Գնալով շատերն են խոսում հնարավոր Երրորդ աշխարհամարտի մասին, իսկ ոմանց կարծիքով` այն արդեն վրա է հասել, սակայն ծավալվում է ուրույն ընթացքով։ Փոխվում է աշխարհը, փոխվում են նաեւ պատերազմելու եղանակները։
Եթե 20-րդ դարում «աշխարհ» ասելով` գլխավորապես նկատի ունեին Եվրոպային, իսկ մնացյալ մասը տեխնոլոգիապես հետամնաց «երրորդ աշխարհն» էր, որը եվրոպական երկրների համար հիմնականում ծառայում էր իբրեւ գաղութատիրական նպատակների իրականացման օբյեկտ, ապա այժմ պատկերը լիովին այլ է։ Հարավարեւելյան Ասիան` հատկապես Չինաստանը, մեծ թափով զարգանում, հզորանում է։ Զինվորականների հետ հանդիպման ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի խոսքերը, թե պետք է պատրաստվել պատերազմի, այլեւս ժամանակավրեպ են թվում։
Պատերազմն Արցախում արդեն իսկ իրողություն է, որն արագորեն տարածվում է շուրջբոլորը։ Հակամարտության մեջ ներքաշվում են Իրանն ու Ռուսաստանը, Թուրքիան արդեն ներքաշված է, անհանգիստ են տարածաշրջանի երկրները, իսկ իսլամական ծայրահեղականների ներգրավումը պատերազմում` ավելի է լրջացնում իրավիճակը` դրան հաղորդելով այլ նշանակություն, ահաբեկչության նոր ալիք է բարձրանում Եվրոպայում։ Այդ բոլորը մի մեծ կծիկի բաղկացուցիչ մասերն են։
Ակնհայտ է դառնում, որ պայմանական Երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արեւելքում է լինելու, եւ այժմվանից պետությունների կոալիցիաներ են ուրվագծվում։ Կարծես թե իրավացի էր ամերիկյան պատմաբան, քաղաքագետ Հանթինգթոնը` ասելով, որ մեկնարկում է քաղաքակրթությունների պայքարը։
Եթե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ աշխարհին սպառնում էր նացիոնալ-սոցիալիզմի վտանգը, ապա այժմ վտանգն իսլամական ծայրահեղականներից է գալիս, որոնք, եթե առաջները ներկայացված էին տարբեր կազմակերպությունների միջոցով, ապա այժմ դրանց ներկայացնում է Թուրքիան` իբրեւ պետություն, որը երկու «իզմ» ունի իր զինանոցում` իսլամիզմը եւ թուրանիզմը։ Երկուսն էլ աշխարհի համար լուրջ մարտահրավեր են։ Հիմնական սպառնալիքների արմատը վտանգավոր գաղափարախոսությունների մեջ է։ Այդօրինակ գաղափարախոսություն որդեգրած առաջատար երկիրն այսօր Թուրքիան է, իսկ նոր ֆյուրերի հավակնություններ դրսեւորող անհատը` էրդողանը: Այսինքն` կան թե´ մեկը, թե´ մյուսը։
Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ կոալիցիաները ձեւավորվում էին պատերազմների նախօրյակին, երբ ընտրվում էր առանցքային թիրախ-երկիրը, որը մշակութաբանորեն ու գաղափարախոսական առումով վտանգ էր ներկայացնում համաշխարհային կարգին։ Ուշագրավ է նաեւ այն, որ սկսել են վերածնվել անգամ Երկրորդ աշխարհամարտի կաղապարները։
Մեզ ներքաշել են այդ առճակատման մեջ, եւ Արցախն ակամայից հայտնվել է աշխարհաքաղաքական վայրիվերումների կիզակետում։ Փոքրիկ Արցախում մեծ պատմություն է կերտվում: Ցավոք` ծանր գնով։ Ակներեւ է, սակայն, որ մենք լինելու ենք հաղթող երկրների կոալիցիայում, մնում է` մինչ այդ կարողանալ դիմակայել ու տոկալ։