Օրեր առաջ մասնակցում էի «Զապել Եսայան-Հովհաննես Թումանյան առնչություններն ու նամակագրությունը» թեմայով միջոցառմանը, որը կազմակերպված էր Թումանյանի տուն-թանգարանի կողմից՝ Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոն թանգարանում։
Միջոցառման բացման խոսքը պատկանում էր Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Ղարախանյանին։
Թեմայի շուրջ հանդես եկավ Անի Օհանյանը, ում բանախոսության թեման արեւմտահայ գրող, բանաստեղծ, գրականագետ, հրապարակախոս Զապել Եսայանն էր։ Ինչպես ժամանակին ասել էր Արշակ Չոպանյանը, Զապել Եսայանը հայոց մեծագույն գրագիտուհին է, ազգային-հասարակական անվանի գործիչ։
Խոսել Եսայան գրողի մասին՝ նշանակում է նրան տեսնել որպես «վեհ իդեալների ձգտող», ով «չի կարող անտարբեր մնալ, հեզ ու խոնարհ ապրել»։
Բանախոս Օհանյանի խոսքում կին գրողն էր, նրա կենսագրությունը, հասարակական գործունեությունը, որ առնչվում էր Ամենայն հայոց բանաստեղծի հետ, ու այն տեսանելի էր դառնում նաեւ նրանց նամակագրությամբ, որը ներկայացրեց բանախոս Սուսաննա Ադամյանը։
Ու վեր էր հառնում հայոց մեծ բանաստեղծի կերպարը, ում տեսնում ենք «անձնազոհության» բարձրակետին, հարուստ մարդասիրական որակներով, միշտ իր ժողովրդի հետ։
«Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր,- գրում է Զապել Եսայանն իր նամակում: -Անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով եւ շնորհներով: Հարուստ էր եւ զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետեւ նաեւ իր մղիչ ուժը սերն էր»։
Ասմունքով մեկընդմեջ հանդես էր գալիս Մայտա Պոշկեզէնեանը՝ քաղցրահունչ արեւմտահայերենի իր ձայնի գերող ելեւէջներով։ Նրա կողմից նաեւ ունկնդիրներիս փոխանցվեց անուշաբույր, շատ համեղ վարդի մուրաբայի պատրաստման եսայանական բանաստեղծական տողերը, որին հաջորդեց այն համտեսելու անակնկալ հյուրասիրությունը։
Լուսինե Ղարախանյանը Թումանյանի ժողովածու նվիրեց բանախոս Անի Օհանյանին, ապա տնօրենի եզրափակիչ խոսքով ավարտվեց միջոցառումը, որ լիքն էր մեծ երախտիքով։
Ժամանակի մեջ տեղավորված գեղեցիկ ցերեկույթ, որ լցված էր գրական-գեղարվեստական գրագետ, գիտական խոսքով Հովհաննես Թումանյանի եւ Զապել Եսայանի մասին։ Այն առիթ տվեց ինձ խորհելու, հաջորդիվ նոր տողեր շարելու թոշակառու մանկավարժիս անցած եւ նոր օրերի խտացված մտածումներով։
Նատաշա Պողոսյան