Երեքշաբթի, Նոյեմբերի 26, 2024

Շաբաթվա անցուդարձ

Ապրիլի 7-14

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Ընթացիկ շաբաթը նշանավորվեց պատմական կարեւոր մի իրադարձությամբ՝ Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի: Ապրիլի 9-ին նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ ստանձնեց մեր երկրի չորրորդ նախագահի լիազորությունները: «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»,- երդվեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնանքի խոսքից ու աղոթքից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

…Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիր էին ժամանել նորընտիր նախագահի երդմնակալության արարողության մասնակիցներն ու հյուրերը: Ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ Հայաստանից ու այլ երկրներից, սփյուռքահայեր, հասարակական, քաղաքական գործիչներ եւ այլք: Իր ելույթում Արմեն Սարգսյանը խոսել է Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների ու նաեւ դրանց լուծման վերաբերյալ իր տեսլականի մասին` շեշտելով պետական համակարգում առկա արատավոր երեւույթների` մասնավորապես կոռուպցիայի, սոցիալական անարդարության եւ արտագաղթի դեմ հետեւողական պայքար մղելու անհրաժեշտությունը: «Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաեւ լուծումներ առաջարկենք, եթե ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք ու աշխատենք միասին»,- ասել է Հայաստանի 4-րդ նախագահը: Այդ համատեքստում նա կարեւորել է անձամբ իր դերակատարությունը` երդման խոսքում վստահեցնելով, որ բոլոր ուժերը կներդնի «ազգային միասնության ամրապնդման գործում»: Դատելով ասվածից, կարելի է եզրակացնել, որ հենց ազգային միասնությունն է մեր պետության «աքիլլեսյան գարշապարը»: Եվ պատահական չէ, որ Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ իր երդմնակալության արարողությանը մասնակցեն Հայաստանի նախորդ բոլոր 3 նախագահները, սակայն ներկա էր միայն Սերժ Սարգսյանը: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարել էր, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությունը համարում է ոչ լեգիտիմ, իսկ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտնել էր, թե Քոչարյանն այդ օրերին գտնվելու է արտերկրում: Երդմնակալությանը ներկա չէին նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում քայլերթ է իրականացնում մարզերում, իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր ամենամեծ ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնավոր այցով արտերկրում էր: Փոխարենը այդ օրը, ըստ մամուլի հաղորդումների, երդմնակալության արարողությանը ներկա էին ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերի ղեկավար անդամներ, այդ թվում «Ժառանագության» հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ուշագրավ է, որ արարողությունից հետո Հայաստանի 4-րդ նախագահն անմիջապես ուղեւորվեց Եռաբլուր, այնտեղից էլ` Մաշտոցի 47, որը Հայաստանի նախագահի նոր նստավայրն է: Հետմիջօրեին Արմեն Սարգսյանն ընդունեց Կառավարության հրաժարականը: Այդ օրը տարբեր կանխատեսումներ ու գնահատականներ հնչեցին Հանրապետության 4-րդ նախագահի առաջիկա գործունեության մասին: Սակայն կանխատեսումները, ինչպես հայտնի է, անշնորհակալ գործ են, իսկ գնահատականների համար դեռ վաղ է: Չէ՞ որ մարդու մասին դատում են նրա գործերով, ոչ թե խոսքերով: Կաշխատի` կերեւա:

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ապրիլի 9-ին անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը՝ պատասխանելով նաեւ ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին եւ ներկայացնելով իր տեսակետը: «Այո՛, անդրադարձել ենք նաեւ վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին... Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում պահպանել ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան, այսինքն՝ որպես առաջին դեմք, ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետեւ, կրկնում եմ, չափազանց կարեւոր է սահուն, արդյունավետ ու ռիսկերը նվազեցնելով՝ անցում կատարել կառավարման նոր համակարգին»:

…Այսպիսով` տասը տարի Հայաստանը ղեկավարելուց հետո Սերժ Սարգսյանն ավարտեց նախագահական իր լիազորությունների ժամկետը: Սրանից չորս տարի առաջ նա հրապարակավ հայտարարեց, որ նախագահական լիազորությունները վայր դնելուն պես այլեւս չի հավակնելու ո´չ նախագահի, ո´չ էլ վարչապետի պաշտոնին: Խոստացավ, սակայն, սովորության համաձայն, դրժեց խոստումը: Պաշտոնի գայթակղությունն ավելի զորեղ գտնվեց, քան նախագահական խոսքի արժեքը: Սա է իրականությունը: Իսկ կառավարման «կոնֆիգուրացիայի պահպանման» կարեւորության թեմայով Կարեն Կարապետյանի հյուսած հեքիաթին միգուցե հավատան միայն անուղղելի պարզամիտները: Ամեն դեպքում հետաքրքիր է իմանալ, թե Սարգսյանի տասնամյա նախագահության շրջանում ինչ է տվել Հայաստանին այդ «կոնֆիգուրացիան», որն այդպես խնամքով ուզում է պահել-փայփայել ՀՀԿ-ական ընտրանին: Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «օրը ցերեկով» ազգին վստահեցնում է, թե 2008-2018 թվականներն ընդգրկող տասնամյակը Հայաստանի համար «զարգացման, բարեփոխումների եւ պետականաշինության» շրջան էր: Ճիշտ հակառակ կարծիքին է Հայաստանի նախագահների գործունեությունը հետազոտած լրագրող Թաթուլ Հակոբյանը, որի բնորոշմամբ` տվյալ ժամանակահատվածը կայուն լճացման տարիներ էին: «Դրանք փոփոխությունների սպանության տարիներ էին, երբ որեւէ մեկը փոփոխության ակնկալիքներ չունի»,- լրատվամիջոցներին իր եզրահանգումն է փոխանցել Հակոբյանը: Եվ իսկապես. պաշտոնական տվյալներով` Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 260 հազար քաղաքացիներով: «Անփոխարինելին» սերնդեսերունդ կհիշվի որպես տարածքներ կորցրած նախագահ: «Առա´ջ, Հայաստան» կարգախոսով 2008-ին նախագահական մրցավազքի դուրս եկած Սարգսյանը հավաստիացնում էր, թե երբեք թույլ չի տա հետընթաց ոչ մի բնագավառում: «Ես պայքարելու եմ, որպեսզի աղքատությունը վերանա այս երկրից: Ես պայքարելու եմ, որպեսզի վերականգնվեն մեր պարապ գործարանները: Ես պայքարելու եմ, որպեսզի Հայաստան վերադառնան Հայաստանից գաղթածները»,- բարձրագոչ հայտարարում էր նա: Բայց արի ու տես, որ իրականում ճիշտ հակառակ պատկերն է: Անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն` Սարգսյանի նախագահության ընթացքում աղքատությունն ավելացել է շուրջ 2 տոկոսով՝ 2016-ի տվյալներով կազմելով գրեթե 30 տոկոս: Նույնչափ էլ ավելացել է գործազրկությունը՝ կազմելով 18 տոկոս: Միեւնույն ժամանակ աճել է պետական պարտքը` 2008-ի 1,9 միլիարդից հասնելով մոտավորապես 7 միլիարդ դոլարի: Էլ չասած, որ տասնյակ խոստումներ` սկսած Գյումրիում երկրաշարժի հետեւանքները լիովին հաղթահարելուց, Ստեփանակերտ թռչող ինքնաթիռի առաջին ուղեւորը լինելուց եւ վերջացրած Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմամբ, մնացել են թղթի վրա: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր իր խոստումները շռայլելուց առաջ 3-րդ նախագահը սովորություն ուներ կրկնել. «Ինձ չեն կարող քննադատել նրա համար, որ ես երբեւէ ինչ-որ բան խոստացել եմ, եւ այդ խոստումը մնացել է օդում»: Ահա թե ինչպիսի «կոնֆիգուրացիայի» պահպանման մասին էր Կարեն Կարապետյանի խոսքը:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Սիրիայի շուրջ աճում է լարվածությունը

BBC-ի հաղորդմամբ՝ ապրիլի 7-ին Սիրիայի Դումայի քաղաքը հարձակման ենթարկվեց քլոր գազով: Միջազգային հանրությունն անմիջապես արձագանքեց սիրիական վարչակարգի կողմից քիմիական զենքի կիրառման մասին զեկույցներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը պատրաստ է լուրջ միջոցներ ձեռնարկել Սիրիայի վարչակարգի եւ նրա դաշնակիցների դեմ. «Մենք չենք կարող թույլ տալ, որ վայրագություններ տեղի ունենան... Միացյալ Նահանգների իշխանությունը եւ մեր երկրի ուժը մեզ թույլ են տալիս դրան վերջ դնել»,- հայտարարել է Թրամփը:

The Telegraph-ի տվյալներով՝ Թրամփի մեկնաբանություններին հետեւել են Ֆրանսիայի եւ Միացյալ Թագավորության նախազգուշացումները, որոնք պատրաստակամություն են հայտնել հակահարված տալ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին, «եթե ապացուցվի, որ կասկածելի քլորի գազի հարձակման հետեւում Ասադն է կանգնած»: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլին իր հերթին ասել է հետեւյալը . «Միայն հրեշն է թիրախ դարձնում քաղաքացիներին, իսկ հետո մտահոգություն հայտնում, որ շտապ օգնության մեքենաներ չկան, որպեսզի տեղափոխեն վիրավորներին, չկան հիվանդանոցներ, որ փրկեն մարդկանց կյանքերը, չկան բժիշկներ կամ դեղեր, որ թեթեւացնեն նրանց ցավը: Մենք այլեւս խղճի կոչ չենք անում: Մենք հասել ենք այն պահին, երբ աշխարհը պետք է արդարություն տեսնի»:

Ռուսաստանի այն պատասխանի առնչությամբ, թե հարվածելու է Սիրիայի վրա նետվող ցանկացած հրթիռի, նախագահ Թրամփն իր թվիթերյան էջում  գրել է. «Ռուսաստանը խոստանում է կրակել ցանկացած հրթիռ Սիրիայում: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, քանի որ նրանք գալու են՝ գեղեցիկ եւ նոր, եւ «խելացի»: Դուք չպետք է գործընկեր լինեք գազով սպանող կենդանու հետ, ով սպանում է իր ժողովրդին եւ վայելում դա»: Ըստ Bloomberg-ի, Թրամփը դիտարկում է Սիրիային հարվածելու տարբերակները: Հոդվածում նշվում է, որ « ներդրողներին արդեն մտահոգում են աճող լարվածությունը եւ պատերազմի վտանգը, ինչի արդյունքում նավթի գները բարձրացել են, իսկ Սիրիայում զորքեր ունեցող Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան, անկման մեջ է»:

 

Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է

Ապրիլի 6-ին ԱՄՆ Գանձապետարանը  նոր պատժամիջոցներ է կիրառել 7 ռուս օլիգարխներ եւ նրանց պատկանող 12 ընկերությունների, Ռուսաստանի 17 պետական պաշտոնյաների եւ պետությանը պատկանող ռուսական զենքերի առեւտրային ընկերության ու նրա դուստր ձեռնարկության՝ ռուսական բանկի դեմ, որից հետո Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է ազատ անկման մեջ:

The Telegraph-ի փոխանցմամբ՝ «ԱՄՆ-ի ճնշումը Վլադիմիր Պուտինի մտերիմների նեղ խմբի վրա՝ «ապակայունացնող գործողություններին» մասնակից լինելու պատճառով, ստիպում է ներդրողներին լքել օլիգարխների կողմից վերահսկվող էներգետիկ եւ հանքարդյունաբերական հսկա ձեռնարկությունները, ինչի արդյունքում օլիգարխները միլիարդների կորուստ են ունեցել»: Reuters-ն այդ առնչությամբ տեղեկացնում է, որ «Ռուսաստանի երկու խոշորագույն բանկերի՝ Խնայբանկի եւ ՎՏԲ-ի բաժնետոմսերը նվազել են համապատասխանաբար 17.3 եւ 9.1 տոկոսով»: Տեղեկատվական գործակալությունը նաեւ հայտնում է, որ «Ռուսալը»՝ Օլեգ Դերիպասկայի գլոբալ ալյումինի կայսրության հիմնասյունը, կորցրել է Հոնկոնգի բորսայում տեղակայված իր բաժնետոմսերի գնի ավելի քան 50 տոկոսը: Հայտարարության մեջ նշված է, որ պատժամիջոցների ազդեցությունը կարող է հանգեցնել տեխնիկական դեֆոլտի»: Դերպասկայի անունը ներառված է ԱՄՆ-ի Գանձապետականի պատժամիջոցների այն անձանց ցուցակում, ովքեր «օգտվում են Պուտինի վարչակազմից եւ առանցքային դեր են խաղում Ռուսաստանի անբարեխիղճ գործունեության մեջ»: Financial Times-ի տվյալներով՝ ռուսական ռուբլին մեծ հարված է ստացել եւ հայտնվել երկու տարվա նվազագույն մակարդակում: Ռուբլին ունեցել է իր վատագույն շաբաթը՝ 1999 թվականից այս կողմ:

 

Ադրբեջանում անցկացվեցին նախագահական ընտրություններ 

Reuters-ը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիեւը ապրիլի 11-ին չորրորդ անգամ հաղթեց Ադրբեջանի նախագահական ընտրություններում: Այն բոյկոտում էին բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք Ալիեւին մեղադրում են ավտորիտար իշխանության եւ քաղաքական անհանդուրժողականության մեջ: Պարբերականը ներկայացրել է ԿԸՀ-ի հաղորդումը, համաձայն որի ընտրողների մասնակցությունը կազմել է շուրջ 75 տոկոս, եւ խախտումներ չեն եղել: Առաջադրվել էր 7 թեկնածու, սակայն ընդդիմախոսները կասկածի տակ են դնում նրանք իրական հակառակորդներ լինելու հանգամանքը: Reuters-ը նշում է, որ Ալիեւը փորձել է հավասարակշռել Ադրբեջանի քաղաքականությունը «նախկին խորհրդային ժամանակներից տիրակալ համարվող Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, հատկապես՝ էներգետիկ քաղաքականության ոլորտում»: Ըստ պարբերականի, Ալիեւը շահել է նավթի արտահանումից, սակայն վերջին երեք տարվա կտրվածքով նավթի համաշխարհային գների անկումը նվազեցրել է Ադրբեջանի շահույթը եւ կրճատել տնտեսությունը:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: