Ռուսական հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինը՝ 1917 թվականին արտասահմանից վերադառնալով Պետրոգրադ (Սանկտ Պետերբուրգ) առաջադրել է իր հայտնի «Ապրիլյան թեզիսները»՝ ապագա սոցիալիստական հեղափոխության ծրագիրը։ Մի քանի ամիս անց տեղի ունեցած բոլշեւիկյան հեղափոխության համար թեզիսները գաղափարական հիմք դարձան։ Մինչեւ Խորհրդային Միության անկումը բարձր դասարանցիներն ու ԲՈՒՀ-երի ուսանողները դրանք պետք է անգիր իմանային եւ քննությունների ժամանակ բացատրեին դրանց բովանդակությունն ու պատմական նշանակությունը։
2018-ի ապրիլին սկսված հայկական հեղափոխության խորհրդանիշը դարձած Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ առանց «ապրիլյան թեզիսների», մեզ բոլորիս թողնելով դրանց՝ «Նոր Հայաստանի» հայեցակարգի, հնարավոր բովանդակության որոնման ծանր բեռը։
Այսօր հանրության համար երկու հարց կա, որոնց պատասխանները կարեւոր են մեր ընդհանուր ապագայի մասին պատկերացում կազմելու համար․
ա/ ի՞նչ տիպի իշխանություն է Հայաստանում ձեւավորվում,
բ/ ինչպիսի՞ քաղաքական համակարգ է Հայաստանում կառուցվելու։
Հայաստանում հեղափոխությունն անձնավորվել է, ինչն ուղղակիորեն փոխկապակցված է վերը նշված երկրորդ հարցի պատասխանին` Հայաստանի ներկա քաղաքական փուլում ավտորիտարիզմն անխուսափելի է։ Հետհեղափոխական ժամանակներում դա բնորոշ է եղել բոլոր երկրներին, անկախ նրանից՝ Աֆրիկայո՞ւմ, թե՞ Եվրոպայում են այդ երկրները գտնվել։ Ավտորիտար կառավարման ձեւը պայմանավորվում է հետհեղափոխական շրջանում նոր կարգի անցնելու անորոշություններով։ Այսինքն՝ հանրային եւ պետական կյանքն ավելի շուտ կոնոնակարգվում է ոչ թե օրենքներով, այլ հեղափոխության տրամաբանությամբ։
Ավտորիտարիզմ
Ըստ դասական մոտեցման, հասարակությունն ունի երեք գագաթ՝ երկրի ղեկավար, իշխող դաս եւ ժողովուրդ։ Կա՛մ երկրի ղեկավարը իշխող դասի միջոցով ճնշում է ժողովրդի, կա՛մ ժողովրդի աջակցությամբ վախի մեջ է պահում իշխող դասին։ Սերժ Սարգսյանի համակարգն առաջին տարբերակն էր, ներկայիս կառավարությունը, կարծես թե, երկրորդ ճանապարհով է շարժվում։ Երկու մեթոդներն էլ իրենցից ավտորիտար համակարգ են ներկայացնում։
Ավտորիտարիզմի այլընտրանքը կայուն ժողովրդավարական համակարգն է, որը հիմնված է օրենքի գերակայության, սեփականության իրավունքի ճանաչման եւ պետական-հասարակական խորքային ավանդույթների վրա։ Այսինքն՝ հնարավորինս նեղացվում են անձերի դերակատարությունը՝ մեծացնելով իշխանության ճյուղերի հավասարակշռությունը, միմյանց վերահսկելու՝ նրանց մեխանիզմները, օրինականությունը։
Ըստ դասական մոտեցման, ցանկացած հեղափոխություններից հետո՝ անգամ ժողովրդավարական, մեծանում է ավտորիտարիզմի հաստատման հավանականությունը, քանի որ հեղափոխությունները կատարվում են այն ժամանակ, երբ գոյություն ունեցող իրավական համակարգը կամ չի գործում, կամ էլ չի կարողանում լուծել առկա խնդիրները։ Հեղափոխությունները ջարդում են եղած իրավական համակարգերը եւ մինչեւ կձեւավորվի նորը՝ առաջ է գալիս հեղափոխական իշխանություն, որը պետք է պայքարի հակահեղափոխության դեմ եւ ձեւակերպի խաղի նոր կանոնները։ Որպես կանոն, հեղափոխություններից հետո ձեւավորվում են ռեպրեսիվ համակարգեր, որոնք հանրության մեծ մասի կողմից ողջունելի են։
Հայկական հեղափոխություն
Ոչ մի բանական մարդ չի կարող ասել, որ գեներալ Մանվելը պետք է արդարացվի եւ խուսափի պատժից, ոչ էլ կարող է ասել, որ տասնյակ տարիներ պետությունը զավթած, հանցագործ սխեմաների միջոցով երկիրը սնանկության հասցրած մարդիկ պետք է հանգիստ շարունակեն իրենց կյանքը։ Հայաստանի ժողովուրդը շատ թանկ գին է վճարել այդ ամենի համար՝ հարյուր հազարավոր արտագաղթածներ, ավելի շատ՝ աղքատության մեջ հայտնված մարդիկ, խեղված ճակատագրեր, միլիարդավոր դոլարների պետական պարտք։ Այս շարքը կարելի է երկար թվարկել։ Այդ ամենի հետ հաշտվելն անհնար է, սակայն գոյություն ունի նաեւ այդպիսի իրավիճակներում հայտնված երկրների պատմական փորձը։
Պետական զանգվածային հանցագործությունների ժամանակ դժվար է որոշել, թե ինչի համար են պատժում, ինչի համար՝ վճարում փոխհատուցում, ինչի համար՝ ներում։ Ո՞վ է իրական պատասխանատուն, իսկ ո՞վ է հանգամանքների բերումով ենթարկվել իրավիճակին, եւ ով՝ համակերպվել։
Նման դեպքերում առաջանում է «ազգային համաձայնության» խնդիր։ Դա դժվարագույն եւ հավասարակշռված համազգային որոշում է պահանջում։ Այդպիսի ճանապարհով են անցել Լեհաստանը, Հունգարիան, Արեւելյան Գերմանիան, Չիլին, Արգենտինան․․․
Մեղավորների խումբը, որոնք պետք է պատժվեն, կարող են լինել նման հանցագործ համակարգի քաղաքական պատասխանատուները, ծանր հանցագործություններ կատարողները, մեր դեպքում՝ բանակում անօրինականություններ կատարողները՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը։ Փոխհատուցողները կարող են լինեն տնտեսական հանցագործություններ իրականացնողները։ Կարող են լինել նաեւ հատուկ պատիժներ, օրինակ՝ պետական պաշտոններ եւ քաղաքականությամբ զբաղվելու արգելքներ, որոնք կարող են կիրառվել որոշ մարդկանց հանդեպ, իսկ որոշ կուսակցություններ՝ լուծարվել։
Սակայն այստեղ առաջանում է երկու առանցքային հարց․
ա/ ո՞վ է որոշում, թե ով եւ ինչպես պետք է պատժվի,
բ/ ո՞ր օրենքներով են նման վճիռներ կայացվում։
Չի կարելի նաեւ թույլ տալ, որ բռնաճնշիչ համակարգերը գործեն ըստ հեղափոխության տրամաբանության, որովհետեւ այդպիսի համակարգեր ստեղծելը հեշտ է, իսկ կանգնեցնելը՝ դժվար։
Այս ծանրագույն խնդիրը կարող է լուծվել բացառապես ազգային համաձայնության միջոցով, ինչպես նաեւ որպես ուղենիշ ունենալով, թե ինչ երկիր ենք կառուցելու։
Այս առումով՝ առանց «թեզիսների» կամ հայեցակարգի առաջ գնալ չի լինի։