26.11.2024

Свободная Платформа

Շնանոց` մայրաքաղաքի կենտրոնում

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հասկացանք` նոր իշխանություններ են, իսկ կուտակված խնդիրներն` անչափ շատ: Հասկացանք` տղերքը փորձ չունեն (չնայած անփորձն ինչ ղալաթ է անում երկրի կառավարման ղեկին): Հասկացանք` հրատապ օրակարգեր են առաջ քաշված` կոռուպցիայի դեմ պայքար, «Մարտի 1»-ի բացահայտում, ներքին եւ արտաքին մարտահրավերների դիմագրավում եւ այլն: Այդ ամենը հիանալի հասկանում ենք եւ, հանուն այդ ամենի, բազում այլ ընթացիկ բացթողումներ հանդուրժում ու համբերում ենք: Բայց, տղերք ջան, ջահելներ ջան` մինչեւ ե՞րբ:

«Թավշյա հրաշամանուկն» էսօր-վաղը մեկ տարեկան է դառնում: Ժողովուրդն իրեն խոստացվածին է սպասում` դրական, իրական, շոշափելի փոփոխություններին: Իսկ դուք դեռ նո՞ր եք սովորում պետության «այբ-բեն-գիմ»-ը: Սիրելիներս, պետությունը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորեն: Պետությունն այնպիսի մեքենա է, որի ղեկի մոտ նստում են արդեն սովորած, սերտած, մասնագիտության մեջ թրծված ամենա-ամենաները: Այլապես այն վթարի կենթարկվի` անկանխատեսելի… ավելի ճիշտ` շատ լավ էլ կանխատեսելի հետեւանքներով:

Հիմա գանք կոնկրետ այն խնդրին, որի մասին կուզեինք պատմել: Թեման որքան էլ առաջին հայացքից փոքր ու աննշան թվա, մեր օրերի համար բավական տիպական է: Տիպական այն առումով, որ շրջապատի հանդեպ անտարբերությունը, ուրիշի ցավին անհաղորդ մնալը համընդհանուր վարքագիծ են դառնում: Ե´վ պաշտոնավորի, ե´ւ շարքային քաղաքացու համար:

Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե ամեն օր քանի մարդ է անցնում Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող կամրջի մոտակայքով` հազա՞ր մարդ, տա՞սը հազար, կամ միգուցե հարյո՞ւր հազար: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ այդ անցնողների մեջ անպայման կլինեն ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, բարձրաստիճան ղեկավարներ, պետական պաշտոնյաներ եւ, մասնավորապես, քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, էլ չասենք` Նորին մեծություն քաղաքապետն անձամբ ինքը:

Մի՞թե այդչափ անցնող-դարձող պաշտոնյաներից, քաղաքային իշխանության ներկայացուցիչներից, այդ թվում ոստիկաններից որեւէ մեկը չի տեսել արդեն երկու տարի կամրջի տակ «մշտական բնակություն» հաստատած միջին տարիքի մի կնոջ` իր շներով: Այդտեղ նրանց ե´ւ կացարանն է, ե´ւ ոտքի ճանապարհը, ե´ւ ամեն ինչը: Կլոր տարին` ամառ լինի, թե ձմեռ, այդտեղ` հողե հատակին, քնում են քրջերի մեջ փաթաթված կինն ու շները, ճաշում` ուտելով այն ամենը, ինչ կարողացել են գտնել մոտակա աղբարկղներում, այդտեղ էլ հոգում իրենց բնական կարիքները: Ապշելու բան է. կնոջը չհաշված, մի ամբողջ շնանոց է կազմավորվել մայրաքաղաքի սրտում, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ոստիկանական բաժանմունքից ընդամենը 30-40 քայլի վրա, եւ զրո ուշադրություն:

Ավելին` բաժանմունքի նախաշեմից, ուր ոստիկանները մեթընդմերթ դուրս են գալիս ծխելու, պարզ երեւում է մարդու եւ թափառական չորքոտանիների անբասիր հավատարմության այդ էկզոտիկ տեսարանը: Հազվագյուտ մի ներդաշնակություն: Գուցե հենց դա՞ է պատճառը, որ ոստիկանները, ինչպես նաեւ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները ոչ մի անգամ չփորձեցին խաթարել կամրջի օճորքի ներքո իրենց ճակատագրերը կամրջած այդ տարաբախտ արարածների անդորրը: Ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր լինել, որ Երեւանի կենտրոնում, Հայաստան այցելած զբոսաշրջիկների ու մայրաքաղաքի հյուրերի աչքի առջեւ այսքան ժամանակ հանդուրժվում է նմանատիպ մի իրավիճակ, որը պատիվ չի բերում հազարամյա մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդին:

Այսպես մեր հին ու նոր պաշտոնյաների բութ անտարբերությանը դատապարտված «ընտանիքը» երկրորդ ձմեռն անցկացրեց կամրջի տակ` ի հեճուկս կացարանի երկու կողմերով եւ կամրջով անվերջ սուրացող մեքենաների աղմուկի ու բոլոր կողմերից փչող միջանցիկ քամիների: Ինչեւէ: Ցուրտն ու սովը հաջող հաղթահարած եւ գարուն դուրս եկած շնանոցում այս օրերին կյանքը շարունակվում է: Այդտեղ «ընտանիքի» ամեն մի անդամ ունի հստակ պարտականություն եւ այն բարեխղճորեն կատարում է: Ի տարբերություն որոշ կազմակերպված համայնքների:

Կինը, որ ըստ երեւույթին, «տան» գլխավորն է, հայթայթում է շների օրվա լափը` օգտվելով հարեւանությամբ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի աղբարկղներից, որտեղ մսավաճառները պարպում են տվյալ օրվա համար մշակված մսամթերքի ոսկորներն ու մյուս թափոնները: Շների փոքրիկ մի խումբ իրականացնում է գիշերային (եւ ոչ միայն գիշերային) հերթապահություն` անառիկ պահելով տարածքը, մյուս շների պարտականությունը ցուրտ գիշերները «տանտիրոջ» համար պատշաճ ջերմային ռեժիմի ապահովումն է: Տեսնել է պետք, թե ինչպես են նրանք ողջ գիշերը` մինչեւ լուսաբաց, պառկած մնում կնոջ վերմակի վրա` աջ ու ձախ կողմերից եւ ոտքերի ու թիկունքի հատվածներում, որպեսզի իրենց մարմինների ջերմությամբ տաքացնեն «ընտանիքի» միակ կերակրողի անկողինը:

Այո, կամրջի տակ կյանքը շարունակվում է: Բայց մեր` ասուններիս պարագայում այսպես շարունակել այլեւս չի կարելի: Եթե իսկապես պետություն ենք, պարտավոր ենք հոգ տանել թե´ մարդու մասին, թե´ շան: Իսկ քաղաքամայր Երեւանի արտաքին տեսքի, մաքրության ու սանիտարական վիճակի մասին` առավելապես:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.