Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Խմբագրական

Ինչ ասել է՝ ապառազմականացում եւ ապազգայնականացում

Օգտվողների գնահատում. 5 / 5

գործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղգործուն աստղ
 

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսելու գլխավոր նպատակը, որի մասին ՌԴ-ն պաշտոնապես հայտարարել էր, Ուկրաինայի ապառազմականացումը (դեմիլիտարիզացիա) եւ ապազգայնականացումն է (դենացիֆիկացիա): Մինչ այդ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հոդված էր տպագրել, որտեղ պնդում է, թե Արեւմուտքը ցանկանում է Ուկրաինան դարձնել հակառուսաստան:

Թե որքանով Ռուսաստանին կհաջողվի իրականացնել վերոնշյալ նպատակը՝ կախված է մի շարք հանգամանքներից, սակայն հետաքրքրական այն է, որ իր պահանջներում Ռուսաստանը յուրօրինակ չէ. պարզապես հռչակել է այնպիսի նպատակներ ու գործելաոճ, որոնք պատմությունից լավ հայտնի են: Ուրեմն շատ չխորանանք պատմության խորխորատներում՝ նման բազում դեպքեր մատնանշելու համար, այլ սահմանափակվենք սոսկ ոչ վաղ անցյալի դեպքերով:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո դաշնակիցներն ապառազմականացման քաղաքականություն էին իրականացնում Գերմանիայում, ինչը հատկապես պնդում էր Ֆրանսիան: 1918-ին Գերմանիան ստորագրում է իր կապիտուլյացիան եւ Ֆրանսիայի պահանջով պարտավորվում մուծել 132 միլիարդ ոսկե մարկ ռազմատուգանք (կոնտրիբուցիա): Ընդամենը առաջին միլիարդը մուծելուց հետո Գերմանիայում սկսվում է մարկի արժեզրկում՝ ոչ ավել ոչ պակաս, քան 1.475 անգամ, եւ դա դեռ սկիզբն էր:

Գերմանիան հարկադրված գնում է աննախադեպ սահմանափակումների. կտրուկ կրճատում է բանակի անձնակազմը, ինչպես նաեւ ռազմական արտադրությունն ու սպառազինությունների տեսականին: Հաջորդ քայլով Ֆրանսիան ծրագրում է մասնատել Գերմանիան, այն բաժանել մի քանի պետությունների՝ չհաշված Էլզասն ու Լոթարինգիան, որոնք վերադարձրել էր իրեն: Արդյունքը գիտենք ինչ եղավ՝ ասպարեզ եկան Հիտլերն ու նացիոնալ-սոցիալիզմը:

Երկրորդ համաշխարհայինից հետո այդ քաղաքականությունը հարստացավ նոր տարրով՝ ապառազմականացմանն ավելացավ ապազգայնականությունը, որը հաղթող երկրները սկսեցին իրականացնել արդեն նաեւ Ճապոնիայի նկատմամբ:

Ապառազմականացման ինչ լինելը, կարծես թե, պարզեցինք, իսկ ի՞նչ ասել է՝ ապազգայնականացում: Դա ենթադրում է ուսումնական ձեռնարկներում կատարվող փոփոխություններ, կրթական բարենորոգչություններ, հոգեւոր-մշակութային արժեքների, ազգային քարոզչության վերանայում եւ այլն: Սա իր հերթին նշանակում է անցյալի գիրկն ուղարկել պատմության հերոսական դրվագներն ու երբեմնի փառաբանված հերոսներին, որոնք բոլոր ժամանակների սերունդների հպարտությունն են միշտ եղել, խստացնել օրենսդրությունը ազգայնական մտքերի, ուսումնասիրությունների, քարոզչության դեմ: Հետաքրքրվողները կարող են բազմաթիվ նյութեր գտնել այդ քաղաքականությանը բնորոշ հասկացությունների մասին:

Նկարագրվածից շատ բաներ, որոնք ամփոփված են ընդամենը երկու բառեզրի (ապառազմականացում եւ ապազգայնականացում) ներքո, ինչպես նկատեցիք, բնութագրական են նաեւ ՀՀ կառավարության վարած քաղաքականության համար: Մենք տվյալներ չունենք պնդելու, որ Հայաստանը կապիտալյուցիա է ստորագրել Ադրբեջանի առջեւ, սակայն վարվող քաղաքականությունը հենց այդ մասին է խոսում եւ բոլոր նախանշանները, կարծես թե, դրա մասին են վկայում: Եվ չպետք է զարմանալ, եթե հետագայում պարզվի, որ Ադրբեջանի հանդեպ Հայաստանն իսկապես ինչ-ինչ պարտավորություններ է ստանձնել:

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել բանակի քայքայման, ոստիկանական ուժերի ամրապնդման, ավանդական ինստիտուտների կազմալուծման, անցյալի հերոսների հեղինակազրկման, պատմության աղավաղման փաստերը, դասագրքերի, կրթական համակարգի բարեփոխումների անվան տակ գեներացվող պարտվողականության քարոզը, պետության ու պետականության թուլացմանը միտված բազմաթիվ այլ գործընթացները, ինչի ականատեսն ենք գրեթե ամեն օր: Ադրբեջանը քայլ առ քայլ մեր առջեւ դնում է այն նույն պահանջները, որոնք ժամանակին դրվել են Գերմանիայի ու Ճապոնիայի առջեւ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: