Աշխարհի հզոր պետություններն ինչո՞ւ են ճանաչել ու դատապարտել օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը, որն արժեցել է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց սպանություն ու հայ ժողովրդի բնիկ հայրենիքի հայաթափում, ինչի պատճառով տասնյակ հազարավոր փրկվածներ ցրվել են մոլորակով մեկ:
Ճանաչել ու դատապարտել են մեկ ու եզակի հիմնավորմամբ, որպեսզի աշխարհի բոլոր ծայրերում նոր ցեղասպանությունները կանխարգելվեն: Չլինեն անմեղ մարդկանց նախճիրներ ու սպանդներ, որպեսզի նոր թալեաթներ ու էնվերներ չծնվեն, որպեսզի որեւէ ժողովուրդ մեկ այլ ժողովրդի բնաջնջելով՝ չտիրանա նրա հայրենիքին ու այդ ժողովրդի ստեղծած նյութեղեն ու հոգեւոր արժեքներին, ինչը կատարվել է Թուրքիա հորջորջյալ հակաբնական բռնատիրությունում:
Սա է մեր մեծագույն ողբերգության միջազգային դատապարտման բացառիկ նպատակը:
Թուրքերը միլիարդներ չեն խնայել Հայոց ցեղասպանությունը հերքելու եւ ստի ու կեղծիքի լեռներ առաջացնելու համար, որովհետեւ լավ գիտեն, որ բնության մեջ նման մեղքերն անհատույց չեն մնում: Ինչ էլ անեն՝ ցեղասպանի դրոշմը քանդակված է նրանց անվանը եւ ուղեկցելու է ընդմիշտ:
Այսօր ի՞նչ ենք տեսնում՝ Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավը որոշել է խնդիրն օրակարգից հանել, իբր տարածաշրջանում լարվածություն չառաջացնելու համար: Տրամաբանության ու գիտելիքի որպիսի զրոյականություն, սակայն սա չէ գլխավորը, այլ այն սարսափելի փաստը, որ նրանք դրանով դառնում են ցեղասպանների հանցակիցը, քանի որ մտահոգ չեն նոր ցեղասպանությունների կանխմամբ: Նրանք ազատ են արձակում ցեղասպանի արյունոտ ճանկերը, սրում են նրա արյունոտ ժանիքները՝ այդպիսով հավասարության նշան են դնում նրանց ու իրենց միջեւ:
Դժվար է ասել, թե նույն այդ աշխարհի հզոր երկրներն ինչպե՞ս են արձագանելու այս տխմարությանը, չեղարկելու են իրենց ընդունած որոշումնե՞րը, թե իրերը կոչելու են իրենց անուններով՝ ցեղասպանի գործակիցը նույնպիսի ցեղասպան է, հետեւաբար...
Իրոք, հետաքրքիր է:
Հրաչուհի Փալանդուզյան