Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ԱՄՆ առաջնորդությամբ նոր, միաբեւեռ աշխարհակարգ ձեւավորվեց, շատերը գրեթե հրաշքի սպասումներով էին համակվել: Մտածում էին, որ այն երկարաժամկետ կտրվածքով կվերափոխի աշխարհը, միջազգային հարաբերությունների որակը, կկառուցվեն մարդու իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգեր եւ պետություններ՝ անձեռնմխելի սահմաններով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքով, միջազգային իրավական ատյաններում միջպետական վեճերի երաշխավորված լուծումների գործիքակազմով:
Նոր աշխարհակարգը նոր պատկերացումներ բերեց եւ նոր հույսեր արթնացրեց մարդկանց մտքերում ու սրտերում: Ըստ այդմ՝ ցեղասպանությունները, բռնի տեղահանություններն ու էթնիկ զտումները, ահաբեկչություններն ու տարատեսակ բռնարարքները այլեւս մնացել են հին, բարբարոս ժամանակներում եւ դրանց հետայսու փոխարինելու են Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների միջազգային կոնվենցիաները: Վրա է հասել մի շրջափուլ, որի մասին երազում էին ուտուպիստները, իսկ «երկրային դրախտի» կենտրոնը Եվրոպական Միությունն էր, որին բոլորը ձգտում էին անդամագրվել:
Միայն ավելի սթափ դատող փոքրաթիվ մտածողներն էին զգուշացնում, որ այդ ամենը խաբկանք է: Ցավոք սրտի, հրաշք տեղի չունեցավ՝ իրատեսները ճիշտ էին: Դժվար է հիմա ասել, թե միջազգային կառույցներից որի հեղինակությունն է մնացել անսասան, իսկ մարդու իրավունքների ոտնահարման, էթնիկ զտումների ու այլ կարգի բռնությունների նոր ժամանակաշրջանի հիմքը դրվեց Արցախում եւ Գազայում: Առավել իրատեսները գտնում են, որ սա դեռ սկիզբն է, կան նաեւ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին հիմնավոր կանխատեսումներ:
Մինչ այդ, Հարավսլավիայի՝ 1990-ական թվականների դեպքերը, որոնք ուղեկցվում էին էթնիկ զտումներով ու ջարդերով, բացառություն էին համարվում, պատահական մի բան, որը չի կարող կրկնվել: Սակայն որոշ ժամանակ անց այն դարձավ օրինաչափություն եւ ամենամոտ ապագայում նմանատիպ դեպքերի մեկնարկի ազդանշան: Եվ եթե Հարավսլավիայի դեպքերին հաջորդել էին Հաագայի հայտնի դատավարությունները, որտեղ պատժում էին ջարդերի ու էթնիկ զտումների համար մեղավորներին, ապա այժմ նույնիսկ դա չկա:
Արցախի դեպքերը այսօր նույնությամբ կրկնվում են Գազայում: Այստեղ եւս, ինչպես Արցախում, բնակչությանը շրջափակման մեջ են առել, զրկում են հոսանքից, գազից, վառելանյութերից, սննդից ու առաջին անհրաժեշտության ապրանքներից, որից հետո տեղի են ունենում ուժային գործողություններ՝ իբր զինված խմբավորումների, բայց իրականում բնակիչների դեմ՝ տարածքը նրանցից մաքրելու դիտավորությամբ: Արցախում, այսպես կոչված, միջազգային հանրությունը ութ ամիս լռում էր, իսկ Գազայում ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրներն ուղղակիորեն աջակցում են Իսրայելին:
Ի՞նչ անուն տալ սրան: Այս ամենից բխող եզրահանգումը միանշանակ է՝ Երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված աշխարհակարգը կիսաքանդ վիճակում է, չեն գործում հայտարարված սկզբունքները՝ մարդու իրավունքերն ու ազատությունները այլեւս ուղենիշներ չեն, էթնիկ զտումների համար կարելի է տարբեր հիմնավորումներ բերել, միջազգային կառույցները վարկաբեկված են ու չեն կարողանում աշխատել, անգամ Հաագայի դատարանը անգործունակ է՝ թեկուզ խորհրդանշական իմաստով:
Այսպիսով՝ չկա աշխարհակարգ, չկան սկզբունքներ, կանոններ ու այդ կանոններն իրականացնող մարմիններ: Չկա նաեւ համաշխարհային գերիշխանություն: Մարդիկ անգամ երկբեւեռ աշխարհի մասին են սկսել երազել, որտեղ ինչ-որ որոշակիություն ու խաղի կանոններ կային: Այս առումով զարմանալի են ուշացած խոսակցությունները մարդու, ազգերի, պետությունների իրավունքների մասին, որոնց վրա ոմանք փորձում են քաղաքականություն կառուցել: