Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Կենտրոնը մամուլում

Շարունակելով աննպատակ բանակցությունները՝ մարդկանց թվում է, թե դա փրկում է պատերազմից (Lragir.am)

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, նախօրեին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի կարող քննարկվել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, և որ կառավարությունը Արցախի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել, և որևէ զուգահեռ գտնելու փորձերը կատարյալ մոլորություն է: Ձեր կարծիքով՝ իսկապե՞ս կառավարությունը տարբերվող քաղաքականություն է վարում Արցախի հարցում:

Հունվարի 28-ին Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները, նաև Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, նաև այն, որ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է վարչապետի մամուլի խոսնակ, բնական է, խառնաշփոթ են ստեղծել: Անհասկանալի է, որևէ հարցի որևէ հստակ պատասխան գոյություն չունի: Այդ հակասությունները, որի մասին Վիտալի Բալասանյանն է հայտարարել, բնական է՝ պետք է բերեին հստակեցման: Թե հիմա ինչ քաղաքականություն է, ինչ ունենք, բոլոր իրենց զրույցները վկայում են, որ այս մարդիկ ուղղակի որևէ քաղաքական ստրատեգիա չունեն, որևէ հարցերի չեն կարողանում պատասխանել։ Հիմա Փաշինյանը փորձել է պարզություն մտցնել և այդ ձևով է մտցրել, որ իրենք չեն շարունակելու նախկինում եղած մոտեցումները։ Իսկ թե ինչ է սա նշանակում, դարձյալ պետք է փորձենք հստակ պարզել։ Ի վերջո, լոզունգներով չէ: Լոզունգներ են, որ բանակցությունների այլընտրանքը կատաստրոֆա է, այսինքն՝ շարունակելով որևէ նպատակ չհետապնդող բանակցությունները՝ մարդկանց թվում է, թե դա փրկում է պատերազմից։ Մենք դա տեսել ենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում, երբ աննպատակ, սպեկուլյատիվ բանակցությունները հանգեցրին պատերազմի։ Եվ հիմա երևի թե փորձում են ձևեր գտնել, բայց սա ոչ մի բան չի նշանակում, պետք է պարզ և հստակ ստրատեգիա ունենալ։

Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի դեպքում 25 տարի հստակ տեսնում ենք այդ երկրի ստրատեգիան, որն իրականացնում է։ Հայաստանից բացի սպեկուլյատիվ կարգախոսներից, որևէ բան չենք տեսնում։ Փորձում են կարգախոսներով կերակրել։ Բայց վերջացել է Հայաստանում կարգախոսներով կերակրելու ժամանակը։ Պետք է պարզ և հստակ ստրատեգիա ունենալ և անել։ Կարծում եմ՝ Փաշինյանը ունի այդ ունակությունները, որ անի, որովհետև շատ էական բաներ ասել է, որ բանակցային գործընթացում ներկայացնում է և կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, և չի կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ այնտեղի քաղաքացիներն իրեն վարչապետ չեն ընտրել։ Հիմա թող ասի, թե ինչի մասին է խոսքը, թեման ո՞րն է, ՀՀ պատասխանատվությունը ո՞րն է բանակցային պրոցեսում, ի՞նչ գործ ունի ՀՀ-ն Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքում գոյություն ունեցող խնդիրների հետ, ի՞նչ կապ ունի Հայաստանը մադրիդյան սկզբունքների հետ, որովհետև դրանք վերաբերում են Արցախի և Ադրբեջանի Հանրապետություններին։ Եվ այս բոլոր հարցերի պատասխանը նա պետք է տա, իսկ հանրությունը պետք է հետևի, տեսնի՝ ինչ է կատարվում, թե իրենք ինչ նպատակ ունեն բանակցություններին մասնակցելու։

Սա շատ էական հանգամանք է, որովհետև մենք գիտենք, թե ինչ նպատակ ունի Ադրբեջանը: Ադրբեջանը հենց այնպես չի բանակցում, ամեն մի հանդիպման մեջ պարզ և հստակ խնդիրներ է դնում։ Օրինակ՝ Վիեննայի օրակարգը ջրել, Ղարաբաղի մասնակցության օրակարգը ջրել, դիվանագիտական պրոցեսներում ամեն ինչ վերադարձնել մինչև 2016 թվականի վիճակը, փորձել վերականգնել իրենց ռազմական դիվանագիտությունը, որը սպառվել է և հիմա աշխատում է իրենց դեմ։ Մարդիկ գիտեն՝ ինչ են անում և պարզ խոսում են, որ ուզում են փոփոխություններ մտցնել ի վնաս մեզ: Մենք կարողացել ենք չեզոքացնել, մենք թույլ չենք տալու, որևէ մեկը այստեղ փոփոխություն չի մտցնելու։ Մարդիկ կամ անում են, կամ խոսում են։ Սերժ Սարգսյանին Ժնևում շատ հեշտ և հանգիստ լռեցրել էին Վիեննայի պայմանավորվածությունների մասով, և պետք է պարզենք, թե ինչպես է մարդը հետ կանգնել այդ ֆունդամենտալ պահանջից, որը դրվել էր Վիեննայում։ Նույնն էլ սրանք են՝ շատ հանգիստ լռել են՝ բա գիտեք Դուշանբեում բան ենք պայմանավորվել:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից. դրան ավելացել է Դուշանբեն։

Ինչ է ավելացել և ինչի շնորհիվ։ Դուշանբեում Ալիևը պետք է ասեր՝ դե լավ էլի, եկեք լռենք Վիեննայի պահանջների մասին, դե չենք կրակի, սահմանապահ զորքեր կբերեմ, սա կանեմ, նա կանեմ: Սրանք էլ ասում են հա՝ չհասկանալով՝ ինչ է նշանակում Վիեննայի պահանջը, որը դրել է Միացյալ Նահանգները։ Կես կոպեկով Սերժ Սարգսյանը դա վաճառել էր, հիմա այս մարդիկ էլ են ուզում նույնը անել՝ չհասկանալով, որ դիվանագիտական պրոցեսի մեջ Միացյալ Նահանգները մտցրել է զինադադարը խախտելու դիմաց պատասխանատվության խնդիր։ Սա Ադրբեջանի քաղաքականության մահն է։ Սրանք շատ լուրջ հարցեր են և պետք է դրվեն քննարկման։ Հիմա մարդիկ եզրակացություն են անելու, որ իրենց կողմից հռչակած նոր Հայաստանում են ապրում, պետք է եզրակացություն անել, որ անցել են ՀՀՇ-ի ժամանակները, սերժիկների, ռոբիկների ժամանակները վաղուց անցել և հիմա այլևս հնարավոր չէ անել այն, ինչ հնարավոր էր այն ժամանակ անել։

Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական փոխօգնության դաշինք կնքելու անհրաժեշտության կա՞։ Քառոօրյա պատերազմից հետո խոսում էին այսպիսի դաշինքի անհրաժեշտության մասին, բայց այն միս ու արյուն չստացավ։ Որքանո՞վ է այն կարևոր և որքանո՞վ կա այդպիսի անհրաժեշտություն։

Անհրաժեշտությունը իրավական կանոնավորում մտցնելն է: Եթե ՀՀ-ն հարաբերություններ ունի մի սուբյեկտի հետ, որին ոչ ճանաչում է, ոչ էլ Հայաստանի մաս է համարում, ապա պետք է կանոնավորել հարաբերությունները: Սա շատ կարևոր է, և տասնամյակներ շարունակվող չկանոնավորված վիճակը բերում է աֆյոռաների: Սկսում են վիճել, օրինակ, Քոչարյանն իրավունք ուներ ՀՀ նախագահ դառնալ, թե ոչ, և այլն: Եթե խնդիրը կանոնավորված չէ, ով ինչ ուզում անում է, և չեն ուզում կանոնավորել, որովհետև եթե չես կանոնավորել, ցանկացած պահի կարող ես ասել՝ կներեք, ես այսպիսի բան չեմ ասել, կներեք, որևէ բանի պատասխան չեմ տալիս, կներեք, ամայի տարածքներ են և այլն։ Հասկանում եք, մարդկանց այդ վիճակը դուր է գալիս։ Եվ ռազմաքաղաքական փոխօգնության դաշինքը այդ կանոնավորման քայլերից մեկն է լինելու։

Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի անունից, կարող է բանակցել միայն իր անունից:

Այս թեզը դեռ 25 տարի առաջ պետք է լիներ։ Հայաստանը պետք է ասեր՝ իմ Սահմանադրությամբ իմ սահմանները սրանք են, ես գործ չունեմ ԼՂՀ-ի հետ, այո դա մեր ազգային խնդիրն է, բայց ես որևէ պատասխանատվություն չունեմ ինչ-որ բաների համար: Բայց Հայաստանն ինչ է արել, Հայաստանի ուզուրպատորական իշխանությունները բոլոր իրավունքները վերցրել են իրենց, Ղարաբաղը ստրկացրել էին ու քշում էին առաջ: Հիմա եկել է մի ղեկավար, որ կարգախոսով ասում է՝ այդ մարդիկ ինձ չեն ընտրել, ես չեմ ներկայացնում նրանց: Բա դու ի՞նչ իրավունք ունես տարածքային խնդիրներ քննարկել քո տարածքից դուրս: Դու քո հանրապետության խնդիրները կարող ես քննարկել, քո ի՞նչ գործն է, թե Արցախի ու Ադրբեջանի միջև փախստականներ են եղել, տարածքների խնդիրներ ունեն: Դա իրենց է վերաբերում, դու ինչո՞ւ ես քննարկում: Այ էդպես քննարկելով բերել հասցրել են էս օրին, խառնաշփոթ ու անորոշություն են ստեղծել միջազգային հանրության հետ, որ մարդիկ նույնիսկ չեն կարողանում հասկանալ, թե դուք ով եք: Այսպիսի կուտակված ահռելի քանակի խնդիրներ կան: Կամ Փաշինյանը կօգտագործի իր զինանոցում այդ փաստարկները, կամ ամեն ինչ կմնա նույնը և որևէ բան չի փոխվի:

https://www.lragir.am/2019/01/31/413754/

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: