26.11.2024

Свободная Платформа

Նոր Սահմանադրության հրամայականը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները եւ, առաջին հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած՝ 7-րդ գումարման ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրում ներառել էին կետեր, որոնք վերաբերում էին գործող Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը (այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին ներկայիս իշխանության ներկայացուցիչները բազմիցս խոսել են նաեւ «ընդդիմադիր» եղած ժամանակ), սակայն իշխանությունը ստանձնելուց հետո որեւէ քայլ չի կատարվել Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի փոփոխության ուղղությամբ։ Անգամ սուպերվարչապետական կառավարման համակարգը, որն անձամբ Փաշինյանի կողմից բազմիցս հրապարակայնորեն ենթարկվել է սուր քննադատության, ըստ էության, գործող իշխանությունները փոփոխելու որեւէ մտադրություն չունեն։ Փոխարենը վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում հասարակությանը համոզելու, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ իրենց կառավարման մեկ տարվա ընթացքում կատարվել են էական ու համակարգային փոփոխություններ։

Այժմ եկեք միասին հասկանանք, թե որքանով են այդ պնդումները համապատասխանում իրականությանը։

Պատմագիտության մեջ ընդունված է համարել, որ դասական հեղափոխությունն այն եղելույթն է, որը ենթադրում է արմատական ու բեկումնային փոփոխություններ ինչպես համակեցական որեւէ ոլորտում, այնպես էլ մարդկային մտածողության եւ գիտակցական մակարդակում։ Սրանից բխում է, որ քաղաքական հեղափոխությունը համակարգային լրջագույն փոփոխություններն են քաղաքական, պետական եւ հանրային կառավարման ոլորտներում։ Ասվածն ավելի լավ հասկանալու համար բերենք մեկ օրինակ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունից առաջ այդ երկրում տիրում էին միապետական կարգեր, իսկ հեղափոխությունից հետո Ֆրանսիան հռչակվեց Հանրապետություն։ Այս հեղափոխությունն արմատական փոփոխություն բերեց նաեւ կյանքի հասարակական  հարաբերությունների եւ տնտեսական ոլորտի հարացույցերում, այն է՝ ֆեոդալական հասարակարգն իրեն բնորոշ հիերարխիկ կառուցվածքով ու տնտեսվարման մեթոդով տեղը զիջեց կապիտալիստական հասարակարգին՝ դրանից բխող կառուցակարգային բոլոր փոփոխություններով։ Եվ, թեպետ այս ամենից հետո ինչ-որ մի շրջան Ֆրանսիան անընդհատ ենթարկվում էր քաղաքական ցնցումների, սակայն ժամանակը ցույց տվեց, որ հեղափոխությունը՝ բոլոր իր արմատական փոփոխություններով հանդերձ, կայացած փաստ է։

Ինչպես արդեն ասվեց՝ վերոգրյալ փոփոխությունները ներառում էին համակեցական կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն․ այս բոլոր ոլորտներում ի հայտ էին եկել նոր սկզբունքներ պետություն-անհատ, անհատ-անհատ, գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում։ Բնականաբար՝ անհրաժեշտություն էր առաջացել կատարված այդ փոփոխություններին տալու իրավական ձեւակերպումներ։ Արդյունքում ստեղծվում են Նապոլեոն Բոնապարտի «Քաղաքացիական օրենսգիրքը», ինչպեսեւ  հռչակված Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրությունը։ Ամփոփելով՝ արձանագրենք, որ ներհասարակական կյանքի բոլոր ոլորտներում յուրաքանչյուր փոփոխություն վերջնարդյունքում պետք է մարմնավորվի եւ առարկայանա օրենքների տեսքով, որոնք իրավունքի դաշտում (իսկ պատմության ավելի վաղ շրջանում՝ ավանդույթի, սովորույթի եւ բարքերի կոնցեպտով) կհաստատեն «խաղի նոր կանոնները» տվյալ ոլորտում կամ հարաբերությունների տիրույթում։

Ասվածը հավասարաչափ վերաբերում է ինչպես հեղափոխական, այնպես էլ էվոլյուցիոն բնույթի փոփոխություններին։ Ի դեպ՝ հեղափոխության դեպքում փոփոխությունները կատարվում են շատ ավելի արագ, քան էվոլյուցիայի դեպքում, ինչն արդեն ենթադրում է աստիճանական զարգացում։ Հետեւաբար՝ գործող օրենքների, իրավական նորմերի, ինչպես նաեւ գործող սահմանադրությունների փոփոխությունը առավելապես հրամայական է դառնում հենց հեղափոխությունների դեպքում, քանզի ընդունված նոր օրենքներն ու իրավական կարգավորումները պետք է հնարավորինս բացառեն նախկին համակարգի իներցիոն վերարտադրման հնարավորությունը։

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ եթե երկրում տեղի ունեցած հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանությունների պնդումներն իսկապես համապատասխանում են իրականությանը, ապա գործող Սահմանադրության եւ համակեցական կյանքի մի շարք ոլորտները կարգավորող օրենսգրքի փոփոխությունը եթե չասենք՝ պարտադիր, ապա առնվազն խիստ անհրաժեշտ քայլ է հեղափոխության հաղթանակը եւ արդյունքները, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունները իրավական դաշտում ամրագրելու ու նախկինների ռեաբիլիտացիոն փորձերը բացառելու համար։ Իսկ եթե այս ամենին ավելացնենք այն փաստը, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը մշակվել էր մի իշխանության կողմից, որին ուղղված ամենաառաջին (արդարացի) մեղադրանքը ընտրությունները կեղծելն է, ապա մեջտեղ է գալիս նաեւ գործող Սահմանադրության լեգիտիմության խնդիրը։ Արդյոք ՀՀ քաղաքացիներն իսկապե՞ս կողմ են քվեարկել կառավարման այն մոդելին, սահմանադրական այն կարգին, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական բազմաթիվ բնագավառներ կանոնակարգող օրենքների այն ժողովածուին, որը գործում է 2015 թվականից սկսած։

Ահա այս ամենը հաշվի առնելով եւ ելնելով Փաշինյանի գոնե հրապարակային հավաստիացումներից, թե այսուհետ իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, կարծում ենք, ժամանակն է, որ վերջիններիս տրվի հնարավորություն՝ ընտրելու պետության, պետականության եւ, ընդհանրապես, ապրելու այն տեսլականը, որն իրենք են ցանկանում։

Հայկ Փայտյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.