Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Խմբագրական

Ռուսաստանում՝ ինչպես Հայաստանում…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Այն, ինչ հիմա կատարվում է ՌԴ-ում, մեզ համար «Դեժավյու» է, այսինքն՝ անցյալում կատարված ծանոթ մի իրավիճակի կրկնություն: 2016-ին Երեւանում գրավեցին ՊՊԾ գունդը: Գրավողները հանդես էին գալիս ազգայնական ու հայրենասիրական հռետորաբանությամբ, խոսում Զինված ուժերում ունեցած կողմնակիցների հոծ խմբավորման մասին, որոնք պատրաստ են միանալու «ապստամբությանը»: Իրենց քայլը նրանք հիմնավորում էին բանակում ահագնացող կոռուպցիայով, ինչպես նաեւ Արցախին սպառնացող տարածքային կորուստներով:

Ռուսաստանում «Վագների» զինյալները նույնպես իրենց «ապստամբությունը» բացատրում են ՊՆ-ում առկա կոռուպցիայով, «ասֆալտի» գեներալների անճարակությամբ, որոնց պատճառով Ուկրաինայում ռուս զինվորներն իրենց արյունն են հեղում, իսկ ՊՆ-ն կեղծ տվյալներ է տարածում ու թաքցնում ռազմաճակատում տիրող իրական վիճակը՝ մարդկային ու տարածքային կորուստները եւ այլն:

Նմանությունները շատ են, բայց կենտրոնանանք հատկապես մեկի վրա՝ դա հանրության մեջ սոցիալական դժգոհություններն են եւ արդյունավետ կառավարման պակասը: 2016-ին ՀՀ-ում իշխանության հիմնական դեմքերն այն մարդիկ էին, եւ այժմ՝ ՌԴ-ում այն մարդիկ են, որոնց քաղաքական ու տնտեսական առաջխաղացումը սկսվել է 1990-ական թվականներին, երբ թալանվում էր պետական հարստությունը, կատարվում էին համատարած անօրինականություններ, ոչնչացվում, թալանվում կամ կոպեկներով սեփականաշնորհվում էին արդյունաբերական ձեռնարկություները:

Այս ամենի արդյունքում հանրությունը չի ճանաչում բաշխված սեփականության օրինակարգությունը՝ պահանջելով արդարություն, որը հնչում էր պատերազմական իրավիճակում. 2016-ին՝ Հայաստանում, այժմ՝ Ռուսաստանում: 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը, ինչպես հիմա ՌԴ-ում «Վագների» ապստամբությունը, ահազանգ է առ այն, որ անհրաժեշտ են խորքային փոփոխություններ:

2016-ին Սերժ Սարգսյանը չգնաց համակարգային փոփոխությունների: Ընդամենը նոր վարչապետ նշանակվեց, եւ կառավարության կազմը կոսմետիկ փոփոխությունների ենթարկվեց: Խորքային փոփոխություններ Սարգսյանը չթույլատրեց, ավելին՝ խոստացավ 2018-ին չվերարտադրվել, սակայն հետագայում դրժեց խոստումը: Արդյունքը ողբերգական էր՝ փողոցից եկած պոպուլիստները փլուզեցին երկիրը եւ մեզ կանգնեցրին գոյաբանական խնդրի առջեւ:

Նմանատիպ գործընթաց հիմա Ռուսաստանում է տեղի ունենում: Արդյո՞ք Պուտինը կկրկնի Սերժի սխալները, թե, այնուամենայնիվ, կունենան կառավարման համակարգը խորքային փոփոխությունների ենթարկելու, նոր կադրային խարիսխ ստեղծելու, դեպի ավելի արդար հասարակություն քայլեր կատարելու կամք ու կարողականություն՝ ձերբազատվելով 90-ականների սերնդից:

Այլընտրանքը, ինչպես նշվեց վերը, կոսմետիկ փոփոխություններն են, որոնք, ըստ էության, կհանգեցնեն նույն արդյունքին, որ ունեցանք Սերժ Սարգսյանի դեպքում, այսինքն՝ Ռուսաստանը կհայտնվի գոյաբանական խնդիրների առջեւ: Իսկ նրա փլուզումը, անտարակույս, աշխարհը կկանգնեցնի մեծ կոլապսի շեմին՝ Հայաստանի համար խիստ անկանխատեսելի բացասական հետեւանքներով:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: