26.11.2024

Свободная Платформа

Կորոնավիրուսի բարոյափիլիսոփայական դիտանկյունը

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհին ստիպեց միավորվել դրա մեկուսացման ձեւերի եւ գրիպի այդ նոր ու նենգ տեսակի դեմ պայքարի ուղիների փնտրտուքներում: Համավարակը բացահայտեց մարդկության կենսագործունեության բարոյական-փիլիսոփայական դիտանկյունները: Հանկարծ պարզվեց, որ այդ վարակի դեմ բոլորը հավասար են` անկախ նրանց սոցիալական դիրքից, զբաղեցրած պաշտոնից եւ այլ տվյալներից: Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ այժմ կարանտինի մեջ է, որը մասնագետների կարծիքով` բուժման հաջող ելքի առայժմ միակ արդյունավետ միջոցն է: Հիվանդությունը հավասարապես առնչվում է բոլորին եւ առաջին պլան է մղում մարդու ոչ թե նյութական ապահովվածության կողմը, այլ բարոյականը` այն գործոնը, թե ինչպես է մարդը վերաբերվում մարտահրավերին, ինչպես է մասնակցում, օգնում (կամ` չի օգնում) աղետի դեմ ընդհանուր պայքարին:

Շատերը հասկացան, թե որն է մեզ համար առաջնայինը: Հիվանդանոցներում բժիշկների շուրջօրյա անդուլ աշխատանքը, որը նրանց համար մահացու ռիսկեր է պարունակում, հանուն այլոց կյանքերի փրկության: Արտակարգ դրության դժվար հերթափոխում կանգնած եւ կարեւոր առաքելություն իրականացնող ոստիկանները, փրկարարները, կենսագործունեության ապահովման ոլորտների աշխատողները` բոլոր նրանք, ովքեր նույնպես` անտեսելով վտանգը, ձեռք են մեկնում օգնության կարիք ունեցողներին: Առաջնայինը նաեւ այն է, որ հասարակության անդամները` լինեն գործարարներ, մարզիկներ, արվեստի գործիչներ, թե շարքային քաղաքացիներ, իրենց նվիրատվություններով, ինչով կարող են` աջակցում են գիտությանն ու բժշկությանը` գտնելու չարիքը չեզոքացնելու ամենաարդյունավետ միջոցը: Փառք ու պատիվ նրանց: Դա հրաշալի դաս է բոլորիս համար, համայն մարդկության համար:

Համաշխարհային աղետը որոշ սրբագրումներ է մտցրել մեր կյանքում: Այսօր կենսագործունեության տնտեսական սեգմենտը երկրորդական պլան է անցել, չնայած բոլորը հասկանում են, որ նման դաժան փորձությունից հետո դժվար է լինելու վերականգնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կարգավորել բոլոր այն հանգույցները, որոնցով փոխկապակցված է տնտեսական ամբողջ համակարգն իր ներսում եւ դրանից դուրս: Բայց այժմ կարեւորը դա չէ: Կարեւորը տոկալն ու ողջ մնալն է:

Ցավոք, «COVID-19»-ը չշրջանցեց Հայաստանը: Եվ այստեղ պարզորոշ երեւացին գործող իշխանությունների, ինչպես ասում են, պերճանքն ու թշվառությունը: Կառավարության կազմի անփորձությունը, որի մասին շատ էր խոսվում, սկզբնական շրջանում իրեն զգալ տվեց: Նույնիսկ եղավ մի պահ, երբ ՀՀ կառավարությունը կամ չէր գիտակցում նոր վիրուսի ամբողջ վտանգավորությունը, կամ ուղղակի խուսափում էր հասարակության մեջ խուճապային տրամադրություններ սերմանելու վտանգից: Ամեն դեպքում համակարգված, պրոֆեսիոնալ եւ գործուն քայլերի ձեռնարկումն ուշանում էր: Եվ միայն այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին կորոնավիրուսը հայտարարեց պանդեմիա (համավարակ), իշխանությունները սկսեցին համարժեք գնահատել իրավիճակը եւ ձեռնամուխ եղան անվտանգային միջոցառումների ներդրմանը: Ձեւավորվեց պայքարի որոշակի օրակարգ, մտցվեց արտակարգ դրություն եւ համապատասխան հայեցակարգ մշակվեց տանուլ տրված ժամանակն ինչ-որ կերպ փոխհատուցելու համար:

Իհարկե, մահացու պանդեմիայի դեմ պայքարը սոսկ առողջապահության ոլորտի կամ նույնիսկ կառավարության գործը չէ: Որեւէ կառույց միայնակ ոչինչ չի կարող անել, եթե պայքարին չլծվի ողջ հասարակությունը եւ, առանձին վերցրած, ամեն մի քաղաքացի, որոնց ամենաառաջին պարտականությունն արտակարգ դրության պահանջների, մասնավորապես` պարետային ծառայության հրահանգների անթերի կատարումն է: «Ֆորս մաժորային» իրադրությունում արագ կողմնորոշվելն ու ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ գործ չէ: Ճիշտ է ասված, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, ուղղակի սխալներից պետք է սովորել` հետագայում դրանք չկրկնելու համար: Սխալներն, անշուշտ, նվազագույնը կլինեն, եթե բոլորս համախմբվենք իբրեւ մի կուռ ամբողջություն` մոռանալով մանրուքներն ու վիրավորանքները, որովհետեւ միայն այդպես կարելի է հաղթել:

Խնդրի առնչությամբ շատ դիպուկ է նկատել աշխարհահռչակ երգչուհի Մադոնան. «COVID-19-ին չի մտահոգում, թե որքան ունեւոր ես դու, որքան հռչակավոր, որքան ծիծաղելի կամ խելացի, թե որտեղ ես ապրում դու, քանի տարեկան ես, ինչպիսի պատմություններ կարող ես պատմել: Նա մեծ հավասարար է, եւ դա է նրան դարձնում այդպես ահարկու եւ այդպես մեծ: Սարսափելի է, որ նա մեզ շատ կողմերով հավասարեցրել է: Եթե նավն ընկղմվի, բոլորս կխեղդվենք նրա հետ մեկտեղ»,- ասել է երգչուհին:

Իրավիճակի բարոյափիլիսոփայական բանաձեւն ավելի տարողունակ դժվար է ձեւակերպել:

 

Կարապետ Կալենչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.