Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Խմբագրական

Մեծ մոլորություն, որը կարող է Հայաստանի վերջի սկիզբը դառնալ

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Աշխարհում եւ մեր տարածաշրջանում ճակատագրական փոփոխություններ են տեղի ունենում: Հին աշխարհը փլուզվում է, եւ այդ փլուզումն ուղեկցվում է պատերազմների, տնտեսական գլոբալ պայքարի, նոր ուղիների փնտրտուքի ու հին հաղորդակցությունների սառեցման գործընթացներով: Պատահական չէ, որ ներկայումս տեղի ունեցողը համեմատում են Առաջին աշխարհամարտի իրադարձությունների հետ: Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական համընդհանուր մրցակցության թատերաբեմերից մեկը:

Մրցակցությունը զուգահեռաբար գնում է նաեւ Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում, խաղաղօվկիանոսյան ավազանում, Հարավային Ամերիկայում եւ Եվրոպայում, որտեղ այն արյունալի առճակատման տեսք է ստացել: Մեր տարածաշրջանում նույնպես արյուն է հեղվում, եւ 2020-ի սեպտեմբերյան պատերազմը դեռ չի ավարտվել՝ այն ընթանում է փուլերով, որի ավարտը չի երեւում:

Փորձենք կենտրոնանալ մեր տարածագոտում կատարվող անցուդարձին եւ հասկանալ, թե ինչ խնդիրներ են լուծում տարածաշրջանային տերությունները, եւ ինչ խնդիրներ՝ գլոբալ խաղացողները:

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը ունեն աշխարհաքաղաքական բազմաթիվ տարաձայնություններ, դարերի ընթացքում նույնիսկ միմյանց դեմ ահեղ պատերազմներ են մղել, սակայն կա մի հարց, որի շուրջ միշտ միավորվել են, այն է՝ երբեք թույլ չտալ, որպեսզի Արեւմուտքը մտնի իրենց «ներքին բակը»՝ Հարավային Կովկաս: Ռուսաստանի եւ Թուրքիայի մյուս խնդիրը Սեւ ծովը միասնաբար վերահսկելն է: Դա նրանց համար ռազմավարական, ազգային անվտանգության մարտահրավերներից բխող նպատակ է:

Ինչպես 20-րդ դարի սկզբին էր, այժմ եւս, մեր տարածաշրջան է մխրճվում Արեւմուտքը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, որոնց խնդիրն է միմյանցից տարանջատել Իրանն ու Ռուսաստանը եւ, որպես գործիք, օգտագործում են թյուրքական աշխարհը: Սակայն Թուրքիան՝ մրցակցելով Ռուսաստանի ու Իրանի հետ, այնուամենայնիվ, խոչընդոտում է Արեւմուտքի ուղղակի ներթափանցումը Կովկաս:

1920-ին մենք տեսանք, թե դա ինչպես է կատարվել. այն ժամանակ ՀՀ-ում կարծում էին, թե մեր տարածաշրջանում խնդիրները լուծելու է Արեւմուտքը: Դա մեծ մոլորություն էր, այն շատ թանկ նստեց մեզ վրա: Այսօր եւս փորձ է արվում կրկնել նույն սխալը, ինչը կարող է Հայաստանի Հանրապետության վերջի սկիզբը դառնալ: Ուկրաինական դասը պետք է լավ սերտել, մենք Ուկրաինայի պաշարամիջոցները չունենք, որպեսզի գոնե Հայաստանի կեսը պահպանելու հույս փայփայենք:

Այսպիսով, Արեւմուտքը ցանկանում է մեզ թշնամացնել Իրանի ու Ռուսաստանի հետ՝ անվտանգության որեւէ երաշխիք չտալով: Ավելին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց նպատակին հասնելու լավ հնարավորություն են ստանում, որը կջանան օգտագործել մեր դեմ՝ Իրանին ու Ռուսաստանին ցույց տալով ՀՀ-ի՝ իբրեւ տարածաշրջանում օտարածին մարմնի, վտանգավոր անհամարժեքությունը:

Այսինքն՝ փորձ է արվելու,- եւ դա տեսանելի է,- մեզ օգտագործել ու զոհաբերել հանուն իրենց մեծապետական շահերի եւ հեռահար նպատակների, որոնցում մենք, բնականաբար, տեղ չունենք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: