Կիրակի, Ապրիլի 20, 2025

Խմբագրական

Պարզունակ գողությունից դեպի կոռուպցիոն սխեմաներ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Կոռուպցիան լատիներ բառացի նշանակում է այլասերում: Այն ամեն տեղ գոյություն ունի եւ հակիրճ կարելի է սահմանել որպես նշանակովի կամ ընտրովի պաշտոնյայի մեքենայություններ` անօրինական շահ ստանալու նպատակով, որը հակասում է հանրության ու պետության շահին: Բնականաբար, գոյություն ունեն նաեւ համապատասխան կոռուպցիոն սխեմաներ: Սակայն այն, ինչ կատարվում էր Հայաստանում, անգամ այդ բառով նկարագրել չի ստացվում: Դա Հայաստանում հասցվել էր պարզագույն մի երեւույթի, որի բնութագիրը ժամանակին տվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Երկու տարի  առաջ Կարապետյանը թեւավոր դարձած մի արտահայտության հեղինակ դարձավ՝ խոսքը «պրիմիտիվ  գողության» մասին է. «Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ պատմում են, թե ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիայի վրա... Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է նա:

Կարապետյանը մի բանում էր միայն սխալվում՝ շատերի պարագայում նույնիսկ ֆանտազիան չի գործել, եղել է պարզունակ գողություն՝ պարզունակ եղանակներով:

Կոռուպցիայի դեմ պայքարի վերջին շրջանի բացահայտումները հանրության համար շոկային են, եւ այդ շոկն առաջացնում են ոչ թե գումարի չափերը կամ՝ այն, որ տարբեր ոլորտների պատասխանատուներն ընդունակ են նման արարքների, այլ այդ ամենի բարոյական կողմը:

Մենք բոլորս վաղուց  հոգեբանորեն պատրաստ ենք եղել նման բացահայտումների, անգամ շատերը հիասթափված են, որ այդքան «մանր» գումարների մասին է խոսքը: Շոկի պատճառները բարոյական հարթությունում են. Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների հավաքած օգնության գողությունը կամ «Հայաստան» հիմնադրամի գումարների վատնումը խաղադրույքների համար: Սա բարոյական քայքայման վերջին նշաններից է: Մյուս խնդիրը վերաբերում է վերահսկողությանը, այսինքն՝ հայաստանյան ոչ մի ոլորտում պատշաճ վերահասկողություն գոյություն չի ունեցել՝ լինի դա պատերազմող բանակ, համահայկական հիմնադրամ, թե համապետական որեւէ կարեւորագումն  ծրագիր, որն իրականացվում է վարկերի հաշվին, եւ որոնց համար վճարելու են հետագա սերունդները: Իսկ այդ ամենի մասին պատկան պաշտոնյաները տեղյակ են եղել, ինչի ցայտուն վկայությունը Կարեն Կարապետյանի վերը բերված խոսքերն են:

Մենք գործ ունենք համակարգաստեղծ պարզունակ գողության հետ: Ինչո՞ւ համակարգաստեղծ՝ որովհետեւ պարզունակ գողության վրա է հիմնված եղել կառավարող վերնախավը, եւ կադրերն էլ ընտրվել են ըստ այդ հատկության:

Փաստորեն մենք դեռ պետք է շատ աճենք` իբրեւ պետություն, որպեսզի պարզունակ գողությունից սահուն անցում կատարենք զարգացած երկրներին բնորոշ կոռուպցիոն բարդ սխեմաներին: Իսկ միգուցե Հայաստանում նման սխեմաներն, այնուամենայնիվ, գործե՞լ են... այդտեղ է պետք է որոնել ոչ թե տասնյակ միլիոնների հասնող գողոնը, այլ երկրից դուրս բերված արդեն տասնյակ միլիարդավոր դոլարները:

Պարզունակ գողության բացահայտումները կարեւոր են, եւ դրանց բացահայտման համար լուրջ փորձագետների կարիք էլ չկա: Սպասենք ավելի ծանրակշիռ բացահայտումներին: Սակայն այս ամենի բարոյական կողմն ավելի ծանրակշիռ խնդիր է, որը հանրությունը պետք է կարողանա վերապրել ու հաղթահարել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: