Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

11-18 հունվարի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։

Ինչպես հայտնվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում, Փաշինյանը ծաղկեպսակ է դրել ու ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

Երեսուն տարի է անցել այն դժնդակ օրերից, երբ Բաքվում` ազերի խաժամուժի ձեռքով, իրենց տներում, աշխատանքի վայրերում, փողոցում եւ այլուր սպանդի ենթարկվեցին կամ բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից հովանավորվող այդ վայրագություններից հետո ավելի քան 250 հազար հայազգի բնակչություն ունեցող քաղաքն իսպառ հայաթափվեց: Հայատյացությամբ հայտնի ադրբեջանցի պատմաբան Զիա Բունյաթովի տվյալներով` Բաքվում, ընդհանուր առմամբ, սպանվել է 9 հազար հայ, Սումգայիթում` 700 եւ այլն: Այսօր արդեն ոչ մի կասկած չկա, որ վերոնշյալ քաղաքներում հայերի նկատմամբ դաժանաբար իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ:

Իր հարցազրույցներից մեկում ադրբեջանահայ անվանի գրող, հրապարակախոս եւ թարգամանիչ Լեւոն Ադյանը հիշատակում է Բաքվում 1990-ի հունվարի 13-ի նախօրեին տիրող իրավիճակը, երբ ստացվող ահազանգերին ի պատասխան, թե այդ օրը հայերի ջարդ է նախատեսված, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը անհոգաբար ասել է. «Ոչի´նչ, ոչի´նչ, տղաները մի քիչ կթռվռան»: Ադյանի համոզմամբ` հայերի հերթական սպանդը կազմակերպել է Ադրբեջանի ազգայնական ու կուսակցական-կառավարական մաֆիան, որին խրախուսում էին Գորբաչովի հռչակած` վերակառուցման եւ բացախոսության քաղաքականության կրեմլյան հակառակորդները: Դրանում, ի դեպ, հատուկ դեր էր խաղում այդ օրերին Կրեմլից լքված եւ Նախիջեւանում հանգրվանած Հեյդար Ալիեւը: Նա հույս ուներ, որ Գորբաչովի համար անբարենպաստ իրադրություն կստեղծվի, եւ ինքն Ադրբեջանում դարձյալ կտիրանա իշխանությանը: Այդ վարկածը «Գորբաչովի կոնցեպցիան» գրքում հաստատել է հանրահայտ Ջորջ Սորոսը` նշելով, որ իրականությունից այնքան էլ հեռու չէ ենթադրությունը, թե Ադրբեջանում հայկական ջարդերը սադրել է տեղական մաֆիան` գործելով Ադրբեջանի ՊԱԿ-ի նախկին ղեկավար Հեյդար Ալիեւի ցուցումով: Եվ, վերջապես, շատերին է ծանոթ ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան Արիֆ Յունուսովի տեսակետը, որի պնդմամբ` «հայերի 1990 թվականի հունվարյան ջարդերը եւ «Սեւ հունվարը» կազմակերպվել էին  Հեյդար Ալիեւի հրահանգով, ինչը հետագայում նրան իշխանության հասցրեց»:

Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Շահումյանում, Գետաշենում, Մարաղայում եւ տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի մյուս հայահոծ բնակավայրերում տեղ գտած ցեղասպանական դեպքերից անցել է երեք տասնամյակ: Որո՞նք են տեղի ունեցածից մեր սերտած դասերը, ի՞նչ բացողումներ ու սայթաքումներ ենք թույլ տվել, որոնք շտկելու համար դեռ ուշ չէ: Առաջինը, որ ի սկզբանե մտահոգում էր Հայաստան բռնագաղթված ավելի քան 500 հազար ադրբեջանահայությանը, որի մի պատկառելի մասը հետագայում մեկնեց այլ երկրներ, հետեւյալն է. ինչո՞ւ հայերի բռնագաղթը միջագային հանրության կողմից իրավական գնահատական չստացավ: Չէ՞ որ դա մարդու ապրելու անկապտելի իրավունքի կոպտագույն խախտում է: Այս առումով ադրբեջանցի փախստականները, որոնք, ի տարբերություն հայերի, անարգել տեղափոխել էին իրենց ունեցվածքը եւ չէին տեսել բռնություններ, ավելի գերադասելի վիճակում են: Նրանց` նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը քննարկման առարկա է դարձել ՄԱԿ-ում, միջազգային այլ կառույցներում, մինչդեռ կես միլիոնից ավելի հայ բռնագաղթվածների մասին որեւէ բարձր ատյանում որեւէ բառ ցայսօր չի հնչել: Երկրորդ` ադրբեջանցիներն ի լուր աշխարհի, պատմություններ են հորինում, մտացածին կինոնկարներ ու դիտողական այլ նյութեր են տարածում Խոջալուի «ցեղասպանության» մասին, սակայն Մարաղայի սարսափազդու ողբերգության մասին ոչ ոք, բացի հայերից, չգիտի:

Այս եւ նմանօրինակ շատ այլ փաստեր լրջորեն խորհելու տեղիք են տալիս:

 

Նախորդ տարվա աղմկահարույց պարգեւատրումներից հետո, որոնք տեղ էին գտել, մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ), ԱԺ աշխատակազմում, Երեւանի քաղաքապետարանում, ուժային կառույցներում եւ մի շարք այլ ոլորտներում, իշխանություններն այդպես էլ չհրաժարվեցին հանրության դժգոհությունն առաջ բերած ինքնապարգեւատրումների արատավոր գործելակերպից: Ինչպես սպասվում էր, 2019-ի արդյունքներով նույնպես պետական համակարգում քաղաքական ու քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձինք ստացան բավական բարձր, երբեմն աշխատավարձի դրույքաչափը գերազանցող պարգեւավճարներ: «Առաջատարները» դարձյալ Ազգային ժողովը եւ Կառավարությունն են:

…Նախ` ներկայացնենք այդ առնչությամբ մի քանի թվեր, որոնք ինքնին բավական խոսուն են: Այսպես, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը միայն 2019-ի դեկտեմբերին ստացել է պարգեւավճար` 2 միլիոն 976 հազար 300 դրամի չափով: Նույն ամսում ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Վահե Էնֆիաջյանը որպես պարգեւավճար ստացել են յուրաքանչյուրը 2 միլիոն 222 հազար 304 դրամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը` 1 միլիոն 653 հազար 500 դրամ: Այսինքն` միայն դեկտեմբեր ամսում վերը նշված անձինք ստացել են 11 միլիոն 296 հազար 712 դրամ: Եթե այս ամենին հավելենք, որ 2019-ի ապրիլից սկսած` ԱԺ բոլոր պատգամավորներին ամսեամիս տրվում են պարգեւավճար` աշխատավարձի 30 տոկոսի չափով, պատկերը կամբողջանա: Միայն անհասկանալի է մնում, թե այդ ինչ «փայլուն» գործունեության համար են այդպես շռայլորեն խրախուսվում ԱԺ ղեկավարությունը եւ պատգամավորական անձնակազմը, որոնցից յուրաքանչյուրի հավելավճարը համազոր է միջին վիճակագրական աշխատողի մեկ-մեկուկես տարվա աշխատավարձին: Ինչպես կարելի է այդպես անգթորեն մսխել պետական միջոցները: Միգուցե առաջին հերթին հենց խորհրդարա՞նը նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Թերեւս:

Հիմա գանք Կառավարությանը` մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում ամենասկանդալային՝ Առողջապահության նախարարությանը, որտեղ, պարզվում է, 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների ընթացքում գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 65 միլիոն դրամ: Ամենամեծ չափով դրամական խրախուսման արժանացած պաշտոնյան, AntiFake.am-ի տեղեկացմամբ, նախարար Արսեն Թորոսյանն է, ով նախորդ տարվա 10 ամսվա հաշվով ստացել է 14.371.014 դրամ պարգեւավճար: Փոխնախարարներից Լենա Նանուշյանը եւ Անահիտ Ավանեսյանը նույն ժամանակահատվածի ընթացքում ստացել են մոտավորապես 9,5-ական միլիոն, իսկ Արտյոմ Սմբատյանը եւ Լեւոն Հակոբյանը` ավելի քան 7-ական միլիոն դրամ: Պարգեւավճարների արժանացած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը կարելի է շարունակել, բայց դրա անհրաժեշտությունը չկա, որովհետեւ թվերն ինքնին ամեն ինչ ասում են:

Ամփոփելով` կարող ենք միայն վստահեցնել, որ նույն կամ գրեթե նույն «ձեռագիրն» է Կառավարության մյուս բոլոր օղակներում, ինչպեսեւ Երեւանի քաղաքապետարանում, գլխավոր դատախազությունում, Ոստիկանությունում, բազմաթիվ մեծ ու փոքր կոլեկտիվներում: Պարգեւավճարի հասկացությունն, իհարկե, նորություն չէ: Այն միշտ էլ եղել է ու կմնա որպես աշխատանքի արտադրողականության եւ արդյունավետության խթանիչ: Պարզապես տվյալ դեպքում պարգեւավճարն իր նշանակությանը չի ծառայում: Հետաքրքիր մի փաստ. առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը, ով անցյալ տարվա մարտի 30-ին ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար, հասցրել էր ստանալ նույն ամսվա իր պարգեւավճարը` 1 միլիոն 124 հազար 430 դրամ: Տպավորություն է, թե երկրում ահռելի քանակության դրամական զանգված է կուտակվել, եւ իշխանությունները «կրակն են ընկել այդ փողի ձեռը», չգիտեն` ինչ անել: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն, որոնց հավաստիությանը չվստահելու հիմքեր չունենք, 2019 թվականին պարգեւավճարների համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 100-ից 130 միլիարդ դրամ: Եզրահանգումները թողնում եմ ձեզ:

«Ազգովի հեղափոխություն արեցինք, որ Փաշինյանի թավշյա նախարարները ստանան 1,5 միլիոն դրամ աշխատավարձ, թավշոտ փոխնախարարներն ու մարզպետները՝ 1 միլիոն դրամԷլ չեմ ասում պարգեւավճարների մասինՀետաքրքիր է, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխխոսնակ Լենա Նազարյանը եւ նրա կուսակից ընկեր Ալեն Սիմոնյանը ինչպես են հանգիստ քնում` իմանալով, որ իրենց եւ իրենց ընտանիքների հանգիստ քունն ապահովող մարդիկ ստացել են ընդամենը 4000 դրամ պարգեւավճարՍա անընդունելի է»,- ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է թողել քաղաքագետ Գագիկ Համբարյանը»:

Այս կարծիքի հետ դժվար է չհամաձայնվել:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 13-15-ը ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի. կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին, որին ներկա էին Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, այլ պետությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր, շուրջ 4000 պատվիրակներ 175 երկրներից:  Ֆորումի շրջանակում Սարգսյանը՝ որպես գլխավոր բանախոս, հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում:

2008 թվականից անցկացվող «Աբու Դաբի. կայունության շաբաթ»-ը գլոբալ հարթակ է, որը միավորում է պետությունների ու կառավարությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հեղինակավոր փորձագետների, գիտնականների, գործարարների՝ աշխարհի կայուն զարգացման մարտահրավերներն ու հրատապ խնդիրները քննարկելու նպատակով, ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի տարածած  հաղորդագրությունում։

Նոր տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքի նոր խմբագրությունը, որով մի շարք կարեւոր փոփոխություններ են կատարվել հարկային համակարգում: Մասնավորապես` ըստ սահմանված կարգի, սուբյեկտները կազատվեն բոլոր հիմնական հարկերից եւ հնարավորություն կունենան անսահմանափակ թվով ֆիզիկական անձանց ներգրավել իրենց գործունեության մեջ` որպես աշխատողներ, եւ նրանց ամսական անհատական եկամտահարկը կկազմի 5.000 դրամ: Համակարգից կարող են օգտվել այն իրավաբանական անձինք, անհատական ձեռնարկատերերն ու այդպիսիք չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան վաճառքի շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Նոր կարգավորմամբ սահմանված են միկրոձեռներեցության համակարգին մասնակցելու պայմանները, դրա դադարեցումը, մի քանի հարկատեսակներից ազատումը, ինչպես նաեւ սուբյեկտների այն տեսակները, որոնք չեն կարող համարվել միկրոձեռներեցության համակարգի մասնակից:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հունվարի 16-ին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարության զորամասից 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպք բացահայտելու մասին։ Ըստ այդմ` ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ եւ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հափշտակել ու վաճառել են իրենց վստահված, զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիք։ Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է Քննչական կոմիտե։

Դատախազության նախաձեռնությամբ հունվարի 15-ին հրավիրված արտահերթ դատական նիստում քննվեց ծանր հոդվածներով մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը չհեռանալու ստորագրությամբ փոխելու նպատակահարմարության հարցը: Բժիշկների գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է մշտական բժշկական հսկողության ներքո եւ ստանում անհրաժեշտ դեղորայքային բուժում:

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: