Հուսաբեկ մեր օրերում, երբ հուսադրման եւ ոգեշնչման հնարավորությունները ցավալիորեն սակավ են, մեծ արվեստը դառնում է մեզ նեցուկ եւ վերադարձնում հավատը Հայաստանի ապագայի հանդեպ։ Հենց այդպիսի մտքերն էին ինձ պատել, երբ օրեր առաջ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ավարտվում էր Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան։
Փառահեղ երաժշտական գործ, անզուգական կատարումներ եւ փայլուն դիրիժորական աշխատանք։ Ամեն ինչն էր փառահեղ՝ բեմական կահավորանքից, անիմացիոն աշխատանքներից մինչեւ երաժշտական կատարումներ։
Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան բնագրով՝ իտալերենով, առաջին անգամ բեմ է բարձրացել 1868թ.-ին՝ Պոլսում։ Դժվար է անգամ պատկերացնել է, թե ինչպես է թուրքական իշխանությունների աչալուրջ հայացքի ներքո հայ ազգային օպերան բեմադրվել։ Չուխաջյանի «Արշակ Բ»-ն առաջին հայկական ազգային օպերան է։ 156 տարի անց նրա փառքը չի մարում։ Իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը։
Երբ մի կողմից հնչում է իտալական կատարումը, մյուս կողմից՝ հայ ազգային երաժշտությունը, սիրտդ ու հոգիդ պարուրվում է այն թանկարժեք հույսով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը աշխարհին շատ բան են տվել եւ դեռ շատ բան ունեն տալու։
Օպերայի երաժշտական ղեկավարը եւ դիրիժորը իտալացի Դոնատո Ռենցետտին է, բեմադրող ռեժիսորը՝ Ժան-Ռոման Վեսպերինին (Ֆրանսիա), բեմադրող նկարիչը՝ Սուքիաս Թորոսյանը, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը, անիմացիան՝ Արսեն Թորոսյանի։
Արշակի կերպարի կերտումը՝ իր հակասականությամբ եւ միավորված հայրենիք ստեղծելու՝ ազգային երազանքի ու նպատակների խտացմամբ, Փառանձեմի՝ խորապես հայկական կերպարի մատուցումը, Արշակի կնոջ՝ Ողիմպիմայի մարմավորումը, Գնելի, Վաղինակի եւ այլոց կերպարները ստեղծում են խորապես ազգային եւ, միաժամանակ, համաշխարհային մի կոթող՝ եվրոպական օպերաների անքննելի ավանդույթներով։
Խոնարհումս «Արշակ Բ» օպերան 156 տարի իրականություն դարձնող բոլոր անհատներին, մեներգիչներին, նվագախմբին եւ ողջ անձնակազմին։
«Արշակ Բ» օպերան ավելի քան հնչեղ է եւ արդիական Հայաստանի եւ հայ ժողովրդի համար դժնդակ այս օրերում։
Գնացեք եւ պարգեւեք ձեզ ապագայի այդ հավատը։
Նարինե Մկրտչյան