26.11.2024

Свободная Платформа

Կառավարման համակարգի բանալին

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ազգային ժողովի՝ հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Գործադիրն այսուհետ կարող է առանց քաղաքական խոչընդոտների, բնականոն ճանապարհով ձեռնամուխ լինել իր նախանշած ոլորտային ծրագրերի ու բարեփոխումների իրականացմանը:

Չնայած հանրության տարբեր շերտեր ոչ միանշանակ գնահատեցին կառավարության ծրագիրը, սակայն վերջինիս գործունեության խափանումների վտանգը ոչ թե ծրագրային դրույթների թերացումների մեջ է, այլ՝ կոնկրետ այնպիսի վարչարարության, որը կարող է տապալել ցանկացած լավ միտք ու գաղափար: Ընդհանրապես՝ վատ կազմված ծրագիրը կարելի է շտկել արդյունավետ վարչարարությամբ, մինչդեռ ապաշնորհ վարչարարության բացը հնարավոր չէ լրացնել լավ ծրագրերով: Դրա նախանշանները, ցավոք, նկատելի են մեր նոր կառավարության գործունեության առաջին քայլերում, որոնք այս օրերին առավել ծավալուն հանրային քննարկումների նյութ դարձան եւ տեղիք տվեցին որոշակի դժգոհությունների: Մեր կողմից առանձնացված փաստերի երկու տիպօրինակ թույլ են տալիս լավագույնս հասկանալ ներկայիս կառավարության խոցելի կողմերը:

Առաջինը Ամուլսարի հանքի խնդրով Վայոց ձորի մարզի մի քանի համայնքների բնակիչների քաղաքացիական անհնազանդության գործողություններն էին: Չորսօրյա պայքարից հետո՝ մայիսի 24-ին, լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորը, քաղաքացիները որոշել էին դադարեցնել բողոքի գործողությունները: «Թափանցիկ եւ համալիր փորձաքննություններ իրականացնելու՝ վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ»,- նույն օրը համայնքի բնակիչներին հանգստացրել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սակայն հետագա օրերին՝ կառավարությունից չստանալով որեւէ գործնական արձագանք, ջերմուկցիները եւ հարակից գյուղերի բնակիչները հունիսի 4-ին ու 5-ին վերսկսել էին բողոքի ակցիաները` կրկին փակելով հանքավայր տանող ճանապարհները: Ի վերջո, քաղաքացիներին Երեւանում ընդունել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով հանդիպման արդյունքում որոշում էր կայացրել համապատասխան հանձնաժողով ստեղծելու եւ առաջիկայում հանքը շահագործող ընկերությունում տեսչական ստուգումներ իրականացնելու մասին:

Ակնհայտ է, որ «աշխատանքներ ձեռնարկելու» մասին փոխվարչապետ Ավինյանի հայտարարությունը զուտ ձեւական բնույթի կամ խնդրի կապակցությամբ ուղղակի անարդյունավետ ներգործության վկայություն է եղել, որը 10 օր անց հանգեցրել է քաղաքացիների պահանջների կրկնակի բռնկմանը եւ խնդրի հանգուցալուծման գործում առաջին փոխվարչապետի ներգրավմանը: Այստեղ կարեւոր է արձանագրել, որ 10-օրյա ժամկետը տվյալ դեպքում խորհրդանշական է եւ ցույց է տալիս, որ հանրությունը շատ զգայուն է իրեն մտահոգող հարցերում: Եթե նախկինում հեղինակություն չվայելող կամ սակավ հեղինակության տեր վարչապետների հորդորով քաղաքացիները պատրաստ էին իրենց բարձրացրած հիմնահարցերի լուծմանը սպասել ամիսներ, անգամ տարիներ, ապա հետհեղափոխական Հայաստանում լիարժեք վստահություն վայելող վարչապետի հորդորը իր ազդեցությունը պահպանում է ընդամենը 10 օր:

Երկրորդ տիպօրինակն առնչվում է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից իր ընկերոջը` Վաղարշակ Հակոբյանին, նախարարի խորհրդական նշանակելու փաստին: Վերջինս՝ լինելով 27 տարեկան, չէր բավարարում խորհրդականի պաշտոնի համար օրենքով սահմանված տարիքային արտոնակարգի պահանջները: Հունիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ սփյուռքի փոխնախարարը փորձել էր արդարացնել նախարարի նշանակումը՝ ձեւախեղելով օրենքի պահանջները եւ տալով կամայական մեկնաբանություն: Սակայն արդեն հաջորդ օրը սփյուռքի նախարարությունը ստիպված էր հանդես գալ հայտարարությամբ, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վ.Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել նախարարի օգնական:

Սա եւս ցույց է տալիս, որ վարչարարության տարրական կանոները հասու չեն այն նորանշանակ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք նախկինում չեն ունեցել կառավարման փորձ: Խնդրի լրջությունը նաեւ նրանում է, որ Հայաստանում դեպքերը շատ արագ են զարգանում, եւ երիտասարդ պաշտոնյան անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու ժամանակ չի ունենում: Մարդկանց այսօր հուզում են իրենց խնդիրները: Դրանց ծավալը բավական մեծ է, եւ հարցերի, բողոքների, առաջարկությունների հսկայական հոսք կա դեպի վարչական ապարատ: Այսօր արդեն հանրության շրջանում նշմարվում են կառավարության գործունեության մեջ անորոշության առաջին ծիլերը: Հնարավոր է՝ դեպքերի զարգացումը հանգեցնի նրան, որ որոշ ժամանակ անց ոչ հանրությունը հասկանա կառավարությանը, ոչ կառավարությունը՝ հանրությանը:

Առկա իրավիճակում կառավարության արդյունավետ գործունեության խնդիրը վարչապետի անձի հետ բացարձակապես կապ չունի: Նիկոլ Փաշինյանին ընդունում ու գնահատում են բոլորը: Բանն այն թիմի մեջ է, որը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համատեքստում ապավինում է վարչապետի հեղինակությանն ու նրա ունեցած «գերմարդկային կարողություններին»: Դրանով կարելի է բացատրել այն պախարակելի, եթե չասենք՝ հանցավոր, հանգստությունը կամ, ժողովրդի ասած, «արխայնությունը», որով առաջնորդվում են բարձրաստիճան պաշտոնյաները` իրենց խորհրդականների, օգնականների, տեղակալների, աշխատակազմի ղեկավարների եւ այլ կարգի պաշտոններում առաջարկելով կամ նշանակելով իրենց ընկերներ-բարեկամներին ու ծանոթներին, որոնք նույնքան անփորձ են, որքան՝ իրենք:

Ներկայիս կառավարությունը դրական կողմեր շատ ունի` երիտասարդ է, կրթված, չկոռումպացված, եռանդով լի, հավակնոտ: Բայց այն մեծամասամբ չունի խնդիրներին արագ արձագանքելու եւ արդյունավետ լուծումներ տալու հնարավորություն, քանի որ պակասում է շատ կարեւոր մեկ հատկանիշ՝ վարչական ապարատի ձեւավորման արհեստավարժության սկզբունքը:

Նման իրավիճակում ո՞րն է լուծումը: Վարչարարության տեսակետից արդյունավետ կլինի ցանկացած վարչական մարմնում ունենալ գործին քաջատեղյակ ոլորտային մասնագետների, փորձառու իրավաբանների եւ գործավար-քարտուղարների մոբիլ թիմ: Նախկինում ուրիշ էր, երբ իրավունքն արհամարհված էր եւ կարելի էր անգամ չպատասխանել քաղաքացիների նամակներին, քանզի օրենքի պահանջի կատարմանը հետամուտ ղեկավարներ չկային: Ներկային ժողովրդական կառավարության պարագան բոլորովին այլ է՝ որեւէ դիմումի արհամարհում, քաշքշուկ, կամայականության կամ ձեւական մոտեցման դրսեւորում, տարբեր պարտականություններով մարդկանց արհեստականորեն ծանրաբեռնում եւ նման կարգի այլ բացթողումներ որոշ ժամանակ անց աշխատելու են ընդդեմ կառավարության` բացասաբար անդրադառնալով նրա հեղինակությանը: Փորձառու, գիտակ իրավաբաններ մեզանում շատ կան: Հատկապես քաղաքացիական գործերով շատ փաստաբաններ վերջին տարիներին ցույց են տվել իրենց արհեստավարժության ուժը: Ուրիշ էլ ովքեր, եթե ոչ նրանք, պետք է համալրեն նոր կառավարության վարչական մարմինները:

Բացի կադրային խնդիրներից, վարչական մարմինների ղեկավարները, այնամենայնիվ, պետք է ինքնուրույն որոշումների կայացնելու հանձնառություն վերցնեն: Դրա համար օրենքի իմացությունը պարտադիր է, իսկ քանի որ ինքնակրթությանը հատկացնելու ժամանակը շատ սուղ է, մնում է օգտվել փորձառու իրավաբանների ծառայություններից: Միայն ինքնուրույն, օրինական ու պատասխանատու որոշման հիման վրա հնարավոր կլինի թեթեւացնել վարչարարության այն հսկայական բեռը, որը բաժին է ընկել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Պետք է հստակ գիտակցել, որ խափանումները կարող են ճակատագրական լինել բոլորիս համար: Ժողովրդի իշխանությունը տապալվելու իրավունք չունի: Դա մեզ չի ներվի:

 

Սարո Սարոյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.