Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Հարցազրույց

Էդգար Վարդանյան. «Իշխանության ներսում կայացվել է որոշում, եւ բոլորը ենթարկվում են այդ որոշմանը»

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 
Ներքաղաքական թեմաների շուրջ է մեր զրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

 Պարոն Վարդանյան, այժմ Հայաստանի ներքաղաքական ինտրիգը պտտվում է նախագահ, վարչապետ պաշտոնների նշանակման շուրջ: Ձեր գնահատականը առաջիկայում սպասվող իրադարձությունների շուրջ:

 Ամենահավանական, կանխատեսելի սցենարը, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, դա այն է, որ Արմեն Սարգսյանը կդառնա ՀՀ նախագահ, և հենց առաջին փուլով, այսինքն ՀՀԿ, ՀՅԴ նաև ամենայն հավանականությամբ «Ծառուկյան» Դաշինքի ձայներով։ Իսկ վարչապետի հետ կապված, իմ կարծիքով, ամենահավանական սցենարն այն է, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ և դա բնականաբար կարող է առաջացնել նաև որոշակի դժգոհություն հանրության ակտիվ հատվածի շրջանակներում, բայց արդյո՞ք այդ դժգոհությունը կհանգեցնի լուրջ ընդվզման, այդտեղ արդեն թերահավատորեն եմ տրամադրված: Իսկ գնահատականս հետեւյալն է, որ նոր կաղապարով հին համակարգի վերարտադրություն է տեղի ունենալու, որոշ կոսմետիկ բարեփոխումներ տեղի կունենան, բայց համակարգի էությունը այդ փոփոխությունների արդյունքում չի փոխվի, պետությունը չի դառնա ժողովրդավարական։

Այնուամենայնիվ, մենք գիտենք որ ոչ ժողովրդավարական ռեժիմները տարբերվում են միմյանցից եւ կարող է այսպիսի հարց առաջանալ՝ արդյո՞ք որոշակի մոդիֆիկացիաների կենթարկվի Հայաստամի ոչ ժողովրդավարական քաղաքական ռեժիմը։ Այստեղ շատ դժվար է միանշանակ գնահատականներ տալ. Վերջին շրջանում, կարծես թե, մի կողմից ուժեղանում է պետության պոտենցիալը (այս եզրի հեղինակը հայտնի մակրոսոցիոլոգ եւ քաղաքագետ Չարլզ Թիլլին է) այսինքն բարձրագույն իշխանության կողմից որոշակի խնդիրներ արդյունավետ կարգավորելու, հասարակական-քաղաքական հարաբերությունները վերահսկելու և որոշումներ կայացնելու կարողությունը կարծես թե մեծանում է, բյուրոկրատիան ավելի ուժեղանում է: Նաև ավելի կենտրոնաձիգ կառավարում է ձեւավորվում, տպավորություն կա, որ տարածքներ եւ ոլորտներ վերահսկող օլիգարխների ինքնավարության չափաբաժինը ավելի փոքրանում է:

Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ ըստ նոր սահմանադրության, պետության ղեկավարի գործառույթները, նրա քաղաքական դերը մի փոքր նվազում է, վարչապետին կարելի է շատ ավելի հեշտ պաշտոնից զրկել, ինչը նախագահի դեպքում շատ ավելի դժվար էր... նաև որոշ լիազորություններ կային, որ նախագահն ուներ, իսկ հիմա վարչապետը չի ունենալու: Նաեւ, տեսնում ենք, որ օլիգարխների ուժը չի պակասում, այսինքն թեեւ նրանց ինքնավարությունը ավելի սահմանափակվում է, բայց իրենք միևնույնն է, մնում են շատ ազդեցիկ ֆիգուրներ, մնում են որոշումների կայացման գործընթացում թեկուզ անուղակիորեն մասնակցող կարեւորագույն սուբյեկտներ։ Բայց մի բան կարելի է վստահ ասել, որ սեփական քաղաքական ամբիցիաներ ունեցող օլիգարխների նկատմամբ կարող է օգտագործվել պետական մեքենայի ողջ ներուժը եւ այդպիսի օրինակներ արդեն կան։  Հարկ է նաեւ նշել, որ գուցե գերօլիգարխներ ավելի քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն, բայց օլիգարխների քանակը կարող է ավելի աճել շնորհիվ բյուրոկրատիայի հզորացման, երբ հենց իշխանություն ունենալու, այլ ոչ թե բիզնեսով, այդ թվում ոչ օրինական բիզնեսով զբաղվելու արդյունքում են մարդիկ դառնալու օլիգարխ: Այդպիսի մարդկանց դիրքը բնութագրելու համար հունգարացի քաղաքագետ Բալինտ Մադյառը նույնիսկ հատուկ եզր է օգտագործում՝ պոլիգարխ, որը ստեղծվել է քաղաքական գործիչ (politic) եւ օլիգարխ բառերի միացության արդյունքում։  Մի խոսքով այստեղ բարդ կոնֆիգուրացիաներ կարող են լինել։

 Սպասվո՞ւմ է արդյոք բողոքի ալիք առաջիկա ապրիլից առաջ և հետո ու ի՞նչ վիճակում են գտնվում ընդդիմադիր քաղաքական ուժերն այս պահին:

 Մենք տեսանք, որ Ելքը, որպես խորհրդարանական ուժ նաև ցանկանում է խորհրդարանից դուրս իր դիրքերն ամրապնդել, հասկանալով, որ կա առիթ փողոցում որոշակի քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Հասկանալի է, որ եթե ինքը չզբաղվի դրանով, ապա վաղ, թե ուշ այլ քաղաքական ուժեր կզբաղվեն դրանով եւ առաջին պլան կմղվեն, եւ Ելքը որպես խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժ, որը վերջերս է ընդդիմության դաշտում համար առաջինը դարձել, նա բնականաբար ցանկանում է պահպանել եւ ավելի ամրապնդել այդ դիրքը ու չի ցանկանում բնականաբար բաց թողնել հնարավորությունը «փողոցում» քաղաքական գործունեություն ծավալելու համար: Բացի Ելքից, իհարկե այստեղ կան նաև արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որոնք նույնպես կարող են ինչ-որ հարմար պահի դուրս գալ փողոց, թեկուզեւ զուգահեռ, կարող են կազմակերպել բողոքի ակցիաներ: Բայց, անկեղծ ասած մի փոքր թերահավատ եմ այն առումով, որ բողոքը կլինի շատ ուժգին, կվերածվի շատ լուրջ քաղաքացիական դիմադրության շարժման, որովհետեւ իշխանությունների դիրքերն այս պահի դրությամբ այդքան էլ թույլ չեն, իշխանությունները տիրապետում են իրավիճակին, նրանք բարելավում են հարաբերություններն Արևմուտքի հետ, որոշակի զիջումներ են անում, նաև պոպուլիստական քաղաքականություն են վարում, հանրության հետ աշխատանք են տանում, որպեսզի նվազեցնեն բողոքը։ Մյուս կողմից էլ ընդդիմությունը չի գտնում արդյունավետ պայքարի մեխանիզմներ, չի երեւում, որ ընդդիմադիր տարբեր քաղաքական խմբեր խորությամբ վերանայել են իրենց մոտեցումները, իրենց անցյալը, այո, երեւում է, որ որոշակի փնտրտուք կա, բայց չի երեւում, արդյո՞ք այդ փնտրտուքը հանգեցրել է ինչ-որ լուրջ ձեռքբերումների: Հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում հոգնածություն է զգացվում հանրության տարբեր շերտերում պայքարի առումով, նաև անվստահություն կա քաղաքական ու քաղաքացիական տարբեր խմբերի նկատմամբ, այս ամենը բնականաբար պետք է հաղթահարվի, որպեսզի մենք ակնկալենք լուրջ բողոքի շարժում ու չեմ կարծում, որ այդ ամենը դեռեւս հաղթահարվել է ու այստեղ ընդդիմադիր քաղաքական եւ քաղաքացիական խմբերը կարիք ունեն լուրջ աշխատանք տանելու։

 Ինչպիսի՞ կոնսոլիդացիա կա ձեւավորված այժմ Սերժ Սարգսյանի շուրջ, թե արտաքին, թե ներքին առումներով եւ հնարավո՞ր են արդյոք ներիշխանական անհամաձայնություններ վարչապետության հարցում:

Վերջին զարգացումները կարծես թե ցույց են տալիս, որ իշխող քաղաքական վերնախավը փորձում է խորացնել հարաբերությունները Արեւմուտքի հետ, ակնկալելով առաջին հերթին ֆինանսական աջակցություն, քանի որ Ռուսաստանը չի կարողանում եւ միգուցե նաեւ չի ուզում ամբողջությամբ սպասարկել Հայաստանի քաղաքական վերնախավին, բավարարել նրա բոլոր կարիքները և այլն: Ամեն դեպքում, կարծում եմ, Կրեմլի համար Սերժ Սարգսյանը լիովին ընդունելի է։

Չեմ կարծում, որ վարչապետության հարցում իշխող վերնախավի ներսում կարող են լուրջ խնդիրներ լինել: Իշխող քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ մի քանի անգամ նշել են, որ իրենք Սերժ Սարգսյանին են պատկերացնում վարչապետի պաշտոնում, նա անփոխարինելի է, նա քաղաքական ընտանիքի հայրն է, եւ այլն, դրանով ցույց են տվել, որ փաստացի հրապարակայնացնում են կայացված որոշումը եւ դրան չի կարող լինել ընդդիմություն։ Որեւէ մեկը դրան հակառակ բան չի ասում. դա նշանակում է, որ ներսում, նույնիսկ տարբեր խնդիրների առկայության պարագայում, այնուամենայնիվ կայացվել է որոշում ու բոլորն էլ ենթարկվում են այդ որոշմանը, իշխող քաղաքական վերնախավի բնույթն այնպիսին է, որ եթե վերջնական կոնսենսուսի չգան (կոնսեսնսուսը, բնականաբար ոչ ժողովրդավար մեթոդներով է ձեռք բերվում) եւ եթե ակնհայտ ֆրակցիաներ լինեն, իշխող քաղաքական վերնախավը շատ արագ կարող է տրոհվել եւ թուլանալ եւ արդյունքում կտուժեն նրա բոլոր ներկայացուցիչները: Անհամաձայնություն հայտնած մարդիկ ուղղակի հեռանում են իշխանության վերին օղակից եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Այստեղ հրապարակային լուրջ կոնֆլիկտներ չեն կարող լինել, որովհետեւ դա կնշանակի իսկապես այն, որ բոլորը կարող են իշխանությունը կորցնել եւ դա զսպիչ գործոն է հանդիսանում ու նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ստատուս քվոն պահպանվի: Եթե որոշվել է, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, ուրեմն՝ Սերժ Սարգսյանն է: Այլ բան, որ Սերժ Սարգսյանն ինքը չուզենա վարչապետ լինել, բայց դա կլինի մեծ անակնկալ։

 

 

Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: