26.11.2024

Свободная Платформа

Եվ-ե՞ւ, թե՞ կամ-կամ

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Սույն հոդվածի քննարկման նյութ է դառնալու մի հարց, որն, ըստ իս, ունենալով ավելի քան երկու հազար տարվա պատմություն, այնուամենայնիվ, այսօր եւս ունի խիստ արդիական հնչեղություն եւ պետականության գոյության ու հզորացման համար կենսական նշանակություն։

Այո, խոսքը վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորին։ Եվ, ընդ որում,սա այն հարցադրումն է, որն, ինչպես արդեն ասվեց, հարյուրամյակների ընթացքում եղել է մեր առջեւ ծառացած կարեւորագույն մարտահրավերներից մեկը եւ մշտապես գտնվել է մեր պետական այրերի, թագավորների, ու, ընդհանրապես, մեր ժողովրդի ապագայով մտահոգ յուրաքանչյուրի ուշադրության տիրույթում: Բոլորս գիտենք, որ հայոց հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, գտնվել է գրեթե բոլոր ժամանակների երկու, երեք, երբեմն նաեւ մի քանի քաղաքակրթական, ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային աշխարհների բախման ու խաչման կիզակետում։ Հետեւաբար` իր բնօրրանում ապրող հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում կանգնած է եղել բարդագույն քաղաքակրթական երկընտրանքի առջեւ՝ ինչպե՞ս անել, որ տարբեր աշխարհների բախման ու շփման արդյունքում  չձուլվի, ձեռք չբերի վտանգավոր թշնամիներ, չդառնա ավերածությունների թատերաբեմ եւ այլն, եւ այլն… Պատմության դասերը գալիս են ապացուցելու, որ, մեղմ ասած, միշտ չէ, որ դրված առաջադրանքը մեզ հաջողվել է կատարել, բայցեւայնպես, դիմանալով ամենակուլ ժամանակի ամենատարբեր փորձություններին, մեզ հաջողվել է հասնել 21-րդ դար։ Բայց մի շարք մարտահրավերներ այդպես էլ չեն գտել իրենց պատասխանները, ավելին` ավելացել են նորերը, եւ մեր ապագան կրկին կախված է մեր գտած լուծումներից ու առաջադրած  պատասխաններից: Ահաեւ անցյալից ժառանգած կարեւոր մարտահրավերներից մեկն էլ սա է. հիմա՝ եւ-ե՞ւ, թե՞ կամ-կամ…

Խնդրի էությունը հասկանալու համար եկեք հետադարձ հայացք ձգենք նրա արմատներին, պատմության հղացքում նրա ունեցած դրսեւորումներին եւ տարբեր ժամանակներում դրա լուծմանն ուղղված մեր փորձերին ու ընտրած եղանակներին։

Պատմության ծիրում առաջին լուրջ դեպքը, երբ մեր պետականության առջեւ ծառացավ վերոնշյալ խնդիրը, կարծում ենք, եղել է մ.թ.ա. 1-րդ դարի կեսերին՝ հայոց արքա Արտավազդ 2-րդի կառավարման տարիներին։ Այս շրջանում էր, որ  Մեծ Հայքի թագավորությունը սկսեց հայտնվել ժամանակի երկու գերհզոր տերությունների՝ Հռոմեական կայսրության եւ Պարթեւական թագավորության միջեւ, որոնցից յուրաքանչյուրն ամեն քայլի դիմում էր` մեզ իր կողմը գրավելու եւ համատեղ ուժերով մյուսի նկատմամբ գերակայության հասնելու համար։ Փաստորեն, հայոց պետականությունը հայտնվեց մի այնպիսի բարդ իրավիճակում, երբ պետք էր ընտրություն կատարել` մի ընտրություն, որից կախված էր անգամ պետականության գոյությունը։ Եվ ժամանակի հայ քաղաքական ընտրախավը` ի դեմս  «արքայից արքայի» տիտղոսը ժառանգած Արտավազդ 2-րդի, որդեգրեց այսպես կոչված` խուսանավելու քաղաքականությունը։ Չցանկանալով խորանալ պատմական իրադարձությունների մանրամասն նկարագրության մեջ, միայն հիշեցնենք, որ Արտավազդ 2-րդին հռոմեական կողմը մեղադրում է «դավաճանության» մեջ, շղթայակապ տանում Ալեքսանդիա եւ գլխատում։ Սակայն վերլուծության իրական նպատակը ոչ թե ինչ-որ գնահատականներ հնչեցնելն է, այլ փաստերի ամրագրումը եւ համապատասխան ու թիրախային հարցադրումներով ընթերցողին խորհելու առիթ տալը:

Արտավազդ 2-րդի ժամանակներից հայ քաղաքական ընտրախավի որդեգրած` «մանեւրելու քաղաքականությունը» շարունակեցին նաեւ հաջորդները։ Այս առիթով տեղին ենք համարում Բյուզանդիայի կայսեր Մորիկի՝ պարսից շահ Խոսրով 2-րդին ուղղված նամակի բովանդակության անուղղակի մեջբերումը, որտեղ վերջինս հայերին էր մեղադրում երկու երկրների (Բյուզանդիայի եւ Պարսկաստանի) հարաբերությունների վատթարացման մեջ, եւ առաջարկում էր հարցը լուծել փոխզիջումային տարբերակով, այն է՝ համաձայնության գալ եւ բաժանել իրար մեջ այդ անհնազանդ ազգին ու նրանց արտաքսել սեփական հողերից։ Հիշատակության արժանի ենք համարում նաեւ այն փաստը, որ Հայաստանն իր պատմության մեջ բացի նրանից, որ բազմիցս ենթարկվել է ավերածությունների, գրավվել է եւ թալանվել է,  նաեւ չորս անգամ ենթարկվել է քաղաքական բաժանման։ Հայ քաղաքական միտքը խուսանավել փորձեց նաեւ Առաջին աշխարհամարտի տարիներին եւ, որպես փաստ, այս անգամ էլ արձանագրենք Հայոց ցեղասպանությունը։

Գալով մեր օրերին՝ պետք է նկատենք, որ մարտահրավերը մեր օրերում եւս առկա է, եւ նույնչափ արդիական ու կենսական նշանակության։ Երրոդ Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայ քաղաքակրթական միտքը կրկին վերադարձ է կատարել «մանեւրելու»՝ դարերի փորձ ունեցող քաղաքականությանը։ Իսկ թե ինչպիսի փորձ, թող դատի ձեզնից յուրաքանչյուրը…

Արդյոք հնարավո՞ր է մանեւրել երկու, երեք կամ ավելի ուժային կենտրոնների միջեւ ու ձեւավորել իրական բարիդրացիական հարաբերություններ բոլորի կամ գոնե մեծ մասի հետ: Եթե հնարավոր է, ապա՝ ինչպե՞ս, ի՞նչ եղանակներով, ի՞նչ մեխանիզմներով, արդյոք առկա՞ են վտանգներ, եթե այո, ապա` ինչպիսի՞ք եւ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանց չեզոքացման ուղղությամբ: Թե՞, այնուամենայնիվ, եկել է ժամանակը արտաքին քաղաքականության մեջ ռեւերանսներ կատարելու, նոր տեսլական ու ռազմավարություն մշակելու… Արդյո՞ք այդ ուժային կենտրոններից յուրաքանչյուրը հստակ չի գիտակցում մեր «մանեւրելու» քաղաքականության էությունը եւ դրա մեջ վտանգ չի տեսնում` ուղղված իր շահերի դեմ… Արդյո՞ք մանեւրելու արդյունքում մենք կդիտվենք, առաջին հերթին, վստահելի քաղաքական ու ռազմական դաշնակից:

Ահա այս հարցադրումներն են, որ դարերի խորքից կրկին հառել են ու ծառացել մեր առջեւ, որոնց վերջնական պատասխանների ճշմարտացիությունից եւ արդյունավետությունից է մեծապես կախված մեր պետականության հետագան,    ինչպես որ դարեր առաջ: Ահա այս խնդիրների լուծմամբ է, որ պետք է զբաղվեն մեր քաղաքական «էլիտայի» ներկայացուցիչները՝ միմյանց եւ ժողովրդին «սեւերի ու սպիտակների» բաժանելու, դատարանների մուտքերն արգելափակելու կոչերի,  այսպես կոչված` «լայվերի» եւ նմանատիպ «անչափ» կարեւոր գործերի փոխարեն։

Իսկ թե ինչպես դա նրանց կհաջողվի` ցույց կտա ժամանակը…

Հայկ Փայտյան

(Շարունակելի)

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.