Հայաստանում հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունը չէր կարող չազդել Արցախի ներքին իրավիճակի վրա: Շուտով մարդիկ փողոցներում իրենց հանդեպ արդարացի վերաբերմունք պահանջեցին եւ... «թռան» բարձրաստիճան պաշտոնյաների «գլուխները»: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այդ մասին որեւէ հայտարարություն չարեց: Ըստ երեւույթին, որոշեց, որ առանց այդ էլ բոլորի համար ամեն ինչ պարզ է: Բողոքավոր քաղաքացիները նույնպես առանձնապես չէին ցնծում, հավանաբար, ոչ ոք չհամարեց, որ նախագահն իրենց լավություն է արել: Ամենայն հավանականությամբ, բոլորը կարծում էին, որ Բակո Սահակյանը չէր համարձակվի անտեսել այն մարդկանց պահանջը, որոնք իրենց նկատմամբ արդարացի վերաբերմունք են պահանջում:
Առաջին հայացքից թվում է՝ Արցախում ոչինչ չի պատահել. սովորական կադրային փոփոխություններ: Բայց դա միայն թվում է: Իրականում հունիսի սկզբին վերջ դրվեց հայ ժողովրդի հանդեպ քառորդ դար տեւած անարդարության քաղաքականությանը: Մի քաղաքականություն, որը հիմնված էր ազատության համար պայքարող ժողովրդի իրավունքների յուրացման վրա: Ժամանակին՝ պատերազմի հաղթանակից անմիջապես հետո, ինչ-որ մեկը որոշեց յուրացնել այդ հաղթանակը, սեփականել պատերազմի հերոսների փառքը եւ խլել մարդկանց ազատության իրավունքը: Արցախում բոլորը սա լավ գիտեն: Բայց Արցախի սահմաններից դուրս քչերն են պատկերացնում ժողովրդի դեմ կատարված այս հանցագործության ողջ խորությունը:
Այսօր Երեւանում մի խումբ մարդիկ համառորեն պահանջում են դատապարտված Սամվել Բաբայանի ազատ արձակումը: Ընդ որում՝ պահանջողների հիմնական փաստարկն այն է, որ Արցախի հերոսի կարգավիճակ ունեցող գործիչը Հայաստանի նախորդ վարչակարգի կողմից դատապարտվել է իր քաղաքական գործունեության համար: Այդպես էլ կա, Բաբայանը նախկին գործընկերների կողմից մեկուսացվել է քաղաքականության վերադառնալու փորձերի պատճառով: Իրականում շարունակվում է Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան-Արկադի Ղուկասյան եռանկյունու միջեւ երկար պատմություն ունեցող հարաբերությունների պարզաբանումը: Վիճաբանության հիմքում անձնական իշխանության բաժանումն ու վերաբաշխումն է: Երեքն էլ Արցախի հերոսների շքանշաններ են կախել: Տարբեր տարիներ երեքն էլ Արցախում ռազմաքաղաքական վարչակարգի պաշտոնական կամ ոչ պաշտոնական ղեկավարներն էին: Կային նաեւ ուրիշներ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյան, Բակո Սահակյան, ովքեր ներկայումս վերոհիշյալ վիճաբանություններից դուրս են:
Արդյո՞ք այս ամենը հետաքրքիր է Հայաստանի եւ Արցախի հասարակության համար: Պետք է հետաքրքիր լինի միայն այն տեսանկյունից, որ հենց այս գործիչներն են արցախյան պատերազմի հերոսների փառքը յուրացնողների հիմնական օղակը, որոնք այդ յուրացված փառքն օգտագործեցին` ճնշելու համար հերոսական ժողովրդի ազատ կամքը: Հենց այս գործիչներն են, որ արտաքին աջակցությամբ 1992 թվականին ճնշեցին Արցախում ընտրված օրինական իշխանությունը եւ պատերազմից հետո հաստատեցին ռազմական դիկտատուրա: Արցախյան բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բաբայանը շատ արագ այդ վարչակարգը վերածեց ռազմաքրեական դիկտատուրայի՝ Քոչարյանին եւ Սարգսյանին քշելով Արցախից: Երկրում արմատավորվեց քրեական անօրինականությունը: Հայաստանում 1998-ի իշխանափոխությունը եւ հետագայում Վազգեն Սարգսյանի սպանությունը թույլ տվեցին վերացնել Սամվել Բաբայանի վարչակարգը եւ ամենաթողությունից ժամանակավորապես պաշտպանել Արցախի ժողովրդին: Սակայն ԼՂՀ-ն գլխավորած Արկադի Ղուկասյանը «հատուկ ակնածանքով» վերաբերվեց Բաբայանի կադրերին եւ շուտով վերականգնեց բռնապետությունը՝ փափուկ ձեւով: Չնայած Սահմանադրության ընդունման միջոցով իր իշխանությունը հավերժացնելու երազանքները եւ նախագահության երրորդ ժամկետի գնալու փորձերը խայտառակ ձեւով տապալվեցին:
Բակո Սահակյանը, ով 2007-ին քաղաքական դաշտում հանդես եկավ որպես ԼՂՀ նախագահի պաշտոնի միակ թեկնածու (միակը, ով չէր հասցրել կրծքից կախել Արցախի հերոսի շքանշանը), Սամվել Բաբայանի կադրերին ավելի մեծ հարգանքով վերաբերվեց` վերջիններիս տեղավորելով ավելի բարձր պաշտոններում եւ ավելի մեծ երաշխիքներով պաշտպանելով նրանց գործունեությունը: Անօրինականության մթնոլորտը վերադարձավ 1990-ական թվականների ժամանակաշրջանին: Երկիրը բաժանվեց արտոնյալ բռնազավթիչների եւ ունեզուրկ ու ստրկացված մարդկանց կաստաների: Ոմանց հասան ջիպեր ու պալատներ, մյուսներին` դագաղներ ու բանտախցեր:
Բայց ժամանակները փոխվում են. Սահակյանին վիճակված չէր հավերժացնել այդ վարչակարգը: Ընդհակառակն՝ վիճակված էր սկսել այդ հակամարդկային մեքենայի կազմաքանդման գործընթացը եւ պետական կառավարման համակարգից դուրս հանել կաստայի առանցքային անդամներին: Պաշտոնական Երեւանի հովանավորությունից զրկված այդ կաստան արագ հանձնվեց այն պահին, երբ ժողովուրդն ասաց. «Բավակա՛ն է, պահանջում ենք արդարություն»: Անարդարության քառորդդարյա դարաշրջանը մոտեցավ իր ավարտին:
Մնում է միայն հուսալ, որ «հերոսների հալածումը» կարգախոսն իներցիայով շարունակող այսօրվա «պոլիտիկանները» հաշիվ կտան իրենց, թե ում եւ ինչն են ուզում վերածնել Հայաստանում ու Արցախում: Առավել եւս արժե, որ այդ մասին խորհեն նրանք, ովքեր ուզում են «սպիտակեցնել» ու արդարացնել ժողովրդի նկատմամբ անարդար վերաբերմունքի համար պատասխանատու անձանց այդ խմբին: