Հայաստանի գործող կառավարության արտաքին քաղաքականության մեխը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» է, որի կնքման խնդիրն է այսօր դրված հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին: Սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ չէ, որ բանակցություններ են վարվում, իսկ այն, ինչի շուրջ վարվում են բանակցությունները, դժվար է կոչել «խաղաղության պայմանագիր»:
Ի՞նչ է իրականում տեղի ունենում: Իշխանության քարոզչամեքենայի կողմից լավ փաթեթավորված եւ ասպարեզ նետված «խաղաղության դարաշրջան», «խաղաղության խաչմերուկ» եւ, իվերջո, «խաղաղության պայմանագիր» գայթակղիչ անվանումները շատերին մոլորության մեջ են գցում. այն տպավարությունն է, թե կառավարությունը փորձում է խաղաղություն բերել, բայց ընդդիմությունը պատերազմ է ուզում, որովհետեւ դեմ է «խաղաղության պայմանագրին»:
Այս պարզունակ, խաբկանքի վրա հիմնված քարոզչությունն ազդեցություն է գործում ապակողմնորոշված հանրության վրա, եւ չպետք է զարմանալ, որ կառավարության նկատմամբ հանրության վստահությունը հազիվ 20 տոկոսի սահմանում է, իսկ որեւէ ընդդիմադիր ուժի հանդեպ՝ լավագույն դեպքում մոտավորապես 5-10 տոկոս: Ընդ որում՝ այդ 5 տոկոսն էլ ոչ թե ընդդիմության օգտին, այլ՝ կառավարությանը դեմ ձայներն են: Սրանք օրերս անցկացված սոցհարցումներից քաղված հավաստի տվյալներ են: Անզեն աչքով էլ տեսանելի է, որ ընդդիմությունը Հայաստանի ապագայի մասին որեւէ հստակ առաջարկ կամ տեսլական հանությանը չի ներկայացնում: Ինչեւէ:
Հիմա կենտրոնանանք «խաղաղության պայմանագիր» անվանվող անորոշ երեւույթի վրա. ինչի՞ մասին է այն: Ըստ տրամաբանության, պայմանագրով պետք է վերջնականապես հստակեցվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եղած բոլոր կնճռոտ խնդիրները, որից հետո անցնել խաղաղ կյանքի՝ փոխադարձ այցելություններ տեղի ունենան, կառուցվեն տնտեսական հարաբերություններ, վերջ տրվի Ադրբեջանի ռազմականացմանը, կրճատվի բանակների թվաքանակը, հասարակություններում վերացվեն ատելության քարոզը, փոխադարձ թշնամանքը եւ այլն:
Այս տրամաբանության մեջ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր եւ անհնար քայլերը. թուլացվել է բանակը, ուժեղացվել ոստիկանությունը՝ սանձելու համար «ներքին թշնամիներին» եւ «ռեւանշիստներին»: Փոխվել ու փոխվում են դասագրքերը, ազգային խորհրդանիշները, տարվում է խաղաղության ու Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների քարոզ, իսկ Արցախի հարցում կառավարությունը գնում է, այսպես ասենք, լիակատար «զիջման»՝ մտահոգվելով միայն Հայաստանի եղած սահմանների անձեռնմխելիությամբ, որտեղ, այդուհանդերձ, դարձյալ կորուստներ ունենք:
Ադրբեջանին մնում է միայն ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջությունը, եւ վերջ: Սա է ՀՀ կառավարության միակ ակնկալիքն Ադրբեջանից եւ հույսը, որ Ադրբեջանը կընդունի այն՝ վերջնական խաղաղության հասնելու համար: Սակայն ճիշտ հակառակն ենք տեսնում՝ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը կատարի իր բոլոր պայմանները, բայց վերջինիս միակ պայմանն ինքը անտեսում է:
Միաժամանակ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ սահմագծման ու սահմանազատման հարցը չի ներառվելու պայմանագրում, այսինքն՝ Հայաստանի տարածքային անվտանգության խնդիրը թողնվում է ապագային՝ որպես առանձին քննարկման առարկա, ինչից պետք է եզրակացնել, որ այդ երկիրը տարածքային պահանջներ ունի ՀՀ-ից: Այսպիսի մի խառնակ իրադրությունում խոսել ինչ-որ «խաղաղության պայմանագրի» մասին՝ անլուրջ է, իրականում այդ փաստաթուղթը պետք է անվանվի Հայաստանի կապիտուլյացիայի (անձնատրության) վավերագիր: