Ուրբաթ, Սեպտեմբերի 22, 2023

Խմբագրական

Պայքարի ո՞ր դաշտում է Հայաստանը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Արցախի հարցում, կարծես թե, եկել է անկեղծության պահը: Դիմակահանդեսն ավարտված է, մի կողմ են դրված դիմակները, եւ խաղը դառնում է բացահայտ: Արեւմուտքը չի թաքցնում իր նպատակը՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. այս փուլում առայժմ միայն այդտեղից, իսկ Իրանը շրջափակել հյուսիսից՝ նրան կտրելով Մոսկվայից: Ռուսաստանն ու Իրանը արդեն դառնում են ռազմավարական դաշնակիցներ եւ գնում են էլ ավելի խորացված ռազմական համագործակցության, իսկ Թուրքիան՝ «անառակ որդին», վերադառնում է Արեւմուտքի գիրկը:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ Արցախի խնդիրը հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել: Բրյուսելում Արեւմուտքն առաջարկում է Արցախի մատակարարումն իրականացնել Աղդամի կողմից, այսինքն՝ Ադրբեջանի հետ Արցախի «ինտեգրման» համար կատարել ամենավճռական քայլը: Իսկ ինչպե՞ս են այդ ծրագրերին վերաբերվում Ռուսաստանն ու Իրանը: Այստեղ նույնպես սկսել են խոսել առանց դիվանագիտական պաճուճանքների:

Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական, նախագահներ Խամենեիի եւ Ռաֆսանջանիի օրոք արտաքին գործերի նախարար, Իրանի գերագույն առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բացառիկ հոդված է հրապարակել, որտեղ Ռուսաստանին եւ Իրանին կոչ է անում զգուշանալ՝ ընդգծելով, որ Կովկասում ցանկացած անփութություն կարող է տարբեր երկրներից ներխուժումների պատրվակ դառնալ: Նա զգուշացրել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների աճող ազդեցության մասին՝ հայտնելով, որ նրանք կփորձեն մեծացնել լարվածությունը Հարավային Կովկասի զգայուն տարածաշրջանում, ինչը կվտանգի ՌԴ-ի եւ Իրանի անվտանգային շահերը:

Վելայաթին զգուշացրել է տարածաշրջանում խնդիրների չափազանց պարզեցումից՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի անտեսումը կարող է հանգեցնել ազդեցության տարածմանը Հյուսիսային Կովկաս, Կասպից ծով եւ նրա հարակից երկրներ. «Մեր ռուս գործընկերները պետք է զգույշ լինեն եւ իմանան, որ ամենափոքր անփութության դեպքում Կովկասը կարող է դառնալ հարձակման թիրախ եւ մրցակցության ասպարեզ տարբեր շահագրգիռ երկրների կողմից, որոնք կոտնահարեն Ռուսաստանի եւ ԻԻՀ-ի շահերը»,- գրել է նա։

Վելայաթիի հոդվածից հետո հնչել է ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը. «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին Մոսկվայում կարող է հաջորդել հայ-ռուս-ադրբեջանական գագաթաժողովը՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»:

Ռուսական կողմը Ադրբեջանին կոչ է արել նաեւ անհապաղ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ, վերականգնել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկկողմ անարգել տեղաշարժը, ինչպես նաեւ վերականգնել էներգամատակարարումը։ «Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Ելնում ենք նրանից, որ սույն համաձայնագրի անքակտելի մաս պետք է դառնան ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության հստակ երաշխիքները, ինչպես նաեւ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ կատարումը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքում:

Հարավային Կովկասի համար պայքարը՝ մի կողմից Արեւմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի միջեւ, մտնում է սուր հակամարտության փուլ: Թե որքան այդ պայքարը կսրվի՝ կախված է մի շարք հանգամանքներից, սակայն գերխնդիրն այն է, թե պայքարի ո՞ր դաշտում է խաղում ՀՀ ներկայիս կառավարությունը՝ հայաստանյա՞ն, թե՞ թուրք-ադրբեջանական:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: