07.12.2024

Свободная Платформа

Թշնամին մեր ներսո՞ւմ է…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Երանի չտեսնեի Արցախի քաղաքական վերնախավի այն մի քանի նկարները, որ օրեր առաջ շրջանառվում էին մեր շուրջը։ Նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից եմ ցանկանում ճանաչել «մարդ» կոչված արարածներին։

Ասված խոսք է՝ եզը որ ընկնում է, դանակավորները շատանում են։ Եզը հզորություն է, թե  դանակավորներն ովքեր են, դժվար չէ հասկանալ նրանց կեղտոտ բառապաշարից, գռեհիկ խոսվածքից, լկտի պահվածքից… Ու ցանկալի է իմանալ՝ սրանք եթե թշնամու ջրաղացին են ջուր լցնում, ինչպե՞ս կարող են մերոնքական լինել, հենց թեկուզ հայ լինել, երբ մեր ազգակիցներն են թշնամու որջում զնդանված, ովքեր տարբեր ժամանակներում մեծ դեր են ունեցել Արցախի կայացման գործում, հայրենի երկրի քաղաքական կյանքում: Իսկ սրանք ցնծում են։

Ծիծաղում են «ընկածների» վրա, ծաղրում նրանց, իրենց վեր դասում բոլորից, եւ մարդ չի հասկանում՝ ո՞ր մի արած-թողածի համար են այդքան ինքնագոհ ու այդքան մեծախոս:

Երկրի ներսում այսքան չարիք որտեղի՞ց, որ օր-օրի շատանում է, հողատուներին ծափահարողների շքերթը՝ ստվարանում, ու վախենում ես կորցնել Մայր երկիրը, եւ նրա ավերակներից լսվի այս ողորմելիների քամահրանքի արձագանքը, որը կձգվի-կհասնի մինչեւ Բաքվի կալանատուն, այնտեղից էլ մինչեւ թշնամի բռնապետի ցցված ականջներին՝ որպես գոհունակություն, որ նրա շնորհիվ մերոնք հայտնվեցին ճաղերի հետեւում։

Նրանցից յուրաքանչյուրը կարող էր ժամանակին եւ ապահով դուրս գալ Արցախից, բայց մինչեւ վերջ մնացին արցախցիների հետ, նրանք գիտակցաբար ընտրեցին Հակարիի անցակետը՝ լավ հասկանալով, որ այդպես վտանգված է իրենց կյանքը։

Հիշենք՝ քանիսները փրկվեցին, երբ նրանք էլ  կարող էին լինել թշնամու որջում։ Հիշենք` որքան թալանչիներ են վխտում մեր շուրջը, հիշենք՝ քանիսը դավաճանեցին երկիրը:

Եվ ի՞նչ… պարզվում է՝ հանդուրժում են երկիր հանձնողներին ու թալանչիներին, որ շուրջբոլորը վխտում են, բայց դատապարտում, նզովում են նրանց, ովքեր Արցախի անկախության, ինքնորոշման համար են պայքարել։ Անգամ եթե նրանցից ոմանք դատապարտման են արժանի, թող մեզ մոտ դատվեին, բայց մի՞թե նրանց դատում են Արցախը թալանելու կամ երկիրը կործանման տանելու համար։ Ամենեւի՛ն:

Թացն ու չորը, սեւն ու սպիտակը խառնվել են իրար: Զատել է պետք ցորյան հատիկը որոմից, տարբերակել է պետք ու գիտակցել է պետք, որ մեր ազգի ամոթն է սա, երբ թույլ է տրվում, որ Արցախի քաղաքական ընտրախավը հայտնվի թշնամու որջում։

Ակամայից ուզում ես հարցնել՝ մեր հազարավոր զոհերից, երկրի կորստից հետո արտաքին թշնամի չունե՞նք… Թե՞ բոլոր թշնամիները մեր ներսում են։ Սովորական է դարձել միմյանց հոշոտելը, իսկ թշնամին հրճվում է:

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.