Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Խմբագրական

Պատմություն մոգոնողները

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Անգլիացի հանրահայտ գրող Ջորջ Օրուելի կարծիքով՝ ով վերահսկում է պատմությունը՝ վերահսկում է ապագան։ Նշանավոր «Անասնաֆերմայի» եւ «1984»-ի հեղինակն ակնարկում է, որ պատմության շարադրումը քաղաքական ենթատեքստ ունի՝ ով այն իրականացնում է, նա էլ ձեւակերպում է իր իշխանության օրինակարգությունը։ Հանգամանքների բերումով, ի դժբախտություն Հայաստանի, 2018-ից հետո իշխանության եկած խմբակի հիմնական զբաղմունքը հին, նոր եւ նորագույն պատմության խմբագրումն ու սրբագրումն է: Դա ունի երկու հիմնական նպատակ.

  1. 2020-ից սկսված սողացող կապիտուլյացիայի՝ պարտության ու տարածքների զիջման համար պետք է պատասխանատուներ ու մեղավորներ կարգվեն. ա/ եկեղեցին՝ դեռեւս Պապ թագավորի ժամանակաշրջանից. բ/ պահանջատեր դաշնակցականները. գ/ Խորհրդային Միությունը, որը մեր հարեւանների նկատմամբ թշնամանք է մեր մեջ սերմանել, դ/ Ռուսաստանը, որն Արցախը մեր ձեռքից վերցրել, նվիրել է Ադրբեջանին, ե/ նախկին իշխանությունները, որոնք սխալ քաղաքականություն են վարել՝ ժամանակին չհանձնելով Արցախը: Մի խոսքով՝ մեղավորների ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց այդ ցուցակում չկա կառավարությունն՝ իր գլխով, որի ժամանակ սկսվեցին պարտություններն ու կորուստները:
  1. Քանի որ մեղավոր են գրեթե բոլորը, եւ կա միայն քաղաքական մեկ ուժ, որը ոչ մի բանում մեղավոր չէ, ապա՝ շարադրելով պատմությունը համապատասխան ձեւով, իշխանությունը պետք է մնա այդ «անմեղ» ուժի ձեռքին, եւ նա պետք է շարունակի պաշտոնավարել:

Քաղաքականության մեջ պատմության շարադրումը կամ սրբագրումը կարեւորագույն նշանակություն ունի։ Գաղափարականացված երկրներում պատմության դասագրքերի ամեն մի տողը կարեւորվում է: Խորհրդային Միության ժամանակ Հին Հռոմի ստրուկների ապստամբության առաջնորդը՝ Սպարտակը, ներկայացվում էր որպես մարքսիստ-սոցիալիստ, իսկ Հայոց պատմությունից հայտնի պավլիկյանները շահագործող դասակարգի դեմ գաղափարական շարժման հերոսներ էին: Գաղափարականացված երկրներում դա կարելի է հասկանալ, սակայն «իզմերը» հերքող կառավարության համար, որպիսին ՔՊ-ն է, պատմության հանդեպ նման հետաքրքրությունն առաջին հայացքից անըմբռնելի է։

Օրուելի գաղափարական հետեւորդների ակտիվությունը Հայաստանում նույնպես զգացվում է. մասնավորապես՝ կրթության եւ էլի մի շարք այլ բաների նախարարը տեղեկացնում էր, որ մի քանի օրից հետո դպրոց հաճախող երեխաները չեն ունենալու պատմության նոր դասագրքեր, որովհետեւ կան խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ նոր դասագրքում «Մարտի 1»-ի դեպքերի ներառման թեման:

Դասագրքերը դեռ թողնենք մի կողմ, բայց խնդրո առարկա մարտիմեկյան դեպքերը գործող իշխանության համար այնքան կարեւոր են, որ դրանց սիրույն կարելի է կրթական մի ողջ գործընթաց զոհաբերել: Պատմության վերաշարադրումը գաղափարաբանական վեճից բացի՝ ունենում է նաեւ ոչ գաղափարական պատճառներ, երբ քաղաքական վերնախավը ճաք է տալիս, եւ մի մասն իշխելու իր իրավունքը հիմնավորելու համար վարկաբեկում է մրցակիցներին։ Այսինքն՝ էականը ոչ թե ճշմարտության փնտրտուքն է, այլ իշխելու իր իրավունքի հաստատումը։ Փաստորեն՝ իշխանության օրինակարգությունը կառուցվում է ոչ թե նոր արժեքների, «Նոր Հայաստանի» համար, այլ, օրինակ, 2008-ի դեպքերի վրա։

Արդյոք «Նոր Հայաստանի» համար քվեարկողները տեղյա՞կ են եղել, որ իրենք քվեարկել են հին վեճի կողմերից մեկի օգտին, այլ ոչ թե նոր երկիր կառուցելու համար։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: