Հայաստանի հանրության շրջանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: Նմանօրինակ դիմակայության համար առիթներ միշտ էլ կարող են գտնվել այն հանրության մոտ, որը զուրկ է քաղաքական կողմնորոշիչներից եւ որի հանրային ընկալումները խիստ պարզունակ են:
Այդպիսի հանրությունը չի հանդուրժում ամենասովորական այլակարծությունը, իսկ բազմակարծությունը համարում է քայքայիչ աղանդ: Նման հանրության մոտ ժողովրդավարության խնդիրներին նվիրված համաժողովները կարող են ընթանալ առանց բազմակարծության, առանց լրագրողների եւ փակ դռների հետեւում:
Առաջին հայացքից թվում է՝ Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման պատճառը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարությունն է: Բայց դա միայն թվում է: Ի վերջո, ԱՄՆ-ը ՀՀ նախկին բոլոր կառավարությունների հետ աշխատել է, աշխատում է ներկա կառավարության հետ եւ աշխատելու է նաեւ հաջորդ կառավարության հետ, եթե, իհարկե, Հայաստանը կարողանա պահպանել անկախ պետականությունը:
Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման առաջին պատճառը, թերեւս, այն է, որ Հայաստանի ռուսական ընդդիմությունը սկսել է մտահոգվել, թե իբր Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական ուղղությունը՝ վեկտորը, հակվելով դեպի Արեւմուտք եւ հեռանալով Ռուսաստանից:
Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղությունը չփոխեց ո՛չ աղետաբեր պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան Անկարայի եւ Ադրբեջանի հետ դավադրություն էին նյութում ընդդեմ Հայաստանի եւ Ղարաբաղի: Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտոր չփոխեց, երբ ռուս խաղաղապահներին լցրեց Ղարաբաղ: Չփոխեց նաեւ, երբ իշխանության եկավ՝ շարունակելով Հայաստանը սեղմած պահել ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ճիրաններում:
Նիկոլ Փաշինյանը արեւմտյան քաղաքական ուղղություն չի կարող փոխել նախեւառաջ այն պատճառով, որ Արեւմուտքը նրա համար նույնքան անարժեք է, որքան անարժեք է այն ամենը, որից նա առանձապես շատ բան չի հասկանում:
Հայաստանի ռուսական ընդդիմության անհանգստության եւ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության սրացման պատճառն այն է, որ ընդդիմությանը թվում է, թե Արեւմուտքն է Նիկոլ Փաշինյանի իշխանության երաշխավորը: Իրականում Հայաստանում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը միշտ էլ Մոսկվան է:
Արեւմուտք-Ռուսաստան այս դիմակայությունը Հայաստանում արհեստականորեն է հրահրվում, մանավանդ որ Հայաստանը դեռ կմնա ռուսական ուղեծրում: Մանավանդ որ, Հայաստանում արեւմտականությունը մի ոտքով ռուսականության վրա է հենված:
Հայաստանում Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը իրական կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ սկիզբ առնի Հայաստանի եւ հայ հանրության ապառուսականացումը:
Հիմնական խնդիրը սա է. Հայաստանում ցանկացած քաղաքական փոփոխություն եւ յուրաքանչյուր հեղափոխություն անհեռանկար է, եթե փոփոխությունների հիմքում չի դրվում ՀՀ արտաքին քաղաքականության վերանայման եւ Հայաաստանի ապառուսականացման կարեւոր խնդիրը:
Նարինե Մկրտչյան