2018-ի իշխանափոխությունից առաջ, որը նույնիսկ գործող իշխանության ներկայացուցիչներն արդեն ամաչում են «հեղափոխություն» անվանել, հանրային-քաղաքական կյանքի գլխավոր դերակատարները, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» ներկայուցիչներն էին դարձել: Դա պայմանավորված էր նրանով, որ իշխող ու ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքական գործիչներն այլևս հանրային վստահություն չէին վայելում:
2018-ից առաջ Հայաստանի քաղաքական համակարգը ևս վարկաբեկված էր: Արդար ընտրությունների հանդեպ հանրային անվստահության պայմաններում նրանց նկատմամբ այլ վերաբերմունք դժվար էր սպասել (եթե հանրության մոտ խորքային համոզմունք կար, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել, ապա որն էր քաղաքական կուսակցությունների գոյության իմաստը):
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, իրավապաշտպանները, բնապահպանները սկսեցին լրացնել այդ բացը: Պատահական չէր, որ փողոցից համալրվող՝ իշխանության եկած կուսակցությունն անվանվեց «Քաղաքացիական պայմանագիր»:
«Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույնն է՝ չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ ու անկողմնակալ:
Մի կողմ թողնենք այն խնդիրը, որ նրանք հիմնականում ֆինանսավորվում էին արևմտյան դրամաշնորհներով, և, բնականաբար, ունեին որոշակի պարտավորություններ: Այստեղ խնդիրն ավելի հիմնարար է: Ցանկացած քաղաքագիտական կամ հասարակագիտական հանրագիտարաններում կարելի է գտնել քաղաքացիական հասարակության ընդունված բնութագիրը. քաղաքացիական հասարակությունը քաղաքացիների այն հանրույթն է, որը հեռու է իշխանության լծակներից, պաշտպանված է պետական ու իշխանական մարմինների անմիջական միջամտությունից, նրանց կամայական կարգավորումներից, ինչպես նաև այլ արտաքին՝ քաղաքական ու բիզնես ազդեցությունից: Պարզ ասած՝ նրանք իշխանության առջև հանրության շահերն ու պատկերացումներն են ներկայացնում:
2018 թվականին տեղի ունեցավ այն, ինչն անխուսափելի էր․ փլուզված քաղաքական դաշտը սկսեց համալրվել հենց «քաղաքացիական հասարակության» կադրերով, այսինքն՝ խախտվեցին քաղաքացիական հասարակության՝ վերը ներկայացված բոլոր սկզբունքները: Իրավապաշտպանները, բնապահպանները, տարատեսակ իրավունքների պաշտպանները դարձան նախարարներ, պատգամավորներ, տեղական իշխանության ղեկավարներ՝ որոշ դեպքերում դառնալով ավելի կոռումպացված և իրավական պետության սկզբունքները խախտելով ավելի բացահայտ ու ավելի կոպիտ եղանակներով, քան՝ իրենց նախկին կոլեգաները:
Արդյունքում քաղաքական համակարգն ինչպես փլուզված եղել է 2018-ի իշխանափոխությունից առաջ, նույն վիճակում է այսօր, իսկ «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը Հայաստանում վարկաբեկվել է: Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական ու արժեքային ճգնաժամի ցուցիչ է: