Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Շաբաթվա անցուդարձ

Մայիսի 12-19

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության ձեւավորումը: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արարատ Միրզոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ, Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը` փոխվարչապետեր: Պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար` Զոհրաբ Մնացականյանը, ֆինանսների նախարար` Ատոմ Ջանջուղազյանը, արդարադատության նախարար` Արտակ Զեյնալյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` Մանե Թանդիլյանը, առողջապահության նախարար` Արսեն Թորոսյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար` Արծվիկ Մինասյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Աշոտ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար՝ Արթուր Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար` Արթուր Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար` Հրաչյա Ռոստոմյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար` Սուրեն Պապիկյանը, բնապահպանության նախարար` Էրիկ Գրիգորյանը, կրթության եւ գիտության նախարար` Արայիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար` Մխիթար Հայրապետյանը, մշակույթի նախարար` Լիլիթ Մակունցը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար` Լեւոն Վահրադյանը: ՀՀ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, իսկ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Արթուր Վանեցյանը:

…Անշուշտ` կոռուպցիան արմատախիլ անելու, երկրում օրինականություն եւ կարգուկանոն հաստատելու հստակ ուղեգիծ հայտարարած վարչակարգի համար կարեւոր է, թե ովքեր են տնօրինելու առանցքային ոլորտները` մասնավորապես ուժային կառույցները: Նույն դրդապատճառով խիստ կարեւորվում է նաեւ գլխավոր դատախազի անձը, որի պաշտոնի համար Փաշինյանն ունի իր թեկնածուն, ամենայն հավանականությամբ, դա Էդմոն Մարուքյանն է: Սակայն գլխավոր դատախազի նշանակումը վարչապետի լիազորությունների շրջանակից դուրս է. այն կատարվում է Ազգային ժողովում` քվեարկության ընթացակարգով: Հետեւապես` Մարուքյանի օգտին բավարար ձայներ ապահովելու համար կպահանջվի խորհրդարանական մեծամասնության` ՀՀԿ խմբակցության աջակցությունը: Կհաջողվի՞ Փաշինյանին համոզել Հանրապետական խմբակցությանը եւ անցկացնել իր թեկնածուին, թե ոչ` ցույց կտա մոտ ժամանակը: Չի բացառվում, որ համոզելու կարիք ընդհանրապես չլինի:

Ինչ վերաբերում է նոր նշանակումներին, ապա դրանք հանրության կողմից ընդունվեցին ոչ միանշանակ: Ակներեւ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կադրային բազան աղքատիկ է, եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված կառավարություն է տարել «Ելք»-ի գրեթե բոլոր պատգամավորներին: Նշանակումների հակասականությունը սոցցանցերում բացատրվում է կառավարության նորանշանակ անդամների իշխող մեծամասնության փորձի պակասով: Չնայած մյուս կողմից` ինչո՞վ է դա վատ. տարիներ ի վեր ատելու չափ հանրությանը ձանձրացրած մռայլ ու անդուր դեմքերին փոխարինելու են եկել թարմ գաղափարներով եւ նոր մտածողությամբ տոգորված երիտասարդ, եռանդուն մարդիկ, ովքեր նախորդ արատավոր համակարգի պերճանքի ու թշվառության կրողը չեն: Մարդիկ, ովքեր լի են վճռականությամբ՝ իրենց նախաձեռնած եւ առաջին փուլը հաջող հաղթահարած «թավշյա» հեղափոխությունը հասցնելու տրամաբանական ավարտին: Հանրությանը մնում է համբերել եւս 2-3 ամիս կամ, ավելի ստույգ, 100 օր, որն ավանդաբար կառավարության գործունեությունը գնահատելու համար տրվող ժամանակամիջոցն է: Վաղաժամ գնահատականները, թե Վալերի Օսիպյանի նշանակումն ապտակ էր հանրությանը, առողջապահության նախարարը վատ համբավ ունի կամ մշակույթի նախարարը հովանավորչությամբ է նշանակվել եւ այլն, բնավ տեղին չեն: Մարդու մասին դատում են նրա աշխատանքով, ոչ թե ասեկոսեներով: Սխալական ենք բոլորս: Բայց ամեն ինչի չափ ու չափանիշ գոյություն ունի, որը պետք է պահպանել, իսկ սխալներից դասեր քաղել: Այս կառավարությունը ժամանակավոր է, բոլոր նորանշանակների համար այժմ յուրօրինակ փորձաշրջան է: Նրանք, ովքեր չեն արդարացնի վստահությունը կամ չեն համապատասխանի իրենց զբաղեցրած պաշտոնին, բնականաբար, կազատվեն աշխատանքից: Կարեւորն այսօր այն է, որ կառավարության կորիզն առողջ է: Մի շարք նշանակումներ՝ մասնավորապես պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնում՝ Զոհրաբ Մնացականյանի, արդարադատության նախարարի պաշտոնում՝ Արտակ Զեյնալյանի, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում՝ Արայիկ Հարությունյանի եւ էլի շատերի նշանակումները դրական արձագանք են գտել հանրության շրջանում: Թերեւս մտահոգիչ է «Ծառուկյան» դաշինքից եւ ՀՅԴ-ից նշանակված համապատասխանաբար 4 եւ 2 նախարարների հանգամանքը, քանի որ այս ուժերը անմասն չեն նախկին համակարգում ՀՀԿ-ի ձեռամբ կատարված եւ հայ ժողովրդի գլխին չարիք դարձած ապօրինություններից ու կամայականություններից: Սակայն այս վիճակը բոլորին հայտնի` պարտադրված համագործակցության արդյունք է, որին պետք է ըմբռնումով մոտենալ: Ամեն դեպքում կառավարությունը կազմավորված է, եւ բոլորիս պարտքն է՝ օգնել ու ողջամիտ ժամկետից հետո նաեւ պահանջել: Այսօր պետք չէ վարչապետին ծանրաբեռնել  անհարկի պահանջներով ու մանրմունր հոգսերով, որոնք կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում: Չմոռանանք, որ հակահեղափոխությունը քնած չէ: Իսկ մեր երիտասարդ նախարարներին լավ հնարավորություն է տրված ապացուցելու իրենց արժանիքները եւ տարհամոզելու թերահավատներին:

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 13-ին ժամանեց Սոչի՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Սոչիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը: Այցի հաջորդ օրը՝ մայիսի 14-ին, տեղի ունեցավ Փաշինյան-Պուտինի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման առանցքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաներն էին։ Հանդիպումն անցկացվում էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից առաջ:

Աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցան նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղըրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի եւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Նիկոլ Փաշինյանի` Սոչի կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Ադլերի Սբ. Սարգիս հայկական եկեղեցին էր: Վարչապետին դիմավորեցին եւ ջերմ ընդունելություն ցուցաբերեցին Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հայրերը, համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Ելույթով հանդես գալով հայկական համայնքի բազմության առջեւ, Հայաստանի վարչապետը կարեւորել է հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների հետագա էլ ավելի ամրապնդումը, երախտիքի խոսք է հղել Ռուսաստանին՝ հայ համայնքին մեծապես աջակցելու, կենսագործունեության լավ պայմաններ ստեղծելու համար: «Բայց ես միաժամանակ ուզում եմ ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն  է՝ հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգեւոր, գիտական ներուժը կամ դրա մի զգալի մասը Հայաստանում կենտրոնացնելը եւ նրա անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը»,- ասել է Փաշինյանը` Սոչիի ու Ռուսաստանի բոլոր հայ եւ ռուս գործարարներին կոչ անելով գալ Հայաստան եւ կատարել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, «որովհետեւ սա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու»:

Սոչիում անցկացված գագաթաժողովի առանցքային դրվագը, որի վրա սեւեռված էր հանրային ամենամեծ ուշադրությունը, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների՝ մասնավորապես «թավշյա» հեղափոխության ճանապարհով վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի եւ նախագահության փաստացի 4-րդ ժամկետը պաշտոնավարող Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր: Այդ հետաքրքրությունը պայմանավորված էր, թերեւս, Հայաստան-Ռուսաստան ավանդական հարաբերություններում կտրուկ շրջադարձի ակնկալիքով, ինչի հավանականությունը հեղափոխական վարչապետի պարագայում բավական մեծ էր: Սակայն, ինչպես պաշտոնապես հայտարարվել էր, որպես առաջին հանդիպում` այն ճանաչողական բնույթ ուներ: Կոնկրետ խնդիրների քննարկում չեղավ, նույնիսկ Արցախի խնդիրը չշոշափվեց: Իրենց կարճ ելույթներում կողմերը հանդես եկան առկա հարաբերությունների շարունակականության օգտին: Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի համար Հայաստանը տարածաշրջանում կարեւոր գործընկեր ու դաշնակից է։ «Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույն կերպ կզարգանան, ինչպես մինչ այժմ են եղել: Մենք կշարունակենք աշխատել միջազգային հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ իրար աջակցել են, ավարտած տարածաշրջանային հարթությունում»,- նշել է նա: Փաշինյանն էլ իր հերթին ասել է. «Քննարկման ենթակա չեն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, եւ ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու, հուսով եմ, չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք հակված ենք զարգացնել ռազմատեխնիկական ուղղությամբ մեր կապերը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։ Իհարկե, դժվար է ասել, թե ինչի մասին են երկու երկրների ղեկավարները խոսել իրենց առանձնազրույցի ժամանակ, որովհետեւ այն ենթակա չէ լուսաբանման: Փորձարկե՞լ է արդյոք Պուտինը Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ոգու ամրությունը, նրա պատրաստակամությունը` Հայաստանը, ինչպես նախորդ վարչակարգերի օրոք, ռուսական ուղեծրում «փոքր եղբոր» կարգավիճակում պահելու հարցում: Հազիվ թե: Ռուսաստանի դաշնության բազմափորձ նախագահը, կարծում եմ, չէր կարող հաշվի չառնել Փաշինյանի մաքուր լեգիտիմության եւ համաժողովրդական աննախադեպ աջակցության փաստը: Եվ, բացի դրանից, աշխարհաքաղաքական նոր իրողությունների հետ կապված` բուն Ռուսաստանում նույնպես իրավիճակ է փոխվում, մարդկային հարաբերությունների նոր մշակույթի անհրաժեշտություն է առաջանում: Պատահական չէր Սոչիի հանդիպումից առաջ «Ռոսնեւթի» տխրահռչակ ներկայացուցիչ Միխայիլ Լեոնտեւի ապաշխարումը, որը Փաշինյանից ներողություն էր հայցում Հայաստանի եւ հայերի հասցեին իր վիրավորական արտահայտությունների համար:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Նախագահ Թրամփը տեղափոխեց ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ

Մայիսի 14-ին Ամերիկան պաշտոնապես դեսպանատուն բացեց Երուսաղեմում, 70 տարի անց այն օրվաից, երբ նախագահ Թրումենը ճանաչեց Իսրայելը՝ որպես անկախ երկիր: Սպիտակ տունը  հայտարարեց, որ «Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը պարզապես իրականության ընդունումն է»:

The Reuters գործակալությունը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեսպանատան բացման օրն անվանել է «փառահեղ օր», եւ ողջունել   Թրամփին, ով արհամարհելով արաբական աշխարհի զայրույթը եւ միջազգային հանրության մտահոգությունները, այնուամենայնիվ, կատարեց իր խոստումը եւ դեսպանատուն բացեց`ճանաչելով Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Շնորհակալություն հայտնելով դեսպանությունը տեղափոխելու «քաջություն ունենալու» համար, Նեթանյահուն ասել է. «Սա մեծ օր է, Երուսաղեմի համար մեծ օր: Մեծ օր Իսրայելի պետության համար: Մի օր, որը սերնդեսերունդ կգրվի մեր ազգային հիշողության մեջ»:

Միեւնույն ժամանակ՝ ԱՄՆ-ի քայլը պաղեստինցիների շրջանում զանգվածային բողոք է առաջացրել: «Պաղեստինցի ցուցարարները սկսեցին հավաքվել Գազայի հատվածում»,- գրում է ABC News-ը: Պաղեստինյան իշխանությունների տվյալներով՝ բողոքի ակցիաներում զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում` ութ երեխա:

The Independent-ը գրում է, որ «այն ժամանակ, երբ «Գազայի սահմանում հիմնականում անզեն պաղեստինցիների վրա կրակելը լայն միջազգային դատապարտման արժանացավ, ԱՄՆ-ում քննադատություն գրեթե չէր հնչում»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեքշաբթի օրը հայտարարել է, որ «Համասը», որը վերահսկում է Գազայի զինյալներին, պատասխանատու է բոլոր մահացածների եւ տուժածների համար: «Հիշենք, որ «Համաս» ահաբեկչական կազմակերպությունը տարիներ շարունակ բռնություն էր գործադրում`դեռ մինչեւ ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխելու որոշումը»,- ավելացրել է նա՝ շարունակելով. «Սա է վտանգում Գազայի ժողովրդին: «Համասը» գոհ է երեկվա արդյունքներից»: Նա նաեւ պնդել է, որ «ոչ մի երկիր ավելի մեծ զսպվածություն չէր ցուցաբերի իր սահմանների վրա նման գործողությունների դեպքում, քան Իսրայելը»:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: