26.11.2024

Свободная Платформа

Զենքը փոխել են, թիրախը կրկին մենք ենք

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հայ ժողովրդի ու Հայաստանի դամբանականը կարդացողների ոգեւորությունը, մեր անհաջողություններով նրանց վայրի հրճվանքը զզվելի են, այդուհանդերձ կա մի հարց, որը հարկավոր է առանց քաղաքագիտական բարդ հասկացություններում խճճվելու քննարկել:

Հիշենք հետանկախական սկիզբը:

Եկան ժողովրդավարության ու ազատ խոսքի դրոշակներով: Ժողովուրդը հմայվեց, երկնային մանանա էր ստացել՝ բռերով վերցրեց, կիլոներով խպշտեց, չէր հագենում, էլի էր ուզում, էլի… ժողովրդավարություն էր ու ազատ խոսքի իրավունք, ով ասես չէր խոսում՝ էլ հանցագործ ու անառակ, էլ գործակալ ու նրա ցանցում թպրտացող նորելուկ դավաճան, էլ թշնամի, էլ բարեկամ…

Ինչերից միայն չէին խոսում՝ պետական գաղտնիքից մինչեւ իրենց պոռնկական կեղտոտ անկողինները… Պարկեշտություն, ամոթ, զգուշություն՝ կյանքից չքվել-վերացել էին… Ինչ դրանից հետո պատահեց՝ մեր ներկան է, որի միանգամայն տանելի անցյալը քափուքրտինքի մեջ մտած ուզում են ջնջել:

Մեր երկրում մեզ հետ կատարվող ներկա ամբողջ պատուհասը թշնամիներին քիչ է թվում:

Հիմա էլ ժողովրդավարությունն ու ազատ խոսքը որպես իր գործն արած լաթի կտոր գցել են մի կողմ ու պինդ բռնել են ԼԻԱԿԱՏԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ դրոշակը: Որ կողմ շրջվում ես՝ դրանց բղավոցն է լսվում, կոկորդ են պատռում, թե հայեր, Ռուսաստանի փեշը հենց որ բաց թողնեք՝ դրախտը ձեր առաջ լայնահուն փռվելու է, անունն էլ մի աննման անուն՝ սուվերենիտետ: Դուք մենակ ռուսներին տշեք: Կարծես ռուսներն էլ պինգպոնգի գնդիկ են, հենց խփում ես՝ փոշի է դառնում:

Այս հիմարությունն սկսել են կրկնել նաեւ մի ժամանակ գոնե իմ աչքին խելքը գլխին մարդու համարում ունեցողները: Մտքներով չի անցնում, որ իրենցից սպասվող այդ մի հատիկ գործն անելուց հետո դավադրության հեղինակներն օձիքներից բռնելու են ու նետեն գրողի ամենախոր ծոցը: Լեզուներն ու ականջները կախած այնպես են հիանում նոր դավադրության քարոզիչներով, ասես երբեւէ լսած չկան Հայոց ցեղասպանության, 44-օրյա կոտորածի, թուրք կոչվող չարորակ գոյացության տմարդի ծրագրերի մասին, որոնց թիրախը Հայաստանն է:

Լսած չկան, որ երկու գազաններ՝ մեկը մերձակա արեւմուտքից, մյուսը մերձակա արեւելքից երախները մինչեւ վերջին կետը բացած՝ սպասում են վճռական ցատկին:

Լիակատար ինքնիշխանություն՝ ոսոխի երախում…

Մարդասեր Արեւմո՜ւտքը՝ իր հայասիրական ճոռոմաբանությամբ ու բացարձակ անտարբերությամբ: Կեղծիքի շտեմարան, դավակցություն, ինքնավերացման փորձարան…

Անձամբ ինձ համար միանգամայն ընդունելի է մինչեւ 2017-ը գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը: Գռեհիկ սուտ էր, թե մեր երկիրը Ռուսաստանի գաղութն էր, դա հերթական հնարքն էր, որը, ցավոք, շատերը լուրջ ընդունեցին: Հիմա էլ ահա լիակատար ինքնիշխանության կեղծ ու վերացական դրույթն են քարոզչական կարուսելով պտտեցնում, ու քանի որ մեր ժողովրդի մի շերտը հակում ունի ամենայն վերացականի հանդեպ, տառապում է օտարամոլությամբ ու սովորություն չունի չոր ու մերկ փաստերը համադրել՝ կախարդված ճագարի նման տարվել է այս նոր խաբկանքով, որի ուղղակի հետեւանքը հողի երեսից անհետանալն է լինելու:

Հակահայ նոր գրոհի մունետիկները ազգային բառով զինված տեղական ծանոթ դեմքերն են, որոնց ամենագործնական արարքը արեւմուտքի տերերից ստացվող կերով լավ բտվելն է, մի քանիսն արդեն պայթելու աստիճանին են հասել:

Ի՛նչ արած, կեղծված ընտրությունները թշնամիներին ու նրանց վարձկաններին հարմար առիթ տվեցին հայ ժողովրդի ու Հայաստանի դամբանականը կարդալու համար: Հակադարձում եմ՝ երազում ծիտիկի տեսած կորեկ:

Իհարկե, ընդդիմանալը հեշտ չի լինելու:

Ազգային նկարագիր ունեցողների համախմբումն է աղետի դեմ պարիսպ դառնալու, ինչը, ցավոք, կատարվում է կրիայի դանդաղկոտությամբ:

Որքան շուտ տեղի ունենա, այնքան մեր ունեցվածքից ավելի շատ գանձեր կփրկվեն:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.