Ուրբաթ, Հոկտեմբերի 04, 2024

Շաբաթվա անցուդարձ

Նոյեմբերի 4-11

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 
Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

Անցնող շաբաթվա իրադարձությունների համայնապատկերը բավական խայտաբղետ էր:

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում անցկացվեցին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնցից 3-ում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ էին, իսկ 34-ում ընտրվում էին խոշորացված համայնքների նոր ղեկավարներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հաղորդման համաձայն՝ առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձեւավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը եւ ընդունել առաջին ընտրողներին: Ըստ ԿԸՀ հաղորդագրության, ընտրություններում քվեարկել է 243 հազար 335 քաղաքացի կամ ընտրողների 50.06 տոկոսը: «Տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածված 843 տեխնիկական սարքավորումները քվեարկության ողջ ընթացքում աշխատել են անխափան»,- հավաստիացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

...Սարքերը, այո, գուցեեւ անխափան են աշխատել: Սակայն ո՞ւմ հայտնի չէ, որ հայաստանյան իրականության մեջ, առհասարակ, ընտրական մեխանիզմն այնքան լուրջ խափանումներ է տալիս, որ արդեն ավելի քան երկուսուկես տասնամյակ ընտրությունների միջոցով օրինական իշխանությունների ձեւավորումը դարձել է անհնար: Բոլոր մակարդակների ընտրությունները մեզանում, որպես կանոն, մթագնվում են ընտրակեղծիքներով ու ընտրակաշառքներով եւ, վերջնարդյունքում գործող իշխանությունն իր օգտին «խփում է այնքան քվե, որքան ուզում է»: Դատելով հետընտրական զարգացումներից, բացառություն չէին նաեւ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ այն ընտրախախտումները, որոնք տեղ էին գտել խորհրդարանական ու Երեւանի ավագանու վերջին ընտրություններում, գրեթե նույն գործիքակազմով կրկնվեցին նաեւ ՏԻՄ ընտրություններում։ Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում խախտումների կանխումը դժվար է, որովհետեւ դրանք հիմնականում տեղի են ունենում տեղամասերից դուրս։ ՏԻՄ ընտրություններից իրենց դժգոհություններն ու բողոքը յուրովի են արտահայտել Վայոց Ձորի մարզի 12 համայնքների բնակիչները, որոնք նոյեմբերի 6-ի առավոտից փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել նախօրեին կայացած ընտրությունների արդյունքները։ «Ազատության» հետ զրույցում Շատին համայնքի բնակիչ Զավեն Սարգսյանը նշել է, որ ընտրությունների արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել իշխող Հանրապետականի թեկնածու Արթուր Ստեփանյանը, ով ունի «քրեական անցյալ»։ Ըստ Սարգսյանի, գյուղացիները համաձայն չեն այս արդյունքին եւ պահանջում են, որ խոշորացված համայնքը ղեկավարի Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը, որն ամենաարժանին լինելով, պարտվել է հանրապետական մրցակցի կողմնակիցների «անմաքուր խաղերի» պատճառով։ Մեր երկրի համար սովորական դարձած ահա այսպիսի ընտրություններ: Թե՞ «չընտրություններ...»

Շաբաթվա ամենաուրախալի լուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ինդիանա նահանգից է: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանի գրասենյակը, Ինդիանայի նահանգապետ Էրիք Հոլքոմբը նոյեմբերի 6-ին հռչակագիր է ընդունել` հիշատակելով, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում ծրագրված եւ իրականացված ցեղասպանության հետեւանքով զոհվել է մեկուկես միլիոն հայ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Այսպիսով` Ինդիանան դառնում է ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

…Փաստորեն` ԱՄՆ 50 նահանգներից 48-ն այսօրվա դրությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այն պաշտոնապես չեն ճանաչել առայժմ միայն երկու նահանգ`Ալաբաման եւ Միսիսիպին: Եվ համայն հայությունը, կարծես թե, շունչը պահած` հետեւում է, թե երբ բոլոր 50 նահանգները կճանաչեն Ցեղասպանությունը կամ երբ ԱՄՆ գործող նախագահը ապրիլքսանչորսյան իր ավանդական ուղերձում կօգտագործի «Ցեղասպանություն» եզրը:

Նախ` պետք է հաշվի առնել, որ նահանգի Ներկայացուցիչների պալատի, այսինքն` օրենքի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ միայն 37 նահանգ, մյուսներն այն ճանաչել են նահանգապետի, նահանգապետարանի կամ նահանգի խորհրդարանի որեւէ հանձնաժողովի մակարդակով, ինչը օրենսդրորեն ամրագրված չլինելով, որեւէ արժեք չի ներկայացնում, անգամ Թուրքիան դրանից չի մտահոգվում: Եվ երկրորդ` եթե վերջին երկու նահանգները եւս ճանաչեն Ցեղասպանությունը` դա դեռեւս չի նշանակում, որ Սպիտակ տունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բոլոր նահանգների ճանաչումները սոսկ կարող են ազդել ԱՄՆ Կոնգրեսի եւ Սենատի համապատասխան որոշումների կայացման վրա, որովհետեւ ամերիկյան կոնգրեսականներն ու սենատորները չեն կարող հաշվի չնստել թե´ իրենց ընտրողների կամքի եւ թե´ նահանգների կողմից ընդունված օրենքների հետ: Եվ ամենագլխավորը՝ պետք է հասկանալ, որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների համար ընդամենը գործիք է Թուրքիայի հետ իր հարաբերություններում շահեկան դիրք ունենալու համար: Ինչ վերաբերում է ճանաչմանը, ապա այդ քայլին ԱՄՆ-ը կգնա միայն մի դեպքում` եթե այն բխում է իր շահերից:

Մինչեւ 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը ««դժվարին, բայց իրականանալի խնդիր» է»: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է նոյեմբերի 8-ին հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին վարչապետը, փոխվարչապետը, մի շարք ոլորտների նախարարներ եւ պաշտոնական այլ անձինք: Նախագահը հաղթահարելի է համարել նաեւ ժողովրդագրական իրավիճակի վրա այսօր բացասաբար ազդող՝ Հայաստանի հետ հարեւանների ունեցած հարաբերությունների պատճառով առկա անվտանգության խնդիրները: Նախանշված թիրախային նպատակին հասնելը, Սարգսյանի համոզմամբ, պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, եւ 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարեւորվի:

...«Չորս միլիոնի» գաղափարը, որն առաջին անգամ չէ, որ հնչում է երկրի առաջին դեմքի շուրթերից, ամենայն հավանականությամբ, լավ մտածված նախընտրական PR-ի նյութ է: Սա այն կռվանն է, որը կոչված է արդարացնելու եւ լեգիտիմացնելու 2018 թվականից հետո գործող նախագահի նոր կառավարումը: Այդ գաղափարով, կարծես թե, ամբողջանում է «անփոխարինելի»-ի, «համազգային առաջնորդ»-ի առասպելական այն կերպարը, որը Սերժ Սարգսյանի համար, իրար հերթ չտալով, «հյուսում» են Էդուարդ Շարմազանովի կարգի ՀՀԿ-ական սազանդարները: Ի՞նչ 4 միլիոնի մասին կարող է խոսք լինել, երբ երկրի վերջին շրջանի ժողովրդագրական իրադրությունն արտացոլող վիճակագրական թվերը ճիշտ հակառակ հեռանկարն են ուրվագծում: Այսպես՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալով՝ 2017 թվականի 9 ամսվա ընթացքում ՀՀ բնակչության թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է շուրջ 14 հազարով: Նմանապես նվազել է ծնվածների թիվը. եթե 2016թ. 9 ամսում լույս աշխարհ է եկել 29. 869 երեխա, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակաընթացքում այդ թիվը կազմում է 27.665: Էլ չենք բերում համընդհանուր արտագաղթի ահագնացող վիճակագրությունը:

Թվերի մեջ շատ չմանրանալով՝ նշենք միայն, որ եթե 1980-ականներին Հայաստանում տարեկան ծնելիությունը 80-85 հազարի շրջագծում էր, ապա այժմ աստիճանաբար նվազելով՝ այն հասել է 30-35 հազարի նիշին, իսկ մահվան ցուցանիշները համապատասխանաբար աճել են: Հայաստանի ժողովրդագրական հեռանկարի մասին բոլորովին տարբեր թվեր է կանխատեսում ոչ միայն մեր պաշտոնական վիճակագրությունը, այլեւ միջազգային փորձագիտական հանրությունը: Ըստ ՄԱԿ-ի այս տարվա հունիսին հրապարակած զեկույցի, 2050 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի մոտավորապես 2,7 միլիոն մարդ, իսկ 2100-ին՝ 1,8 միլիոն:

Ուրեմն ի՞նչ կապ ունեն ձեր թիրախավորած ցուցանիշները մեր իրականության հետ, հարգելի տիկնայք եւ պարոնայք:

Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024
Օգոստոսի 17 2024
Հուլիսի 13 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: