Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Կենտրոնը մամուլում

Սերժ Սարգսյանը ճիշտ կանի հեռանա. Նրա դարաշրջանն ավարտվել է (Lragir.am)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, հունվարի մեկից սկսված թանկացումների ալիքը կհանգեցնի՞ սոցիալական բունտի՝ հաշվի առնելով, որ վաղուց քաղաքացիական շարժումներ չեն լինում այս կամ այն խնդրի վերաբերյալ։

Ամենաահավոր բանը հենց վառելիքի թանկացումն է, քանի որ դա միանգամից իր հետևից բերում է կոլապս տրանսպորտում։ Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարի փորձ հանրությունն արդեն ունի, թե ինչպես պետք է պայքարի։ Բնական է, որ իշխանությունները պետք է արդեն հիմա մտածեն, թե ինչ պետք է անել, որովհետև հարցը միայն տրանսպորտը չէ, տրանսպորտի թանկացման հետևանքով թանկանում է նաև բեռնատար տրանսպորտը, ինչը ազդում է արդեն բոլոր ապրանքների վրա՝ այդ թվում սննդամթերքի։ Մյուս կողմից« մեր աչքի առջև է Իրանի օրինակը, որտեղ  ժողովրդին հասցրին բունտի։ Բունտը, ընդհանրապես, վատ բան է և արդյունք է քաղաքական պրոցեսի բացակայության։ Երբ գոյություն չունեն քաղաքական ուժեր, ձևակերպված խնդիրներ, երբ ի վիճակի չեն ստեղծել քաղաքացիական շարժում հստակ օրակարգով,  դա հանգեցնում է բունտի։ 2011 թվականին բոլորս հիշում ենք, թե ինչպես բանը հասավ բունտի Ղրղըզստանում, երբ բոլոր գյուղերից սկսած մինչև մայրաքաղաք, բոլորը դուրս եկան ու ջարդուփշուր արեցին երկիրը։ Այդ ժամանակ որևէ մեկին որևէ քաղաքական խնդիր կամ պահանջ արդեն չէր հետաքրքրում, ժողովուրդն արդեն պահանջ չի դնում։ Բունտը հենց դա է, երբ պահանջներ չեն դնում, ուղղակի վեր են կենում ու սրբում ամեն ինչ։ Իրանում էլ, ցավոք, տեղի ունեցավ նման բան, որը զարգացում չունեցավ։ Քաղաքական պահանջը մի բան է, բունտը մեկ այլ բան։ Այնպես որ, մեր նման երկրներում ինչ ասես հնարավոր է։

Վերջին տարիներին բողոքի վերջին մեծ ալիքը եղավ էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում, որից հետո շատ թանկացումներ են եղել, շատ խնդիրներ են եղել, բայց հասարակությունը ոտքի չի կանգնել։ Այս դեպքում դա որքանո՞վ է հնարավոր։

«Էլեկտրիկ Երևանը» 2015 թվականին է եղել, որը բավական լուրջ երևույթ էր, բայց 2016 թվականին տեսանք տոտալ ճգնաժամ, թե անվտանգության խնդրում՝ պատերազմ եղավ, թե դրանից հետո «Սասնա ծռերի» գործողությունը եղավ։ Դա, բնականաբար, ցույց է տալիս, որ այս համակարգն արդեն սպառել է իրեն, ու իրենք էլ հասկացել են, որ սա վերջն է։ Դրանից հետո եղան քայլեր, կառավարությունը ցրեցին, որոշ սաշիկներ կորան տեսադաշտից, բերեցին նոր կառավարություն, որը մեղմացրեց վիճակը։ Բացի այդ, բանակում էլ 6-7 գեներալներ հեռացվեցին, այսինքն՝ սկսեցին արվել քայլեր, որոնք ինչ-որ տեղ սպասելիքներ էին առաջացնում հասարակության մեջ։ Դա է պատճառը, որ ինչ-որ տեղ ակտիվություն չի ցուցաբերվում։ Էլ չեմ ասում, որ անվտանգության խնդրի ակտուալացում եղավ, իշխանությունները հնարավորություն ստացան շահարկել այդ հարցը, դեմագոգիա անել, թե բանակում ռեֆորմ են անում, ազգ-բանակ են ստեղծում։ Այդ ամենը ազդում է հասարակական տրամադրությունների վրա, բայց դրա ռեսուրսն էլ է վերջացել, մանավանդ անթույլատրելի է, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը գալիս հայտարարում է, որ այս երկրի թիվ մեկ խնդիրը ստվերն է ու մեկ տարի հետո պարզվում է, որ այդ ստվերից կես տոկոս էլ չի կրճատվել։ Կամ գալիս բենզինը էժանացնում է, հետո գները վերադառնում են իրենց դիրքերին ու հիմա էլ նորից թանկանում է։ Սա ժողովրդի համար ոչ հաճելի երևույթ է և խաբեության ու կասկածի տեղիք է տալիս։Իմիջիայլոց, բունտերը հոգեբանական տեսակետից հասունանում են ոչ միայն ծանր իրավիճակից, դա պարտադիր չէ։ Դա կարող է բռնկվել բացահայտ ստից։ Երբ բացահայտվում է իշխանության սուտը, հիմնականում այդ երկրներում է սկսվել բունտ։ Ընդհանրապես, հասարակությունն այսպես թե այնպես ինչ-որ ծանր իրավիճակների դիմանում է, եթե գիտի, որ ինչ-որ քայլեր են արվում։ Հիմա Հայաստանում էլ մոտավորապես այդպիսի մի վիճակ է, որտեղ Սերժ Սարգսյանն ապագայի մասին իր հեքիաթներով փորձում է կերակրել հասարակությանը։ Դա էլ է ազդում մարդկանց վրա, որ իրենց լրիվ հիմարի տեղ են դնում։

Պարոն Սարգսյան, մինչև հիմա հասարակությանը հուզող կարևոր խնդիրները քաղաքացիական խմբերն են ոտքի հանել, այս անգամ քաղաքական ուժերից մեկը՝ «Ելքն» է թանկացումների դեմ երթ կազմակերպել։ Որքանո՞վ նրանք կհաջողեն, որքանո՞վ է հավանական, որ այլ ուժեր ևս կմիանան։ Մոբիլիզացիայի ակնկալիք կա՞։

Հայաստանում վաղուց արդեն որևէ քաղաքական կուսակցության կողմից որևէ համախմբման հասարակությունը չի հավատում։ Կուսակցություններն այս նույն պրոցեսի մեջ այն աստիճանի են արժեզրկվել, կորցրել իրենց ազդեցությունը, որ մեծ հույսեր կապել չարժե։ Ես չեմ ուզում բոլորին սևացնել, բայց կյանքը ցույց է տվել, որ կուսակցական ձևաչափը երբեք իրեն չի արդարացրել։ Մինչև հիմա բոլորը տեսել են, որ ժողովուրդը եթե անգամ ոտքի է ելել, հետո հանկարծակի ինչ-որ հարաբերություններ են ստեղծվում ժողովրդի թիկունքում իշխանությունների հետ, պայքարը վիժեցվում է և այլն։ Դրա համար հիմա հասարակության մեջ կուսակցությունների հանդեպ թերահավատությունը շատ մեծ է։ Պատահական չէ, որ այսքան տարիներին ինչքան մեղքեր գործել էին կուսակցությունները, ամբողջը թափվեց «Ելք»-ի վրա։ Էդ մարդիկ կարողացան ինչ-որ ձայներ ստանալ, մտել խորհրդարան ու հիմա շատերը հայտարարում են, թե ձեզ չենք հավատում, ծախվել եք և այլն։ Բնական է, որ այդ զայրույթը բոլորին է սկսում վերաբերել։

Այդուհանդերձ, այս տարի բուռն իրադարձություններ են սպասվում՝ հաշվի առնելով նաև ապրիլին սպասվող զարգացումները։

Ապրիլին Սերժ Սարգսյանը ճիշտ կանի հեռանա, որովհետև թե արտաքին, թե ներքին խնդիրներում անմխիթար վիճակ է։ Նրա դարաշրջանն ավարտվել է, ինքը պետք է հասկանա, որ իր գործունեությունը 2016 թվականի ճգնաժամին է բերել։ Երբ արդեն նրա մոտեցումները հնացել են, կախվել իրավիճակից, ասել՝ սա եմ անում, նա եմ անում, ուղղակի ողորմելի վիճակ է։ Իհարկե, եթե հեռանա, հնարավոր է ինչ-որ հնարավորություններ լինեն ինչ-որ ձևով ուժերը մոբիլիզացնել և փորձել առաջ գնալ։ Իսկ եթե ուզում է կախվի իշխանությունից, ինչպես կա, այդպես էլ մնալու է։

Կարեն Կարապետյանի արձակուրդ մեկնելուց հետո Սերժ Սարգսյանը թանկացումների հարցով խորհրդակցություն հրավիրեց և նշեց՝ պետք է պարզել՝ ինչ-որ մեկի ագահության արդյո՞ւնք է, թե՞ իսկապես անհնար է զսպել գնաճը։

Դրանք բոլորը թատրոններ են, ուզում է ցույց տալ, որ տեսեք, ես այստեղ դերակատար եմ, գործ անող եմ, անփոխարինելի եմ։ Այդ հայտարարությունները նույն տրամաբանության մեջ են։

Այսինքն՝ հնարավոր է թանկացումները զսպվեն իշխանության կողմից դիվիդենդներ շահելու համա՞ր։

Իհարկե, առաջին օրը չէ, որ մենք տեսնում ենք դա։ Այդ մարդկանց ոճն այնքան պարզ է, ուղղակի իրենք հույս ունեն, որ այս անգամ էլ իրենց ուզածը կանցնի։ Մարդիկ ամեն ինչ տեսնում են, արհամարհում են, ծիծաղում են, դատապարտում են, բայց մեկ է՝ իշխանություններն անում են այն հույսով, որ էս անգամ էլ կանցնի։

Ի մի բերելով ասվածը, կարո՞ղ ենք ասել, որ անկանխատեսելի զարգացումները չեն բացառվում։

Այս վիճակում կանխատեսում անելն անիմաստ բան է։ Մինչև դուք այս վիճակը գրանցեք, վաղը կարող են այնպիսի փոփոխություններ լինել աշխարհում, որ չեք էլ պատկերացնում։ Փոփոխությունների դարում ենք ապրում, երկրներ են փլուզվում, ինքնորոշման հարցեր են բարձրացվում, ու այս վիճակում անիմաստ բան է որևէ բան բացառելը կամ կանխատեսելը։ Հովիկ Աբրահամյանը շատ գիտե՞ր, որ թռնելու է իր տեղից։ Մի առավոտ արթնացավ, տեսավ՝ ամեն բան ավարտվել է։ Նույնը Լիսկան ու մյուսները։ Այդ մարդկանց թվում էր, թե իրենք հավերժ են, դեռ 20 տարի առաջ պլանավորում էին իրենց գործերը, բայց մեկ էլ հայտնվեցին փողոցում։ Մի օր էլ կարող է տեսնենք՝ Հովիկ Աբրահամյանը վերնիսաժում նստած արևածաղիկ է ծախում։ Սա խժռող մեքենա է։ Պատահական չէ, որ որպես անեծք ասում են՝ ապրես փոփոխությունների դարաշրջանում:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: