Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Կառավարության նախաձեռնությամբ, փետրվարի 6-ին գումարված խորհրդարանի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը։ Արտահերթի օրակարգում յոթ հարց է ընդգրկված՝ այդ թվում Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին հարցը։
… Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության խորհուրդը նոր սահմանադրական հայեցակարգով այլեւս պետական մարմին է: Ըստ ներկայացված նոր նախագծի, այն առաջիկա ապրիլ ամսից հետո խորհրդատվական մարմնից վերածվելու է երկրի պաշտպանության, անվտանգության հարցերում՝ վարչապետի գլխավորությամբ առանցքային որոշումներ կայացնող, պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանող կառույցի: Ապագա վարչապետին այդ հնարավորությունն ընձեռել են վերջին սահմանադրական փոփոխություններին «Այո» քվեարկած հայրենի ընտրողները՝ չանսալով ընդդիմության սթափեցնող ձայնին: Վարչապետից բացի, ԱԽ անդամներ են լինելու առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մի խոսքով, ինչպես ընդունված է ասել, «Սերժի «մարդիկ»: Խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: Հատկանշական է, որ ներկայում գործող Ազգային անվտանգության խորհրդի կազմի համեմատ՝ պետության կառավարման գործում հույժ կարեւորություն ստացող կառույցից դուրս են մնում երկրի առանցքային պաշտոնյաները՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը եւ Սահմանադրական դատարանի նախագահը: Խորհրդին հրաժեշտ են տալու նաեւ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ գլխավոր դատախազը: Ակնհայտ է, որ ԱԽ կազմում, ինչպես հղացված է ի սկզբանե, բացառապես «յուրայիններ» են, որոնցից որեւէ մեկը հազիվ թե քննարկումների ժամանակ ընդդիմանա ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցերին: Կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծից պարզ է դառնում, թե ապագա վարչապետն ինչ լայն լիազորություններ է ստանձնելու Անվտանգության խորհրդի գործունեության ընթացքում: Օրինակ, նախագծի համաձայն՝ խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը: Նա է նշանակում եւ ազատում Անվտանգության խորհրդի քարտուղարին ու քարտուղարության հանրային ծառայողներին, հաստատում Անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունն ու հաստիքացուցակը: Բացի դրանից, խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն, սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը: Որոշ փորձագիտական գնահատականներով՝ Անվտանգության խորհրդին վերաբերող այս օրինագիծը եւ նրանում ամրագրված՝ վարչապետի լայն լիազորությունները եւս մեկ անգամ վկայում են, որ ապրիլին՝ նախագահական լիազորությունների ժամկետի ավարտից հետո, Սերժ Սարգսյանը մտադիր է զբաղեցնել վարչապետի աթոռը՝ այդպիսով շարունակելով միանաձնյա ղեկավարել երկիրը: «Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է, որպեսզի հետագայում վարչապետ ինքը դառնա ու ամբողջ լիազորությունները տեղափոխվեն իր վերահսկողության տակ, ինքը լինի երկրի առաջին դեմքը, եւ Անվտանգության խորհուրդը հենց այդ նպատակով էլ ստեղծվել է»,- «Ազատության» հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Այս դատողությունների հետ դժվար է չհամաձայնվել:
… Հ.Գ. Ժամեր անց հայտնի դարձավ, որ կառավարության կողմից խորհրդարան է ներկայացվել «Ներման մասին» օրենքի մի նախագիծ, որով փորձ է արվում նախագահից վերցնել ու ապագա վարչապետին տալ նաեւ դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը։ Այն արժանացել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ առաջիկա օրերին կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։ Ընդդիմադիր պատգամավորներն արդեն հասցրել են հակասահմանադրական անվանել սույն օրինագիծը:
Փետրվարի 5-ին Երեւանում տեղի ունեցավ թանկացումների դեմ «Ելք» դաշինքի կազմակերպած հանրահավաքը: Դաշինքը հայտարարեց, թե փոփոխություններ է նախաձեռնել Հարկային օրենսգրքում՝ առաջարկելով վերադառնալ ակցիզային հարկի նախկին դրույքաչափերին, որպեսզի վերականգնվեն բենզինի, դիզվառելիքի եւ մեքենաների լիցքավորման սեղմած գազի անցած տարվա գները: Փոփոխությունների փաթեթով «Ելք»-ն առաջարկում է նաեւ հրաժարվել հունվարի 1-ից գործող եկամտահարկի նոր դրույքաչափերից: Փետրվարի 6-ին ընդդիմադիր ուժին հաջողվեց ոչ միայն հավաքել այդ հարցերով Ազգային ժողովում արտահերթ նիստ հրավիրելու համար պահանջվող 27 ստորագրությունը, այլեւ 2-ով գերազանցել այդ թիվը: «Ելք»-ի 9 անդամներից բացի, նախաձեռնությունը պաշտպանեցին «Ծառուկյան» խմբակցության 20 պատգամավորներ։
… Անշուշտ, դժվար է ասել, թե որքանով այս պահին արդյունավետ կլինի փողոցային պայքարի մարտավարությունը՝ թեկուզեւ խորհրդարանական գործունեության հետ այն զուգադրելու պայմաններում: Ցավոք, հաջող ստորագրահավաքը դեռ ամենը չէ: Միեւնույն է, առանց Հանրապետական խմբակցության մասնակցության, նիստը չի կարող կայանալ՝ այս անգամ արդեն քվորումի բացակայության պատճառով: Բանն այն է, որ համաձայն ԱԺ Կանոնակարգի՝ նիստը իրավազոր է, եթե գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, այսինքն՝ 53 հոգի: Ընդդիմադիր զույգ խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 40 տեղ։ Ուրեմն՝ որտեղի՞ց հայթայթել եւս 13 քվե, եթե արտահերթի օրը ՀՀԿ-ն ուղղակի չներկայանա նիստերի դահլիճ ու չգրանցվի՝ տապալելով քվորումի ապահովումը: Դրա հավանականությունը մեծ է, քանզի «Ելք»-ի ձեռնարկը հազիվ թե տեղավորվի իշխող ուժի ներկլանային խաղի կանոններում: Եվ իզուր չէին հանրահավաքում հնչած մտավախությունները, թե այսպիսով դաշինքը կարող է փակուղի տանել թանկացումների ու հարկային բեռի ավելացման դեմ պայքարը: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենք նիստի անցկացման հարցով ՀՀԿ-ի հետ նախնական պայմանավորվածություն չունեն: Միաժամանակ նա խորհուրդ է տալիս չշտապել կանխատեսումներ անել, թե ԱԺ մեծամասնությունը կարող է տապալել արտահերթ նիստը: «Դեռ քվորում չեղած՝ ասել, թե քվորում չի լինի, կարծում եմ, սխալ է: Ընդհակառակը, ես հիմա կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ իրենց տարածքից ընտրված պատգամավորներին պարտադրեն՝ թող գան, գրանցվեն... Ճնշումը պետք է շարունակվի»,- այսպիսի ելք է տեսնում «Ելք»-ի ներկայացուցիչը: Հանրապետականն՝ ինքը չի խոսում ընդդիմության նախաձեռնությունը տապալելու թեմայով: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս անգամ ժլատ գտնվեց իր արտահայտության մեջ. «առաջարկները թող ներկայացնեն, կքննարկենք»: Աններելի է մանավանդ Էդուարդ Շարմազանովի լռությունը: Հավանաբար՝ շեֆից դեռ հրահանգ չի իջեցվել այդ խնդրի կտրվածքով: Է, մարդու գլուխը խառն է օրենքներ մոգոնելով՝ ժամկետները սեղմում են, իսկ որքա՛ն լիազորություններ կան դեռ չյուրացված: Շտապել է պետք...
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 8-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Ըստ ԱԳՆ-ի, համանախագահները տեղեկացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։ Նախատեսված է նրանց հանդիպումը նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Միջնորդները Երեւան են ժամանել Բաքվից, որտեղ հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Համանախագահները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ:
… Տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի օրը Ադրբեջանը, ինչպես միշտ, դարձյալ դրսեւորեց պատերազմի հրձիգի իր էությունը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացավ ՊԲ 20-ամյա զինծառայող Հայկ Քալանթարյանը: Փաստորեն մեր ամբարիշտ հարեւանը, որը սիրում է խոսքով տարփողել արցախյան հիմնախնդրի շուտափույթ կարգավորմամբ իր հետաքրքրվածությունը, առիթը բաց չի թողնում համանախագահների հետ յուրաքանչյուր հանդիպում կամ կողմերի միջեւ ընթացող բանակցություն «նշանավորել» սադրիչ գործողություններով, շփման գծում լարվածության ստեղծմամբ: Ցավոք, հակառակորդի այդ արկածախնդրությունն ամեն անգամ ողբերգական ավարտ է ունենում՝ զոհվում են իրենց խաղաղ ծառայությունն անցկացնող երիտասարդներ: Չկատարելով Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները, պաշտոնական Բաքուն դրանով իսկ ի ցույց է դնում համանախագահող երկրների նկատմամբ իր անսքող արհամարհանքը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ցմահ սուլթանին, ում չարագործությունները, որպես կանոն, մնում են անպատիժ, ղարաբաղյան ոչ մի կարգավորում էլ չի հետաքրքրում: Մարդկային ողբերգությունները նրա համար ընդամենը սեփական իշխանությունը հավերժացնելու միջոց են: Հետեւաբար՝ երբեք չի հանգստանա, մինչեւ մռութին չստանա:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Միջազգային մամուլ
Ռուսաստանը Իսկանդերներ է տեղակայել Կալինինգրադում
Medium-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր է տեղակայել Կալինինգրադում: Զեկույցի համաձայն`«Լիտվայի պաշտպանության նախարարն ահազանգել է, որ «Իսկանդեր-Մ» համալիրի մշտական տեղակայումն ապակայունացնելու է տարածաշրջանային անվտանգությունը: Նախարար Կարոբլիսի խոսքերով՝ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում այդ համալիրները կարող են Լեհաստանի եւ Լիտվայի Սուվալկիի երկայնքով անցնող ռազմավարական սահմանը կտրել ՆԱՏՕ-ի զորամիավորումներից: Տեղակայումը, ըստ նրա, սպառնալիք կստեղծի նաեւ ՆԱՏՕ-ի երկրների համար, քանի որ «Իսկանդեր-Մ» հրթիռները կարող են արձակել միջուկային մարտագլխիկներ եւ շատ հեռահար են: Պարբերականի հեղինակը պնդում է, որ մշտական տեղակայումը «կարող է սպառնալ Գերմանիայի արեւելյան հատվածին, դանիական Բորնհոլմ կղզուն, հարավային Շվեդիային, Լեհաստանի մեծ մասին, Բալթյան երկրներին եւ Ուկրաինայի արեւմտյան հատվածին»:
Գերմանիայում կոալիցիոն համաձայնության են եկել
Ըստ Politico հանդեսի, Գերմանիայի պահպանողական քրիստոնեադեմոկրտական կուսակցության եւ կենտրոնամետ ձախական սոցիալ-դեմոկրատների առաջնորդները հասել են համաձայնության, որի շնորհիվ վերջապես նոր կառավարություն կձեւավորվի: Անգելա Մերկելը եւ նրա գործընկեր Մարտին Շուլցն ասել են, որ մի շարք դժվարին զիջումների են գնացել: Սպասվում է, որ սոցիալ-դեմոկրատները կստանձնեն արտաքին հարաբերությունների, ֆինանսների եւ աշխատանքի նախարարությունների ղեկավարումը, իսկ քրիստոնյա-դեմոկրատները կվերցնեն պաշտպանության եւ տնտեսության նախարարությունների պորտֆելները:
Euronews-ի փոխանցմամբ՝ «այդ քայլը, ամենայն հավանականությամբ, կնպաստի Գերմանիայի եվրագոտու քաղաքականության փոփոխմանը: Շուլցը նշել է, որ իր կուսակցությունը վերջ կդնի «պարտադրված խնայողության քաղաքականությանը» եւ եվրագոտու համար ներդրումային բյուջե կստեղծի, ինչը, անկասկած, դուր կգա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնին»:
Եվրոպական շատ առաջնորդներ հանդես եկան կոալիցիոն բանակցությունների հաջողությունների վերաբերյալ հայտարարություններով. «Սա լավ նորություն է ոչ միայն Գերմանիայի համար, այլեւ ամբողջ Եվրոպայի: Քանի որ Բեռլինում կայուն, ամուր, հավակնոտ, եվրոպամետ կառավարության առկայության փաստը թույլ կտա Եվրոպայի ապագայի վերաբերյալ որոշումներն ու մտքերը միասնական դարձնել», - հայտարարել է Եվրախորհրդի տնտեսական եւ ֆինանսական հարցերով հանձնակատար Պիեռ Մոսկովիչին: Մանֆրեդ Ուեբերը, որը Եվրոպական խորհրդարանում ղեկավարում է Մերկելի կենտրոնամետ դաշնակիցներին, իր թվիթերյան էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Լավ ազդանշան Բեռլինից ժողովրդին եւ ողջ Եվրոպային. Գերմանիայի ապագա կառավարությունը պատրաստ է նպաստել ավելի ուժեղ եւ ավելի լավ Եվրոպային: Սա հստակ եվրոպամետ մոտեցում է եւ արժանի պատասխան պոպուլիստներին»: Սակայն համաձայնությունը դեռ չի վավերացվել: Այն կարող է չեղարկվել ցանկացած կուսակցության կողմից՝ ապագա մի քանի շաբաթվա ընթացքում:
ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայում իշխանամետ ուժերին
Reuters-ը տեղեկացնում է, որ Եփրատի գետի մոտ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան ետ է մղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի հարձակումը, որոնք զինված են եղել հրետանիներով, տանկերով, բազմակի հրթիռային համակարգերով եւ ականանետներով: Միջադեպը կանխագծում է նավթի հարուստ պաշարների համար մղվող հետագա հակամարտությունների ներուժի հնարավորություն Սիրիայի արեւելքում, որը գտնվում է ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայի դեմոկրատական, քրդական եւ արաբական ռազմական ուժերի դաշինքի ղեկավարության տակ:
Զեկույցի համաձայն՝ իշխանամետ ուժերը «հավանաբար ձգտում էին Դեյր-էլ-Զոր նահանգում գտնվող Եփրատ գետի արեւելյան մասում տեղակայված Խուշամի նավթահանքերը բռնագրավելուն»: Մատիսը ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի կողմից ուղեկցվող զորակիցների վրա հարձակումը «անհանգստացնող» է որակել: Սակայն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն հակահարձակումը նա նկարագրել է որպես պաշտպանական եւ սահմանափակ բնույթի: Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ զինվորականները կարող են ներքաշվել Սիրիայի լայնածավալ հակամարտության մեջ, Մատիսը պատասխանել է. «Ոչ, սա միայն ինքնապաշտպանություն է»:
CNN-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի հարվածները իրականացվել են մարդատար եւ անօդաչու ինքնաթիռների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգով (HIMARS): ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության համաձայն՝ ԱՄՆ-ի F-22 գաղտնի ինքնաթիռները, F-15 կործանիչները եւ MQ-9 ինքնաթիռները նույնպես ներգրավված են եղել:
Պատրաստեց Մարինա Մուրադյանը