան համոզմունքներ ու պետության զարգացման ծրագրեր, ապա դրանք իրագործելու համար նախեւառաջ պետք է ձեռք բերել գործադիր մարմին ձեւավորելու, այսինքն` իշխանության տիրապետելու հնարավորություն։ Ահա այն հիմնական պատճառը, որ հայաստանյան կուսակցություններն ու իշխանության ձգտող խմբավորումները աշխուժանում են հատկապես ընտրությունից ընտրություն կամ էլ` երբ գալիս են քաղաքական փոփոխություններ խոստացող խառնակ ժամանակներ։

Սա քաղաքականության մասին բավական աղոտ ու մակերեսային պատկերացում է։ Իրականում քաղաքականությամբ զբաղվելը ենթադրում է ձեւավորել քաղաքական դիսկուրս` խոսույթ, եւ դրանով ազդել իրավիճակի վրա, երբեմն էլ թելադրել քաղաքական որոշումների օրակարգը։ Կարճ ասած` քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է «արտադրել» քաղաքական միտք։

Արեւմտյան կայացած երկրներում կուսակցություններն ունեն բոլորովին այլ գործառույթ եւ բովանդակություն, քան նախկին խորհրդային երկրներում, որտեղ «ինչ կուսակցություն ստեղծում են` վերջում ստացվում է ԽՄԿԿ» (Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն), ինչպես դիպուկ բնորոշել է մի ռուս քաղաքական գործիչ:

Քանի որ խոսք եղավ արեւմտյան փորձի մասին, ուշադրություն դարձնենք մի կարեւոր հանգամանքի վրա․ Արեւմուտքում գիտությունը կից է համալսարաններին, իսկ նախկին խորհրդային երկրներում այն կից է ակադեմիաներին, որոնք ունեին ու մինչ այսօր ունեն պետական կարգավիճակ։ Նույնը կարելի է ասել նաեւ կուսակցությունների մասին։ Արեւմուտքում կուսակցությունները քաղաքական մտքի շտեմարաններ են, որոնք իրենց կից ունեն ամսագրեր, tհink-tank-եր, հետազոտական կենտրոններ եւ այլն: Կուսակցությունները պատրաստում են նաեւ իրենց կադրային խարիսխը եւ պատրաստ են ներկայացնել ստվերային կառավարության կազմ։

Այդ լույսի ներքո դիտարկենք Հայաստանի ներկա իրավիճակը։ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, որից հետո իշխանության եկած «հեղափոխական» թիմը այդպես էլ չկարողացավ ձեւակերպել իր քաղաքական օրակարգը եւ մինչեւ հիմա որեւէ ողջամիտ ու հիմնարար բարեփոխում չի իրականացրել։ Արդյունքում խոստացված «վեթինգը» դոփում է տեղում, Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունները մնում են անկատար, իսկ սահմանադրական մի շարք օրենքներ` անփոփոխ: Քայլեր չարվեցին «սեփականության լեգիտիմության» հաստատման համար, ինչն ամենահրատապ խնդիրներից է, չհաջողվեց համախմբել հանրությանը` ընդդեմ ներքին ու արտաքին մարտահրավերների։

Այս շարքը կարելի է երկար թվարկել, սակայն դա չէ էականը։ Ուղղակի առանց այս ամենի իշխանափոխությունը դառնում է աննպատակ, որովհետեւ «վատ» մարդկանց «լավ» մարդկանցով փոխարինումը քաղաքական փոփոխություն չէ։ Ձեւավորել կայուն պետական համարգ` նշանակում է ունենալ այնպիսի ինստիտուտներ, որտեղ կոնկրետ մարդկանց որակը քիչ ազդեցություն ունի դրանց օգտակարության վրա։ Փոփոխությունների իմաստը ինստիտուտների ու իշխանության ճյուղերի հավասարակշռման ու փոխադարձ վերահսկողության արդյունավետ գործիքակազմի ստեղծումն է։

Այս ամենի անհրաժեշտությունն առաջին պլան է բերում քաղաքական օրակարգի ձեւավորման հրամայականը: Միայն արդիականության ոգով ու բովանդակությամբ հագեցած օրակարգն է ի զորու միավորել ոչ միայն քաղաքական առողջ ուժերին, այլեւ ողջ հանրությանը, եւ լավագույնս կիրառության մեջ դնել նրանց եռանդը, փորձն ու կարողությունները` ի նպաստ պետության եւ ժողովրդի կենսահույզ խնդիրների:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: