Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2024

Շաբաթվա անցուդարձ

12-19 հոկտեմբերի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացել էին ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ։ Անգամ փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, հայհոյախառն արտահայտություններ, եւ բանը կհասներ բռունցքներին, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ժամանակին տաքարյուն Քյարամյանին չհեռացներ դյուրահույզ Աղազարյանից:

Վիճաբանությունը, ինչպես հաճախ է պատահում, սկսվել է արտաքինից չերեւացող կամ աննշան թվացող «տղայական ռազբորկաների» մակարդակի խոսակցությունից եւ վերածվել հակասական տարրեր պարունակող խորքային բախման: 34-ամյա Քյարամյանը իրենից 30 տարով ավագ Աղազարյանի «արա»-ին հակադարձում է «ոտից գլուխ «արա»-ն դու ես» սաստկական երանգով: ՔՊ-ական պատգամավորը դժգոհ է Քյարամյանից: Նրա ինքնասիրությունը, կարծես թե, վիրավորվել է, որ վերջինս ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Քոչարյանի հարցին պատասխանեց ընդգծված քաղաքավարությամբ, իսկ իրեն անտեսեց եւ, ընդհանրապես, անբարյացակամություն դրսեւորեց իր նկատմամբ:

Իրականում Աղազարյան-Քյարամյան տարաձայնությունների արմատը շատ ավելի խորն է: Պատգամավորի որդու ընկերության նկատմամբ ՔԿ-ում հարուցված քրեական գործ կա, որն առնչվում է դրսից ավտոմեքենաներ ներմուծելու եւ ԱՊՀ երկրներում իրացնելու ընթացքում պետությանը հասցված շուրջ 10 մլրդ դրամ վնասին: Աղազարյանի հնչեցրած հարցի շրջանակում այս մասին էր բարձրաձայնել Քյարամյանը: «Առնվազն երկու անգամ ինձ դիմել են ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը»,- ասել է ՔԿ ղեկավարը:

Եվ սա բոլորը չէ: Լսումների ժամանակ նույն անձի անունը՝ ընդ որում ՀՀ գլխավոր դատախազի ներկայությամբ, հոլովվել է հանցագործության մասին մեկ այլ հաղորդագրության մեջ եւս: Հայտարարվել է, որ ՔՊ պատգամավորը 300 հազար դոլար կաշառք է վերցրել արտասահման մանր եղջերավոր անասունների մեծ խմբաքանակ տեղափոխելու միջնորդության համար: Ահա թե ինչու էին տեղի տվել Հովիկ Աղազարյանի ջղերը: Եթե ՀՀ-ում օրենքից ու օրինականությունից ինչ-որ պատառիկներ դեռ մնացել են, նրան ամենամոտ ժամանակներս ԱԺ-ում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սպասվում:

Ընդհանուր առմամբ՝ իշխանության հրավիրած լսումները, որոնց, ի դեպ, մասնակցում էին նվազագույն թվով ՔՊ պատգամավորներ, ինչը հունից հանել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են խոստանում: Դատելով ամենից՝ իշխող քաղաքական ուժը չանցավ ամրության փորձաքննությունը: Ակնհայտ դարձավ, որ «Քաղպայմանագիրը» գաղափարակիցների թիմ չէ: Ուրեմն՝ «ուսապարկերի» համախմբումը տեղի է ունեցել ոչ թե ընդհանուր գաղափարի շուրջ, այլ՝ փողի քսակի: Դա էլ հանգեցրել է ներկլանային հարաբերությունների սրացման եւ տեղիք տվել «կոմպրոմատների պատերազմի»:

 

Առանց միջադեպի չանցան նաեւ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, «Անկախության հռչակագրի անժամանցելի արդիականությունը» թեմայով «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները: Միջոցառման առաջին իսկ ընդմիջմանը Անվտանգության աշխատակիցները՝ միջանցքում ոլորելով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ձեռքերը, քաշքշելով նրան հեռացրին խորհրդարանից՝ ԱԺ խոսնակին քննադատելու եւ վիրավորելու համար: Հեռացվելուց առաջ Հակոբյանը երկրի թիվ մեկ ամբիոնից խիստ քննադատության էր ենթարկել նաեւ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ու նրա թիմին՝ հանրությանը կոչ անելով համախմբվել ու ընդվզել ապազգային, հայրենադավ իշխանության դեմ:

«Նրանք թքած ունեն մեր բոլորի իրավունքների եւ արժանապատվության վրա, եւ սահմանադրական կարգը որպեսզի վերականգնենք, պահպանենք մեր իրավունքները՝ պետք է ամեն գնով վռնդենք այս իշխանությանը: Համենայն դեպս՝ առաջին շարքերում կլինեմ միշտ, որտեղ իսկապես անկեղծորեն խնդիր կդրվի ազգակործան պատուհասներից ձերբազատվելու հարցը»,- նշել էր Հակոբյանը՝ հիշատակելով քաղաքացու դեմքին Ալեն Սիմոնյանի հայտնի «թքոցին», որը, ըստ նրա, վայել չէ պետություն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյային:

ՀՀ անկախության հռչակագրի թեման արդիականացվեց եւ լայն քննարկումների նյութ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց ՀՀ Մայր օրենքը փոխելու պահանջ դնել: Ալիեւին դուր չէր գալիս, որ մեր Սահմանադրության նախաբանում նշվում է Անկախության հռչակագրի մասին, որտեղ էլ հիշատակում կա Արցախի ու Հայաստանի վերամիավորման վերաբերյալ։ Բաքվի սուլթանը, ըստ էության, ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն անտեսելով՝ Հայաստանի օրենսդրական փաստաթղթերում է տեսնում «սպառնալիքը», որը հայկական կողմը քանիցս առաջարկել է համապատասխան դրույթով շտկել առաջիկայում ստորագրվելիք բազմաչարչար Խաղաղության պայմանագրում:

Հակիրճ գալով ընդդիմության կազմակերպած լսումներին, կարելի է արձանագրել, որ այն բավական հագեցված էր, բովանդակալից եւ քննարկման արդյունավետության առումով շատ ավելի հաջողված, քան Անդրանիկ Քոչարյանի՝ նախորդ օրվա լսումները, որոնք, ամենայն հավանականությամբ, ինչ-որ կասկածելի պատվերի շրջանակում էին: Առնվազն տպավորությունն այդպիսին էր: Պատահական չէ, որ խորհրդարանի ՔՊ խմբակցությունից ներկա էր պատգամավորների հազիվ 20-22 տոկոսը, մեծամասնությունը նախընտրել էր իրեն հեռու պահել կասկածելի խժդժություններից՝ երեւի գիտակցելով, որ առանց այդ էլ մեծ մեղքի մեջ են:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Դարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Նա այս մրցանակը կիսում է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի եւ հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։ Աճեմօղլուն ու Ռոբինսոնը «Ինչո՞ւ են ձախողվում պետությունները» (Why nations fail) համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։ Ըստ Կոմիտեի՝ Աճեմօղլուն, Ռոբինսոնն ու Ջոնսոնը Նոբելյան մրցանակին արժանացել են «ինստիտուտների ձեւավորման եւ բարեկեցության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների համար»։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցեց «3+3» ձեւաչափով տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3-րդ հանդիպմանը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «3+3»-ը արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ ՌԴ-ի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ Վրաստանը, սակայն, հարթակին չի միանում ՌԴ-ի հետ հակասությունների պատճառով։

Ժնեւում հոկտեմբերի 14-ին մեկնարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակի մամուլի քարտուղարը։ Նախատեսված էր հանդիպում նաեւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն հայկական կողմի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը չեղարկել է այն։ Երկու երկրները 2020թ. պատերազմից հետո հատուկ բանագնացներ նշանակեցին հարաբերությունների կարգավորման համար, որոնք արդեն մի քանի հանդիպում են անցկացրել:

Թուրքիայի ԶԼՄ-ները կարգավորող գերատեսչությունը չեղարկել է Ստամբուլում գործող ռադիոկայանի հեռարձակման արտոնագիրը՝ այդ լրատվամիջոցի եթերում հյուրի կողմից Հայոց ցեղասպանության մասին հնչեցրած խոսքի համար: Լրատվամիջոցի զրուցակիցը կիրառել է հենց «Ցեղասպանություն» եզրույթը, որը պաշտոնական Թուրքիան մերժում է: Գերատեսչությունը լրատվամիջոցի գործունեությունն արգելում է՝ պնդելով, որ ռադիոակայանը որեւէ կերպ չի փորձել «ուղղել հյուրի խոսքերը, որոնք ատելություն եւ թշնամանք են հրահրում»:

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով՝ հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից փոխանցում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Այս տարեսկզբից 32 զինծառայող է մահացել, եւ միայն 4-ը՝ հակառակորդի կրակոցից: 28 զինվոր ոչ մարտական պայմաններում է զոհվել՝ ինքնասպանություններ, սպանություններ, առողջական խնդիրներ, ավտովթարներ, հրդեհ:

Ալեքսանդր Պետրակովն այլեւս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: ՈւԵՖԱ ազգերի լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ հայտնել է Ֆուտբոլի ֆեդերացիան։ 65-ամյա Պետրակովը հավաքականը ղեկավարում էր 2023թ. հունվարից։ Հավաքականը Ազգերի լիգայի չորրորդ տուրում «Հանրապետական» մարզադաշտում Հյուսիսային Մակեդոնիային պարտվեց 0։2 հաշվով։ Սկոպյեում կայացած առաջին խաղում դարձյալ հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիան 2:0 հաշվով:

Նոյեմբերի 30 2024
Նոյեմբերի 23 2024
Նոյեմբերի 16 2024
Նոյեմբերի 09 2024
Հոկտեմբերի 19 2024
Հոկտեմբերի 12 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: