Շաբաթ, Ապրիլի 20, 2024

Շաբաթվա անցուդարձ

23-30 նոյեմբերի

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը` մեկնաբանությամբ

 

Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովը նոյեմբերի 26-ի իր առաջին նիստում նախագահ ընտրեց Հայկուհի Հարությունյանին: Սա անցած շաբաթ Ազգային ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունից հետո ինքնավար մարմնի հաջորդ քայլն էր: Այսպիսով` հանձնաժողովը կնախագահի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից առաջադրված Հայկուհի Հարությունյանը, հանձնաժողովում Կառավարությունը կներկայացնի Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը» խմբակցությունը` Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը` Նարեկ Համբարձումյանը, եւ Բարձրագույն դատական խորհուրդը` Արամայիս Փաշինյանը:

Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հարությունյանը շուրջ մեկուկես տասնամյակ իրավապաշտպան գործունեություն է ծավալել, 2013 թվականից էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր, այնուհետեւ «Իրավունքների պաշտպանություն` առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահը։

…Սկսենք նրանից, որ հանձնաժողովները հանրության շրջանում միշտ վատ համբավ են ունեցել եւ, թերեւս, ունեն: Դրանց նկատմամբ վստահությունը մոտավորապես այնքան է, որքան այդ կառույցների Օգտակար գործողության գործակիցը, որը զրոյական նիշի սահմաններում է: Պետք է ասել, որ նման տպավորությունը դատարկ տեղում չի առաջացել: Տասնամյակներ շարունակ ստեղծվել են տարբեր հիմնահարցերի վերհանման գծով հանձնաժողովներ, որոնք, մեղմ ասած, արդյունավետությամբ երբեք չեն փայլել: Նույնիսկ տարածված տեսակետ կա` «եթե ուզում ես որեւէ գործ կամ ծրագիր բարեհաջող «թաղել»` հանձնաժողով ստեղծիր»: Հիշենք թեկուզ 2008 թվականի հունիսին Ազգային ժողովում կազմավորված՝ «մարտիմեկյան» դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը, որը գլխավորում էր Սամվել Նիկոյանը, կամ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ ձեւավորված հակակոռուպցիոն հանձնաժողովը, որոնք գումարներ ծախսեցին, բայց չխուսափեցին ձախողումներից:

Հիմա ժողովրդին մատուցվում է հերթական հանձնաժողովը, ընդորում` բավական լուրջ լիազորություններով: Այսպես` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 35 հաստիքից բաղկացած աշխատակազմն ամբողջապես կհամալրվի հաջորդ տարի, իսկ մինչ այդ կգործի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված հաստիքներով, որին փոխարինելու է գալիս ավելի ընդլայնված գործառույթներով: Համաձայն հանձնաժողովի մասին օրենքի` նորաստեղծ մարմինն իրավասու է ընդունել, ուսումնասիրել պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, դրանցում հայտնաբերել շահերի բախման դեպքեր, հարուցել վարույթներ, հանցակազմ գտնելու դեպքում նյութերն ուղարկել իրավապահներին, զբաղվել հակակոռուպցիոն կրթությամբ եւ այլն: Պակաս տպավորիչ չեն անձնակազմի վարձատրության չափերը: Օրենքով հանձնաժողովի նախագահի համար նախատեսված է ավելի քան 900 հազար դրամ աշխատավարձ, անդամների համար` մոտ 800 հազար: Ասում են` ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ, բայց քանի որ վերը նշվածն այնքան էլ «ուրիշի» փողեր չեն, հարկատուներիս փոխանցումներն են, մեզ իրավունք վերապահենք տեղեկանալու, թե ինչ կարող է ժողովուրդն ակնկալել այդ առատ վարձատրության դիմաց: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ պետք է բազմաչարչար հանրությունը հավատա, որ այս հանձնաժողովն ավելի լավն է լինելու, քան Հովիկ Աբրահամյանի համանման կառույցը: Կա՞ այդպիսի երաշխիք: Չկա: Փոխարենը խոստումներ ու հավաստիացումներ՝ որքան ուզեք:

Ճիշտ է՝ ցանկացած հանձնաժողովի դեմք գործնականում կարելի է փրկել բացառապես նրա յուրաքանչյուր անդամի անձնական պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ եւ ամենօրյա ջանադիր աշխատանքով: Բայց կկարողանա՞ արդյոք այս հանձնաժողովն ապահովել նշված պարամետրերը, թե՞ կգնա նախորդի՝ Էթիկայի հանձնաժողովի հետքերով, որն այդպես էլ իր գործունեության 7-8 տարվա ընթացքում հանրությանը գոհացնող որեւէ արդյունք չգրանցեց: Ավելին՝ քանի որ հանձնաժողովի գրասենյակը մինչեւ վերջերս տեղավորված էր Նախագահական նստավայրում, հիմնավոր կասկածներ կային, որ անկախ անվանվող սույն կառույցն անմիջական հրահանգներ էր ստանում Բաղրամյան 26-ի տերերից: Այսինքն՝ իրականում ոչ թե ի հայտ է բերում բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին տվյալները, այլ շատ դեպքերում դրանք խնամքով թաքցնում է հանությունից: Եթե ավելի լայն լիազորություններով օժտված նոր ինքնավար մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, պիտի գնա նույն ճանապարհով, ուրեմն այդպիսի կառույց մեզ պետք չէ:

Եվ՝ իսկապես, ո՞րն է այսօր հակակոռուպցիոն մարմնի անհրաժեշտությունը, ի՞նչը պետք է նա կանխարգելի: Չէ որ մեր վարչապետի ասելով՝ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա:

 

Անցած շաբաթ համացանցում հրապարակված` «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ աղմկահարույց տեսանյութի առնչությամբ, որը խոշտանգման կադրեր էր պարունակում, նոյեմբերի 25-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»: Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ): Համաձայն տեսանյութի վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության` քաղաքացուն խոշտանգելու առերեւույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում: Ոստիկանությունում դեպքի հետ կապված ստուգումներ են իրականացվում, իսկ ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր: Շաբաթ օրը Ոստիկանությունը հաղորդել էր, որ տեսանյութում երեւացող ոստիկաններից մեկի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

…Խոշտանգումներով վկայություններ կորզելը Ոստիկանությունում նոր երեւույթ չէ: Այն միշտ եղել ու մնում է չկայացած դատաիրավական համակարգերի գործունեության անկապտելի մասը: Դրա միջոցով իրավապահ մարմինները` ի դեմս կամակատար դատախազների, քննիչների ու դատավորների, ընդունում էին ազդեցիկ եւ փողատեր պատվիրատուների համար ցանկալի դատավճիռներ կամ կարող էին անձնական շահագրգռությունից ելնելով` գլխիվայր շուռ տալ քրեական գործը: Փույթ չէ, որ այդ ամենի արդյունքում ճաղերի հետեւում հայտնվում էին միանգամայն անմեղ մարդիկ:

Այս առումով Հայաստանը նույնպես բացառություն չէր` չնայած դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին իշխանությունների շռայլած մեծադղորդ հայտարարություններին: Իրավիճակն անմխիթարական էր հատկապես նախորդ իշխանությունների կառավարման շրջանում, երբ երկրում մոլեգնում էին իրավական կամայականություններն ու «հեռախոսային» արդարադատության կանոնները: Դատական իշխանությունը փաստացի դարձել էր ընդդիմախոսների ու անցանկալի այլ անձանց դեմ իշխանության մյուս երկու ճյուղերի պատժիչ գործիքը:

Այն օրերին անցկացվող սոցիոլոգիական հարցումների համաձայն` ահագնացած արտագաղթի պատճառների ցանկում «անարդարության զգացողությունը» միշտ առաջին հորիզոնականներում էր: Պատահական չէին Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված բազմաթիվ վճիռները` պետական բյուջեին պատճառած զգալի վնասով հանդերձ: Այսպես` 2018 թվականին Հայաստանը ՄԻԵԴ-ի վճիռներով փոխհատուցել էր 195.940 եվրո: Հաշվարկված է, որ միայն «Մարտի 1»-ի գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ընդունվել էր, ոչ ամբողջական տվյալներով, շուրջ 40 որոշում, փոխհատուցման ենթական գումարը հաշվվում էր մի քանի հարյուր հազար դոլար: Այդ առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «2008 թվականի մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, եւ սա ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը եւ անաչառությունը որեւէ կասկած չեն թողնում»: Պատկերն ամբողջացնելու համար մնում է հավելել, որ ՄԻԵԴ-ին տրված հայցերի թվով Հայաստանն առաջին տասնյակում է:

Ակնհայտ է, որ դատիրավական ոլորտի անկախության, արդար դատաքննության, այդ թվում` կեղծ վկայությունների կորզման առումով ներկայումս տիրող վիճակը նույնպես չի կարելի բարվոք համարել: Անզեն աչքով էլ նկատվում են համակարգը մեկ ձեռքում կենտրոնացնելու, այն վերահսկելի դարձնելու միտումներ: Վկայությունը Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող անառողջ զարգացումներն են, ինչպես նաեւ դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետի հայտնի հրահանգը, ինչի տհաճ տպավորության նստվածքը ցայսօր մնում է: Յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութը դաժանությամբ չի զիջում նախորդների ժամանակ մեր տեսածներին ու լսածներին: Չորս հոգով` գետնին գցած, հայհոյելով ծեծում են մի անձնավորության` կապելով ոտքերն ու մահակով հարվածելով ոտնաթաթերին, որպեսզի խոշտանգման հետքեր չմնան: Այդ ընթացքում ոստիկանները հակագազ են հագցնում տեսանյութում երեւացող իրենց «զոհին»` հավանաբար վերջինիս աղեկտուր գոռոցներն անլսելի դարձնելու համար: Կողքից տեսնողի համար պատկերն իսկապես սահմռկեցուցիչ է, սակայն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում նշել է, որ իրենց համար նման դեպքերը սովորական են: «Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ վկաներից կորզվել են վկայություններ այս տարբերակով, երբ մարդկանց խոշտանգել են մեղքն ընդունելու համար, բայց որեւէ կերպ սա ապացուցել հնարավոր չի եղել, որովհետեւ փակ համակարգերում ընդունված է մեկը մյուսի դեմ ցուցմունք չտալ»,- ասել է իրավապաշտպանը: Ստացվում է, որ խոշտանգվողի միակ վկան խոշտանգողն է, եւ ցուցմունքների 1:1 հարաբերակցության տարբերակը լավագույն դեպքում կհանգեցնի քրգործի կոծկման, իսկ վատագույն դեպքում` խոշտանգվածին սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգի:

Սա է պատճառը, որ, չնայած 2015-ից այս կողմ մեր Քրեական օրենսգրքում ունենք խոշտանգման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդված, բայց չունենք այդ հոդվածով դատապարտված եւ ոչ մի անձ: Ուրեմն ո՞րն է ելքը:

 

Հ.Գ. Երբ այս հրապարակումն արդեն պատրաստ էր թողարկման, Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե անցած շաբաթ համացանցում հրապարակված` ոստիկանների մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութն արվել է շուրջ տասը տարի առաջ:

Թող որ այդպես... բայց դա չի նշանակում, որ խոշտանգումների դեպքերը վերացել են: Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունները` մի քանի տողով

Նոյեմբերի 27-28-ը աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Առանձնազրույցի ընթացքում Փաշինյանը եւ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղըզական հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, կարեւորել տնտեսական գործակցության ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը, գործարար կապերի ընդլայնումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության վերաբերյալ: Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է ՀԱՊԿ գագաթաժողովին, որի օրակարգում հիմնականում տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր էին: Նախօրեին Բիշքեկում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի՝ Քոլամբիայի շրջանի խորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին: Այս մասին հաղորդում են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը եւ Ամերիկայի Հայկական համագումարը: Բանաձեւը, ըստ փաստաթղթի, «նպատակ ունի ճանաչել եւ խորհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի ու Քոլամբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսուցանելու կարեւորության մասին»: Այսպիսով՝ Հայոց ցեղասպանությունը դեռեւս չճանաչած միակ ամերիկյան նահանգը մնում է Միսիսիպին:

Նոյեմբերի 29-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 միլիոն դոլար: Հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի, Շիրակ։ Հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մարտահրավեր» նետեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին եւ Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ փոխանցումներն ամսական պարբերականությամբ շարունակական դարձնելու կոչով:

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ապրիլի 13 2024
Մարտի 30 2024
Մարտի 23 2024
Մարտի 16 2024
Մարտի 09 2024
Փետրվարի 24 2024
Փետրվարի 17 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: