Տարիներ շարունակ ապրել եմ այն գիտակցությամբ, որ Ուսուցիչը հեղինակություն է իր իսկ վաստակած տարիների մանկավարժությամբ, ու այդպես էլ մնացել եմ նույն մտածումով, որ բոլոր ժամանակների իշխանականները մեր առջեւ նստած աշակերտներն են եղել, որոնց Ուսուցիչն է սովորեցրել, բայց, ցավոք, ոչ բոլորն են արժանվույնս սերտել մեր տված դասերը։
Օրերս թոշակների բարձրացման «լուրից» հետո հարմար գտա դրա հետ կապված մի երկու խոսք գրել։ Տարիներ առաջ, երբ Արցախում տարիքային թոշակի պիտի անցնեի, պահանջվեց դպրոցի հաշվապահից վերջին տարիների ամենամսյա աշխատավարձի հաշվարկ ներկայացնել սոցապ։
Զարմացա, երբ տեղեկացա, թե ամեն ամիս որքան հարկ եմ տալիս պետությանը` մոտավորապես այնքան, որքան թոշակ եմ ստանում հիմա Հայաստանում։ Նշեմ, որ իմ թոշակը 25 հազարով պակասեց, երբ բռնատեղահանությունից հետո դարձա ՀՀ թոշակառու։ 25 հազարն Արցախի հետ կորավ-գնաց:
Թոշակների բարձրացման մասին լսելով՝ հասկացա նաեւ այն թոշակառուների «ավելորդությունը», որոնք տարիների տքնաջան աշխատանք են թողել իրենց հետեւում ու անցել «տարիքային հանգստի»։ Չակերտների մեջ դրեցի վերջին կապակցությունը՝ հաշվի առնելով, որ նվազագույն թոշակով հանգիստ չկա այս երկրում, երբ հազիվ մեր գոյությունն ենք քարշ տալիս, առավելապես` վարձով ապրող արցախցիներս։
Օրերս պարզվեց նաեւ, որ տարիների վաստակ ունեցող թոշակառուներին հասանելի չէ այն 10 հազար դրամի բարձրացումը, որը, ըստ իշխանական «լուրերի», կբարձրանա, բայց՝ ավելի քիչ: Կոնկրետ թիվ չի նշվում՝ թող «նիգյարան» մնան:
Գոնե հայտարարվեր, որ ավելանում է նվազագու՞յն թոշակը… բայց ո'չ, առանցքում պետք է լիներ 10 հազարը՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ավելացումն ում է հասանելի եւ ում՝ ոչ: Ճիշտ այնպես, ինչպես ամիսներով իրենց միլիոնների կողքին թմբկահարեցին թոշակներին ավելացվող հետվճարի մասին, իսկ 10 հազար դրամ հետվճար կարող են ստանալ այն թոշակառուները, եթե հնար ունենային ամիսը 50 հազարի անկանխիկ առեւտուր անել։
Ո՞րն էր ամենահետաքրքիրը թոշակների բարձրացման «խորապատկերին»։ Այն պատկերացումն էր, որ այդ 10 հազար դրամն ավելի մեծ արժեք կամ կարեւորություն ունի, քան այն 3 միլիարդը, որ վերջերս վայելեցին իշխանականները։ Թե ինչու ուրախացան այդ հայտարարությամբ միլիոններով պարգեւավճարներ ստացողները, թողնում եմ իրենց խղճին, բայց մի բան գիտեմ՝ բոլոր ժամանակների իշխանականները մեր առջեւ նստած աշակերտներն են եղել, որոնց Ուսուցիչն է սովորեցրել, բայց, ցավոք, ոչ բոլորն են արժանվույնս սերտել մեր տված դասերը։
Նատաշա Պողոսյան

