Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024

Կենտրոնը մամուլում

Դա պիտի լինի հայկական քաղաքականության էությունը՝ բարդ վիճակ ստեղծել Ադրբեջանի համար (1in.am)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկը մեկնաբանություն է տվել tert.am-ին օգոստոսի 31-ին Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին՝ չհստակեցնելով, թե ո՞ր կողմն է պատասխանատու սահմանային գոտում մշտադիտարկմանը խոչընդոտելու համար:

Այդ օրը, հիշեցնենք, ԵԱՀԿ-ի դիտորդական խումբը մոնիթորինգ պիտի անցկացներ հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի հատվածում, սակայն ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հայտարարության՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել դիտորդական խմբի ուղղությամբ՝ փաստացի խոչընդոտելով դիտորդների գործունեությանը: Անդրադառնալով այս միջադեպին՝ դեսպան Կասպրշչիկը չի նշել պատասխանատու որևէ կողմի անուն, փոխարենը հայտարարել է, թե իրենք այդ պահին գտնվում էին գյուղի կենտրոնում և շրջապատված լինելով բլուրներով ու շենքերով՝ անկարող էին հաստատել, թե ո՞ր կողմից են գալիս կրակոցները և ովքեր են կրակողները:

Կասպրշչիկի նման մոտեցումը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը բացատրում է առաջին հերթին այն հանգամանքով, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները «անկողմնակալ» և «հավասարակշռված» գնահատականներով պարզապես ազատում են իրենց ավելորդ գլխացավանքից: Մինչ այդ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը փորձեց «ձեռքերը լվանալ» այս միջադեպից: Մյուս պատճառը, քաղաքագետի կարծիքով` հայկական դիվանագիտության թուլությունն է:

«Եթե Ադրբեջանը կրակել է, ու դա հստակ նշվի, արդեն երևույթ է դառնում, իսկ այդ երկկողմանի «հավասարակշռված» գնահատականները գլխացավանք չեն ստեղծում: Սովորաբար այս կամ այն պաշտոնյայի հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացնում: Օրինակ՝ Հոգլանդի հայտարարությունն ալեկոծեց լրատվական դաշտերը թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում: Այդ պատճառով էլ խուսափում են նման գնահատականներից, որպեսզի խնդիր չստեղծվի իրենց համար, հատկապես որ հայկական կողմն էլ շատ հեշտ կուլ է տալիս նման բաները, մեծ նշանակություն չի տալիս, պրոբլեմ չի սարքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Եթե նման միջադեպերը շատ ավելի լուրջ լինեին Հայաստանի համար, դրանից հետո հայկական կողմն արտահայտեր հստակ դիրքորոշում և դրա հետ կապվեին քաղաքական դիվանագիտական գործընթացներ, այդ դեպքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցող միջազգային կառույցները համապատասխան վերաբերմունք ցույց կտային: Բայց քանի որ նման միջադեպերը էապես չեն ազդում Հայաստանի դիրքորոշման վրա, ԵԱՀԿ-ի պաշտոնյաները կամ Մինսկի խմբի համանախագահները նման խուսափողական գնահատականներ են տալիս:

«Ե՞րբ եք տեսել՝ Հայաստանը սկզբունքային ձևով պայմաններ դնի: Անընդհատ գանգատվում են, որ «Ադրբեջանը էս է անում, էն է անում»: Բայց դա քաղաքականություն չէ: Քաղաքականությունը դիրքորոշումն է՝ կապված այս կամ այն երևույթի հետ: Քանի դեռ նման միջադեպերն օգուտ են բերում Ադրբեջանին, նրանք շարունակելու են այդ քաղաքականությունը: Հայկական քաղաքականության էությունը դա պիտի լինի, որ նման միջադեպերը սկսեն վնասել Ադրբեջանին, ավելի բարդ վիճակ ստեղծել ադրբեջանական կողմի համար: Այդ ժամանակ Ադրբեջանը կմտածի՝ անի՞, թե՞ ոչ: Մինսկի խումբն էլ է տեսնում, որ հայկական կողմը հստակ քաղաքականություն չունի նման խնդիրների առնչությամբ, հետևաբար հավասարության նշան է դնում երկու կողմերի միջև, որ «ձեզ խելոք պահեք»:

ՌԱՀՀԿ-ի տնօրենն այս համատեքստում խիստ կարևոր է համարում պատասխանատվության բաղադրիչի ավելացումը կոնֆլիկտի կարգավորման գործընթացում և մասնավորապես 2016 թ. մայիսին Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրագործումը: Այս համաձայնությունների առանցքային կետերից մեկը շփման գծում մշտադիտարկման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրումն է:

«Ինչո՞ւ են այդքան խոսում այն մասին, որ պետք է կատարվեն Վիեննայի որոշումները սարքավորումներ տեղադրելու մասին. որովհետև դա շատ կարևոր քաղաքական քայլ կլինի: Դրա իմաստն այն է, որ պատասխանատվության խնդիր է մտնում: Պատասխանատվության խնդիրը կատակ բան չէ միջազգային քաղաքականության մեջ: Դա նշանակում է, որ խախտողը կարող է պատժվել: Դրա համար է Ադրբեջանը ատամներով պաշտպանում իրեն, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ նման տարրեր չմտնեն: Այդ պատճառով այս ամենը շատ լուրջ է: Անգամ գնահատական տալը, ասելը, թե ով է խախտել հրադադարը, ահագին բան է փոխում: Եթե կողմերը չեն կարևորում այս խնդիրը, ինչո՞ւ պիտի ԵԱՀԿ-ն իր վրա պատասխանատվություն վերցնի նման փոփոխություններ անելու: Դա կարող է անել միայն Հայաստանի Հանրապետությունը: Օրինակ, եթե Ադրբեջանը գեթ մեկ անգամ հայտարարի, որ իրենք ռազմական ճանապարհով կլուծեն խնդիրն այս կամ այն հանգամանքներում՝ Հայաստանի Հանրապետությունը պիտի հայտարարի, որ այլևս գոյություն չունի խաղաղ բանակցություն, Ադրբեջանը պիտի պարտավորվի անգամ նման հայտարարություն չանելու: Մինսկի խմբի կողմից հնչեցված կարգավորման բանաձևը կոչվում է «խաղաղ լուծման բանաձև»: Կարգավորման բոլոր տարրերը հիմնվում են մեկ պայմանի վրա՝ կողմերը հրաժարվում են ուժի կիրառումից կամ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից: Եթե չեն հրաժարվում, այդ դեպքում այդ 6 կետերը գոյություն չունեն: Մի անգամ Լավրովը պարզ ու հստակ ասել է դրա մասին, որ այո, տարածքների խնդիր է շոշափվում, բայց այդ ամենը հնարավոր է միայն խաղաղ կարգավորման դեպքում: Ադրբեջանը այս ֆոնի վրա հայտարարում է, թե «ես զենք կկիրառեմ»: Նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևից: Իսկ եթե կողմերից որևէ մեկը չի հրաժարվում ռազմական լուծումից և հայտարարում է դրա մասին, ապա Մադրիդյան սկզբունքների մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է: Այդ հայտարարությունները պիտի թանկ նստեն Ադրբեջանի վրա: Ես չեմ տեսնում հստակ ստրատեգիա Հայաստանի կողմից՝ ուղղված Ադրբեջանի այս քաղաքականության չեզոքացմանը, դրա համար էլ կարծում եմ, որ այս ամենը հայկական դիվանագիտության տկարության արդյունքն է: Գիտեն՝ Հայաստանը սկզբունք չունի: Ամեն ինչ մոռանալու է: Այդպես էլ վերաբերվում են մեզ»,- նշեց Մանվել Սարգսյանը:

http://www.1in.am/2203221.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: