Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2024

Խմբագրական

Խաղաղության խաչմերուկի «գնորդ» չի՞ գտնվում…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով օրերս տեղի ունեցած համաժողովում Կառավարության ղեկավարը նորից խոսեց այն դրույթների մասին, որոնց տարբեր առիթներով քանիցս անդրադարձել է: Բերենք երկու օրինակ այդ հայեցակարգերից. ա/ «Հայաստանը պատրաստ է կապուղի տրամադրել ե՛ւ գազամուղների, ե՛ւ նավթամուղների, ե՛ւ էլեկտրագծերի համար», բ/ «ՀՀ-ն սեփական տարածքները Ադրբեջանի օկուպացիայից ռազմական ճանապարհով ազատագրելու նպատակ չունի»: Ըստ նրա, այդ հարցն ինքնաբերաբար կլուծվի սահմանագծման-սահմանազատման ընթացքում: Սա, իհարկե, մոլորություն է:

Ու մինչ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Խաղաղության խաչմերուկի թեմայով երեւանյան համաժողովում հայտնում է, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօրվանից սկսել կապուղիների ապահովման գործնական աշխատանքը, նրա թիմակիցները չեն բացառում նոյեմբերին Բաքվում կայանալիք «СOP-29»-ից հետո Ադրբեջանի հերթական ներխուժումը Հայաստան: Ավելին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը միջազգային հարթակներից է անգամ փոխանցում հայկական կողմի մտահոգությունները՝ բացեիբաց հայտարարելով, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների է պատրաստվում։

Ի՞նչ կարող են նշանակել ՀՀ պաշտոնատար դեմքերի այս իրարամերժ դիրքորոշումները արտաքին քաղաքական խճանկարի հենքին. մեկը խաղաղության ու կապուղիների ապաշրջափակման պատրաստակամության մասին է խոսում, մյուսը՝ Հայաստանի դեմ ադրբեջանական հնարավոր ռազմական ոտնձգությունների: Շատ փորձագետներ չեն համարում, որ միմյանց հակասող այս հայտարարություններն իշխանության ներսում առկա տարաձայնությունների վկայություն են: Ընդհակառակն՝ սրանք, այդ հեղինակների կարծիքով, փոխլրացնող խոսույթներ են, միգուցեեւ՝ կանխավ պայմանավորված:

Գործող իշխանությունները լավ են հասկանում, որ «COP-29»-ից հետո Ադրբեջանը, Թուրքիայի եւ Արեւմուտքի համաձայնությամբ, կարող է հարձակում գործել ՀՀ-ի վրա՝ թյուրքական աշխարհի միավորման գաղափարն իրագործելու հեռահար նպատակով, որն ուղղված է Իրանի, Ռուսաստանի, ինչ-որ չափով նաեւ Չինաստանի դեմ՝ Կենտրոնական Ասիան վերահսկելու համար։ Եվ այդ պատճառով է, որ մեր «խելոքները» նմանատիպ հայտարարություններ են անում՝ ցույց տալու, որ ՀՀ-ն ամեն ինչի համաձայն է, պատրաստ է ամեն քայլի գնալ, հետեւաբար՝ հակառակորդը հարձակման օրինակարգություն չունի (թեպետ խոշոր խաղացողների կոնսենսուսի դեպքում օրինակարգությունը որեւէ մեկին չի հուզում):

Այժմ տարածագոտու աշխարհաքաղաքական զարգացումների ծիրում նաեւ Սյունիքն է՝ Փաշինյանի հեղինակած Խաղաղության խաչմերուկով: Այդ հատվածում հիմնական քննարկումները, որոնց Հայաստանը չի մասնակցում, ծավալվում են հաղորդակցության միջոցների, մասնավորաբար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցի շուրջը: «Միջանցքին» հավակնում են ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ, նույնիսկ, Ադրբեջանը՝ այն հաշվարկով, որպեսզի ճանապարհի նկատմամբ Ռուսաստանն ու Իրանը հսկողություն չունենան: Հայաստանի կարծիքը ոչ ոք չի էլ հարցնում, իսկ Խաղաղության խաչմերուկի «գնորդ», կարծես թե, չի գտնվում:

Ինչ վերաբերում է ՔՊ-ական բարձրաստիճան իշխանավորների վերը հիշատակված հակասական հայտարարություններին, դրանք ոչ այլ ինչ են, քան ուղղակի անզորության ճիչեր, վեց տարի շարունակ սխալ վարվող քաղաքականության տրամաբանական հետեւանք:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: