Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ
Անցած շաբաթավերջին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր` մասնավորապես կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Նախարար Մնացականյանն ընդգծել է կրակի դադարեցման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունների անվերապահ կատարման եւ վերիֆիկացիոն մեխանիզմների արմատավորման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳՆ ղեկավարն անթույլատրելի է համարել Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։ Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
…Հանդիպումների նախօրեին ՀՀ քաղաքագիտական շրջանակներն առանձնապես հույսեր չէին տածում ժնեւյան բանակցությունների հետ: Եվ միանգամայն հասկանալի է, թե` ինչու: Թշնամի պետության ռազմաքաղաքական ղեկավարության անքննելի վարքագիծը, հոգեկան անհավասարակշռությունը, անպատկառությունը, հրադադարի երեք տապալված փորձերը եւ մի շարք այլ գործոններ չէին կարող լավատեսություն ներշնչել: Իրավիճակի անելանելիության հանգամանքը գրավել է նաեւ միջազգային մամուլի ուշադրությունը: «Վաշինգտոն փոստ»-ի դիտարկմամբ` երկու երկրներում «ազգայնական տենդագին տրամադրություններ են», եւ հակամարտությունը, ըստ թերթի զրուցակցի` ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի, շուտով կարող է հասնել անդառնալի մի գծի, «երբ արդեն կանգ չի առնի` առանց ռազմական գործողությունների դրամատիկ ընդլայնման ու մարդկային կորուստների աճի»։ Հակամարտության մասին ՌԴ նախագահի կողմից նախօրեին արված հայտարարություններից «Ռոթերս»-ն էլ առանձնացրել է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հնարավորության դրվագը: Պարբերականը նյութը վերնագրել է` «Պուտինը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ներգրավել Թուրքիային»։
Արցախյան կարգավորման խնդրում Թուրքիայի ներգրավվածության ձգտումները նոր չեն: Դեռեւս 90-ականներից թուրք դիվանագետները չթուլացող ակտիվություն էին ցուցաբերում այն ժամանակ նոր ստեղծված` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հանդեպ: Թուրքիայի ԱԳ նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները սկսել էին հաճախակի այցելել Երեւան` հետեւողականորեն առաջարկելով խաղաղ գործընթացի միջնորդների դերում իրենց ծառայությունները: ՀՀ այն ժամանակվա իշխանությունները հնարավորություններ էին փնտրում կարգավորելու Հայաստան-Թուրքիայ հարաբերությունները, եւ այս հարցն էլ դիտարկում էին բնականոնացման ընդհանուր փաթեթի շրջանակներում: Սակայն շատ արագ պարզվեց, որ Թուրքիան` ունենալով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աջակցությունը, ձգտում է հիմնավորվել Հարավային Կովկասում, ընդլայնել այդտեղ իր քաղաքական ու ռազմական ներկայությունը եւ, միաժամանակ, հանդես գալ Ադրբեջանի օգտին:
Այն ժամանակ էլ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման փորձերն անարդյունք եղան, եւ Հայաստանը հասկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին (որի անդամ էր եւ է նաեւ Թուրքիան), որ պաշտոնական Անկարան չի կարող ընդունելի միջնորդ լինել խաղաղարար գործընթացում, քանի որ միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին` անտեսելով մյուս կողմի փաստարկները: Եվ ՀՀ-ում 1998-ի իշխանափոխությունից հետո հայկական դիվանագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը դարձավ բացատրել ողջ աշխարհին, որ Ադրբեջանին միակողմանիորեն ռազմատեխնիկական, քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն ցուցաբերող Թուրքիան անելիք չունի Մինսկի խմբում, որի մեջ անդուլ կերպով ցանկանում էր խցկվել: Սա է պատմությունը, որը, կարծես թե, վերաիմաստավորվել է այս պատերազմով:
Հոկտեմբերի 30-ին, երբ Ժնեւում մեկնարկել էին երեք համանախագահների հետ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները, այդ նույն ժամերին Մոսկվայում Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն էր անցկացնում, որտեղ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի համատեքստում քննարկվում էին արցախյան զարգացումները։ Տվյալ թեմայով սա արդեն Ռուսաստանի անվտանգության խորհրդի երրորդ նիստն էր: Հատկանշական է, որ ժնեւյան բանակցությունների մեկնարկին Վլադիմիր Պուտինը վերահաստատել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ավելի վաղ հայտնած տեղեկությունը, թե Ադրբեջանի ու Հայաստանի նախկին իշխանությունների հետ քննարկված փուլային կարգավորման տարբերակն օրակարգում է նաեւ այսօր, այն է` հայկական զորքերը դուրս բերել նախ` հինգ, հետո երկու շրջաններից` պահպանելով Հայաստանի հետ Արցախի կապը, իսկ կարգավիճակի խնդիրը թողնել «հետո»-ին:
Ժնեւյան բանակցություններից Իլհամ Ալիեւի հիմնական ակնկալիքը` որպես առաջին քայլ, «ադրբեջանական գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույցի սահմանումն է: Մինչդեռ միջազգային ազդեցիկ դերակատարները պահանջում են անհապաղ դադարեցնել կրակը` առանց որեւէ նախապայմանների: Հրադադարի մասին Ադրբեջանը լսել անգամ չի ուզում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի զորու չեն պարտավորեցնել նրան` պահպանելու հրադադարի մասին ձեռք բերված 3 համաձայնությունները` ընդամենը հումանիտար պարզ ու հասկանալի մի գործողություն, որն անհրաժեշտ է գերիներին փոխանակելու եւ ռազմադաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու համար: Եթե անգամ այս հասարակ պայմանավորվածությունը չի կատարվում, ապա ինչպե՞ս կարելի է հասնել հստակ ժամանակացույցի հաստատման եւ, ի վերջո, արցախյան հակամարտության կարգավորման, ընդ որում` ի հաշիվ Հայաստանից կորզվող «ցավոտ զիջումների», ինչը մեր վարչապետը հայ ժողովրդի անունից եւ հանուն խաղաղության` խոստացել է: Բայց սա այլ թեմա է, որին մենք դեռ կանդրադառնանք:
Հակառակ խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները դիտավորությամբ չթիրախավորելու` Ժնեւում կայացած պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը, բանակցություններից շատ չանցած, հավատարիմ իր բնույթին, շարունակեց Արցախի խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբահարումները: Ավելին` այս անգամ նենգ ոսոխն անցավ «կարմիր գծերը», Արցախի դեմ կիրառելով միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված քիմիական զենք` ֆոսֆորային ռումբեր, որոնցից հրդեհներ են բռնկել գյուղամերձ անտառներում: Դե արի, խեղճ արցախցի շինական, հույս փայփայիր «միջազգային հանրություն» կամ ՄԱԿ կոչվող անգործունակ, մարդկային խղճմտանքը կորցրած ինչ-որ ամորֆ երեւույթների հետ, որոնք իբր կոչված են ու պարտավոր են բռնել հանցավորի արյունոտ ձեռքը եւ ցույց տալ նրան իր տեղը: «Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում»,- Թվիթերի իր էջում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Քիմիական զենքի խնդիրը բարձրաձայնել են նաեւ Հայաստանի ու Արցախի ՄԻ պաշտպանները, բայց օգուտը ո՞րն է:
Թե որքանով Հայաստանին կհաջողվի դիվանագիտական ոլորտում մոտեցնել հակամարտության արդարացի հանգուցալուծումը, դժվար է ասել, սակայն մի բան հաստատ է` խնդրի կարգավորումը հայ պանծալի զինվորի բազկի ու մտքի արգասիքն է լինելու: Այդ տեսակետից լավատեսություն է ներշնչում լեգենդար Կամանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի դիտարկումը. «Մենք թշնամու ողնաշարն արդեն ջարդել ենք, իրենք արդեն փոշմանել են, որ հարձակում են սկսել»,- մի քանի օր առաջ ասել է փառաբանված գեներալը:
«2021-ը բոլորիս համար լինելու է լարված տարի: Հիմնական մարտահրավերները կորոնավիրուսը եւ պատերազմն են»,- նոյեմբերի 2-ին հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծն ԱԺ մշտական հանձնաժողովներին ներկայացնելիս հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վերջինս, սակայն, վստահ է, որ կհաջողվի ունենալ բյուջե, որում հաշվի կառնվեն հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները, կապահովվեն երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը:
2021-ին նախատեսվում է եկամուտների կրճատում` 26 մլրդ դրամով, ծախսերի կրճատում՝ 12 մլրդ դրամով, պարտքի ավելացում` այն կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը: Այս պատկերը կառավարությունը բացատրում է «COVID-19»-ի բացասական ազդեցությամբ: Բյուջեի եկամուտների հավաքագրման եւ ծախսերի իրականացման վրա սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ազդեցությունը գնահատված չէ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չբացառեց, որ 2021թ. բյուջեն, ե՛ւ որպես նախագիծ, ե՛ւ որպես ընդունված օրենք, կարող է վերանայվել, ինչպես` 2020-ի բյուջեն:
…Թվում էր` ԱԺ հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումների առաջին օրը թեման կծավալվեր եկամուտների եւ ծախսերի կրճատման, պարտքի ավելացման կամ համավարակի ու պատերազմի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի հաղթահարման խնդիրների շուրջը: Սակայն այդպես չեղավ` բանավեճի հիմնական նյութը պետական համակարգում պարգեւավճարների պահպանման մասին էր: Եվ դա հասկանալի է: Բանն այն է, որ հաջորդ տարվա պետբյուջեով պարգեւատրումներին հատկացված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ` չհաշված քաղծառայողների համար նախատեսված գումարը: Սա 2020 թվականի համեմատ մոտավորապես 800 մլն դրամով ավելի է։ Փաստորեն այս խնդիրը, որը ժողովրդի համար ամենազգայուններից է, իսկ պատերազմական այս օրերին էլ ավելի ուժգին հակազդեցություն կարող է ունենալ, կառավարությունը շարունակում է անձեռնմխելիորեն պահել օրակարգում:
«Նոր իրողություններով պայմանավորված` կառավարությունը մտադի՞ր է արդյոք վերանայել պարգեւատրումների թիվը, թե՞ սա նույնությամբ մնալու է»,- նիստում նման հարցապնդում է արել ԼՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։ Պատասխանելով հարցին, նախարար Ջանջուղազյանը նշել է, որ նախագծում որեւէ փոփոխության մասին խոսքը ժամանակավրեպ է: «Պարգեւավճարը միջանկյալ լուծում է այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին ու չի գտնվել աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի լուծումը»,- շեշտել է կառավարության անդամը:
Հետաքրքիր հիմնավորում է, այդպես չէ՞: Համարյա սայլը եզների առջեւից կանգնեցնելու զավեշտի պես մի բան է ստացվում: Նախ` միջանկյալ լուծումս ո՞րն է` այն էլ անորոշ ժամանակով, քանի որ հայտնի չէ, թե երբ կառավարման համակարգի բարեփոխումը կհասնի իր տրամաբանական ավարտին ու երբ կգտնվի աշխատանքի համարժեք վարձատրության լուծումը, եւ երկրորդ` ինչո՞ւ է ամեն ինչ` նույնիսկ համակարգի բարեփոխումները, կապակցվում պաշտոնյաների պարգեւավճարներին: Մի՞թե զուտ պարգեւավճարներով են պայմանավորված բարեփոխումները: Կամ` մի՞թե դրանք են ամենակարեւորը: Իսկ միգուցե բարեփոխումների հիմնական իմաստը աշխատանքի բարձր արդյունավետության, ոլորտի արդիականացման ու կայուն զարգացման ապահովո՞ւմն է: Թե այդ մասին հոգալը ժամանակավրե՞պ է, ինչպես ակնարկում է նախարարը:
Ջանջուղազյանի մեկ այլ պարզաբանմամբ` նախկինում պարգեւավճարները տրվում էին ոչ թե բյուջեից, այլ գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներից: Սակայն «հեղափոխական» կառավարությունը, ըստ նախարարի, 2019-ից սկսած` հրաժարվեց արտաբյուջետային ֆոնդերից` համարելով, որ դրանք չեն եղել թափանցիկ ծախսեր: Տո´, հեր օրհնած` քանի՞ լումա արժե այդպիսի թափանցիկությունը, եթե ժողովրդի գերակշիռ մասի կարծիքն անտեսվում է: Մամուլում եւ սոցցանցերում թեման քանիցս աղմուկ է հանել, հանրությունը փնովում էր, դատապարտում էր բարձրաստիճան պաշտոնյաների նմանօրինակ գործելակերպը, որոնք աղքատ երկրում իրենց ավելորդ շռայլություններ են թույլ տալիս: Մարդկանց արդարացի վրդովմունքը հաշվի առնելու եւ պատշաճ հետեւություններ անելու փոխարեն «իմքայլական» իշխանությունը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի շուրթերով հայտարարեց, թե իրենք նվիրյալներ չեն, որպեսզի 500-600 հազար դրամով օրնիբուն աշխատեն: Հանրությունն այդպես էլ չիմացավ, թե այդ ինչ տաժանակիր աշխատանքի են լծված իշխանական այրերը, որ ժողովուրդը չի տեսնում եւ չի գնահատում ըստ արժանվույնս:
Բյուջեի քննարկման սոսկ հաջորդ օրը հնարավոր եղավ փակել պարգեւավճարների թեման եւ անցնել երկրի առանցքային օրակարգերից մեկին` տնտեսական հարցերին: Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ` 2020 թվականը կավարտվի 6 տոկոս տնտեսական անկումով, բայց եկող տարի արդեն կունենանք 4,8 տոկոս աճ: 2021-ի բյուջեի ընդհանուր եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 569/437 միլիարդ դրամ, ծախսերը` 1 տրիլիոն 843 միլիարդ։ Տարբերությունը կամ պետբյուջեի պակասուրդը կազմում է մոտ 274 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով` ավելի քան 551 միլիոն դոլար, որի ֆինանսավորումը լրացուցիչ պարտք ներգրավելու անհրաժեշտություն է առաջացնելու: Սա արդեն բավական լուրջ խնդիր է` որքան էլ ֆինանսիստներն ու տնտեսագետները փորձեն մեղմել կամ «սվաղել սուր անկյունները»:
Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` անցած սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 854 միլիոն դոլար, որը 2019թ. վերջի համեմատ ավելի է 533 միլիոն դոլարով։ Ըստ 2021թ. պետական բյուջեի նախագծի, այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8 միլիարդ 850 միլիոն դոլար, իսկ գալիք տարվա ավարտին` 9 միլիարդ 215 միլիոն դոլար։ Լրագրողների հարցին, թե պետության պարտքի նման ավելացման հետեւանքով գալիք տարի քանի՞ տոկոս է կազմելու ՀՆԱ-ի նկատմամբ մեր պետական պարտքը, ֆինանսների նախարարը կոնկրետ թիվ չնշեց` ասելով, թե փաստաթղթի մեջ 60 տոկոսի շեմը գերազանցող կանխատեսումներ են ներառված: Մնում է միայն ափսոսանք հայտնել, որ երկու տարի առաջ Հայաստանի բյուջեն 30-35 տոկոսով ավելացնելու խոստումներ տված իշխանությունն այսօր պետական պարտքերն է ավելացնում` հասցնելով աննախադեպ չափերի:
Հիշեցնենք, որ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 12-ը, քննարկման արդյունքում ձեւավորված առաջարկները կներկայացվեն կառավարություն, եւ բյուջեն խորհրդարանի դատին կհանձնվի նոյեմբերի 17-ի հերթական նիստում:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին` մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին: Վարչապետի նամակի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են. «Ռուսաստանը, դաշնակցային պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ըստ ՏԱՍՍ-ի, նոյեմբերի 1-ին եւ 2-ին տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցները նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Իլհամ Ալիեւի հետ: Զրույցների ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն է Թուրքիայի հետ սկսել պատերազմը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին մի շարք երկրներից ժամանած սփյուռքահայ եւ օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների, միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պատասխանելով լրագրողների հարցերին, Սարգսյանը մասնավորապես նշել է. «Նրանք հիմա ոչնչացնում են դպրոցներ, հիվանդանոցներ, անմարդկային արարքներ են իրականացնում՝ ոչնչացնելով նաեւ մարդկային կյանքեր»: Նախագահի խոսքով՝ սիրացի ահաբեկիչների ձեռքով Ադրբեջան-Թուրքիա տանդեմը էթնիկ զտումներ է իրականացնում Արցախում, քանի որ ձգտում է վերցնել տարածքը՝ ոչնչացնելով հազարամյակներով այնտեղ բնակվող էթնիկ հայերին: