Կիրակի, Հոկտեմբերի 13, 2024

Շաբաթվա անցուդարձ

Հունիսի 23-30

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հունիսի 25-ին մեղադրանք է առաջադրել Էջմիածնի՝ օրերս հրաժարական տված քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, որը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Վերջինս, ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում: ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարեն Գրիգորյանը եւ նրա հայրը՝ այժմ կալանավորված Մանվել Գրիգորյանը, յուրացման եղանակով հափշտակել են «Ռուսաստանի հայ համայնքի» շրջանային կազմակերպության կողմից բանակին նվիրաբերված «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, դրանք տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար: Կարեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

...Երեւում է՝ բախտը Գրիգորյաններից երես է թեքել: Գեներալի ընտանիքից հերթը նրա տիկնոջն էր՝ Նազիկ Ամիրյանինը, ում ձերբակալելու որոշումն ընդունվել էր հունիսի 25-ին, սակայն Ամիրյանը ձերբակալվեց նախաքննական մարմին ներկայացած օրը՝ հունիսի 27-ին: Վերջինիս անունը շրջանառվում էր Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում: Դեռ օրեր առաջ, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում էր գեներալին անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Գրիգորյանն ապօրինի զենքը նաեւ կնոջ եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ է պահել: Բացի դրանից, Ամիրյանը, ոստիկանության փոխանցմամբ, հանձնարարել էր «Զինվորի բաժին» գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոները ԵԿՄ գրասենյակից տեղափոխել ավելի անվտանգ տեղ: Այդպիսով՝ ըստ պաշտոնական վարկածի՝ Նազիկ Ամիրյանը կասկածվում է անհայտ աղբյուրից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք ու ռազմամթերք ձեռք բերելու եւ Մանվել Գրիգորյանի հետ իրենց հաշվառման ու փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանը եւ հանգստի գոտի ծառայող՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ եւ 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահելու մեջ:

Նույն հունիսի 25-ին Գրիգորյաններին եւս մեկ տխուր անակնկալ էր սպասվում. վաղ առավոտյան Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները փակել էին միջհամայնքային, ինչպես նաեւ գյուղ մտնող բոլոր ճանապարհները, եւ բողոքի ցույց էին անցկացնում գյուղի կենտրոնական հրապարակում՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը: Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։ Արշալույսի բնակչության պնդմամբ՝ գեներալի հովանավորությունը վայելող գյուղապետը տարիներ շարունակ ահաբեկել է գյուղացիներին, խլել նրանց ունեցվածքը: Ըստ արշալույսցիների, համայնքում միայն պետական պաշտոններ զբաղեցնող Գրիգորյաններն ունեն հսկայական կարողություններ՝ բերրի հողեր, առանձնատներ, խանութներ ու ջերմոցներ: Ի դեպ, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի՝ հենց Արշալույսում գտնվող առանձնատնից էր հայտնաբերել բանակի համար նախատեսված մի շարք ապրանքներ։ Ցույցի մասնակիցների խոսքով՝  այդ գյուղում Մանվել Գրիգորյանը, Զարզանդ Գրիգորյանը եւ նրա եղբայրը՝ Հրանտը, ավելի շատ ունեցվածքի են տիրապետում, քան մյուս բոլոր գյուղացիները միասին վերցրած: Որեւէ փաստաթուղթ տրամադրելու դեպքում գյուղապետը, ցուցարարների ասելով, պարբերաբար լրացուցիչ գումար է պահանջել, չվճարված պարտքերի համար հավելավճարներ է գանձել։ Բացի հրաժարականից, երիտասարդությունը պահանջում էր ֆինանսական աուդիտ իրականացնել գյուղում, քանի որ տեղեկություն ունեն, որ գյուղապետը յուրացրել է նույնիսկ կարկտահարությունից տուժած գյուղացիների համար կառավարությունից հատկացված օգնությունները: Բողոքավորների բնորոշմամբ՝ Զարզանդ Գրիգորյանը գեներալի «կրկնօրինակն է», ով շարունակ ահաբեկել է ժողովրդին, տարիներ ի վեր համայնքում բռնապետություն հաստատել:

Ագահությունը, փողի մոլուցքը` մանավանդ ամենաթողության եւ համատարած կոռուպցիայի պայմաններում, բռնապետության տանող ամենակարճ ճանապարհն է: Իսկ երբ այդ ամենին գումարվում է անպատժելիության զգացումը, ապօրինի հարստացման տենդով բռնկված ամեն ոք, ինչպես սույն գեներալի պարագայում, հնարավություն է ստանում ազատություն տալու իր գործողություններին, մինչեւ իսկ կոռուպցիայի մեջ ներքաշելու ոչ միայն մերձավոր ազգականներին, այլեւ իր ընտանիքի անդամներին: Վերջաբանը, ինչպես տեսնում ենք, տխուր է:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինները ձեռնամուխ են եղել նոր աղմկահարույց բացահայտումների: Ձերբակալությունների շղթան հետզհետե մեծանում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ ու անուններ: ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով ծառայության քննիչի որոշմամբ օրերս ձերբակալվեց Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը։ Նա կասկածվում է ապօրինի հարստանալու, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ: Նախաքննությունը շարունակվում է:

...Հատկանշական է, որ աղմկոտ բացահայտումների «պտտահողմը», կարծես թե, մոտենում է ՀՀ երրորդ նախագահի մերձավոր շրջապատին: Գեներալ Ղազարյանը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից է: Ավելին՝ հանրության շրջանում նա հայտնի է «Սերժի Վաչո» անունով: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Ղազարյանը բերման է ենթարկվել հունիսի 25-ին մայրաքաղաքի Չարենցի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից։ Խուզարկվել է «Յունիբանկ»-ից դուրս գալու պահին ձեռքին եղած պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ։ Գումարները կանխիկացվել էին նրա անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից: Գեներալի խոսքով՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական տերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Անձնական խուզարկության ընթացքում «Սերժի Վաչոն» ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում եղած 500 ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար: «Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի՝ Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում վերջինս պատրաստվում էր կանխիկացնել նաեւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին ունեցած 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում։ Խուզարկության ժամանակ գեներալը հայտնել է, որ «Յունիբանկ» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում:

Տարօրինակ պատճառաբանություն է, այդպես չէ՞: Ինչպե՞ս կարելի է մոռանալ  այդքան խոշոր չափի գումարների մասին: Նախաքննության ժամանակ Վաչագան Ղազարյանի տիկնոջ, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռուզաննա Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ: Պարզվել է, որ ամուսինները վերջին 10 տարում «մոռացել են» պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իրենց հայտարարագրերում մատնանշել նաեւ վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներն ու թանկարժեք իրերը: Ի դեպ, ՀՀ-ում առաջին անգամ է քրեական գործ հարուցվում բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ:

ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետին բերման ենթարկելուց ժամեր անց հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Սայաթ Նովա փողոցից բերման է ենթարկել Սերժ Սարգսյանի կրտսեր եղբորը՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Մամուլը վերջինիս անունը կապում էր բազում բիզնեսների հետ՝ առավելապես այլոց բիզնեսներում «50/50» հարաբերակցությամբ «փայ» մտնելու համատեքստում: Ոստիկանությունը նույն օրն ազատ արձակեց  Սարգսյանին՝ տեղեկացնելով, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։ Իսկ Վաչագան Ղազարյանը ձերբակալվեց: Ուշագրավ է, որ անցնող շաբաթ մամուլը տեղեկանյութ տարածեց նաեւ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա որդու մասին, որոնց անունները շոշափվում էին պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս պատճառելու կասկածանքով ՊԵԿ-ի քննչական վարչությունում վարվող քրեական գործի շրջանակներում: Խոսքը «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի մասին է, որի համահիմնադիրներից է նաեւ Լեւոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 տոկոս բաժնեմասով: Իսկ վերջինիս որդին՝ Նարեկ Սարգսյանը, նույն՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20 տոկոս բաժնետերն է: Ընկերությունը մեղադրվում է հարկային խոշոր չարաշահումների մեջ:

Կսեղմվի՞ օղակը Սերժ Սարգսյանի շուրջ, թե՞ հասարակությանը հանգստացնելու իմիտացիա է ստեղծվում՝ ցույց կտան մոտակա ժամանակները:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Միջազգային մամուլ

 

Էրդողանը հաղթեց Թուրքիայի ընտրություններում

Financial Times թերթը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ է տարել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, «ապահովելով պաշտոնավարման եւս հինգ տարի՝ հզոր նախագահական համակարգում, որը հնարավորություն է տալիս աննախադեպ ուժեր կենտրոնացնել իր ձեռքերում»:

«Անադոլու» պաշտոնական գործակալությունը հաղորդում է, որ քվեների 99 տոկոսը հաշվելով, Էրդողանը հաղթել է ազգային քվեարկության 52,54 տոկոսով, իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածու Մուհառեմ Ինչը ստացել է քվեների 30.68 տոկոսը:

The Guardian-ը գրում է, որ «հսկայական բազմություն էր հավաքվել Էրդողանի հաղթանակը տոնելու համար եւ լսելու նրա ելույթը կուսակցության Անկարայի շտաբից»: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ելույթում նա խոսել է ահաբեկչական կազմակերպությունների դեմ, սիրիական տարածքները ազատելու համար շարունակական պայքարի եւ Թուրքիայի միջազգային հեղինակությունը բարձրացնելու մասին: «Մեր դրոշն ավելի ազատ կծածանվի, յուրաքանչյուր քաղաքացու խաղաղությունն առավել կապահովվի»,- ասել է նա, նախքան՝ «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ երկիր, մեկ պետություն» վանկարկելը: Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը կողմ է քվեարկել «ժողովրդավարությանը, իրավունքներին եւ ազատություններին, բոլոր բնագավառներում աճին, զարգացմանը, հարստացմանը, պատվավոր եւ ուժեղ երկիր դառնալուն»:

 

Իրանը ցնցում են զանգվածային ցույցերը

CNN-ի հաղորդմամբ՝ «մի շարք տնտեսական բողոքներ ցնցում են Իրանի մայրաքաղաք Թեհրանը: Ցույցերը հիմնականում կենտրոնացած են «Գրանդ Բազառի» առեւտրականների շուրջ, «որոնք հայտնում են իրենց զայրույթը վերջին ամիսների ընթացքում երկրի արժույթի արժեզրկման հետ կապված»: Ինչպես հայտնի է, անցած տարվա վերջին մեկ դոլարը կարելի էր գնել 42.000 ռիալով, բայց հիմա մեկ դոլարը գնվում է 90.000 ռիալով:

The Times of Israel-ը գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին «ձգտում է հանգստացնել տագնապալի տնտեսական ճգնաժամի շուրջ աճող դժգոհությունը՝ վստահեցնելով հանրությանը, որ երկիրը կկարողանա դիմակայել միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կիրառված նոր պատժամիջոցներին»: Նա նաեւ մեղադրել է Վաշինգտոնին՝ Իրանի հանդեպ «հոգեբանական, տնտեսական եւ քաղաքական պատերազմ» վարելու մեջ:

Ըստ պարբերականի, Թեհրանում եւ երկրի ողջ տարածքում՝ «ներառյալ տնտեսապես խիստ ծանր վիճակում գտնվող քաղաքներում, ինչպիսին է Իրանի արեւմտյան Քերմանշահը», ընթացող բողոքի ցույցերի ժամանակ հնչում էին «Մահ՝ Պաղեստինին», «Ոչ՝ Գազային», «Ոչ՝ Լիբանանին», ինչպես նաեւ՝ «Թողեք Սիրիան եւ մտածեք մեր մասին», «Մենք չենք ուզում այաթոլլաններին» եւ «Մահ բռնապետին» կոչեր:

 

Պատրաստեց Մարինա Մուրադյանը

Հոկտեմբերի 12 2024
Սեպտեմբերի 28 2024
Սեպտեմբերի 22 2024
Սեպտեմբերի 14 2024
Օգոստոսի 31 2024
Օգոստոսի 24 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: