Հարցս Արցախից բռնատեղահանվածներին կհետաքրքրի, թե բնակարանատերերը ե՞րբ են մի քիչ վարձավճարներն իջեցնելու։ Երբ պետությունը գումար էր տալիս, չէինք հասցնում «երեսին նայել», անմիջապես հայտնվում էր սեփականատերերի բռան մեջ, երբեմն էլ չէր բավարարում, մենք էինք ավելացնում։ Այս երկրի իշխանականները շռայլություն համարեցին «40+10» ծրագրով բնակվարձը, որը հետո դարձավ 40 հազար, մեր օրերում խոցելի խմբերի համար՝ 30 հազար դրամ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը։
Արդյո՞ք կառավարությունը հետեւողական եղավ, իմացա՞վ այդ վարձավճարներից որքան հարկվեց… Հաստատապես՝ ո՛չ, երբ իրենց ձեռնտու էր հայաստանաբնակ տանտերերին «լավագույն» կյանքի երաշխիք տալ, որ քաղաքացիները գոհ լինեն պետությունից։
Բնակարանային ծրագրից չեն կարողանում օգտվել հազարավորներ՝ մասնավորապես փոքր ընտանիքները, քանի որ մեկ շնչին հասնող 3, թե 4 միլիոն դրամանոց բնակարան չես գտնի, եւ դա կառավարությանը չի հետաքրքրում։ Իրավիճակն անհարկի խոսակցության նոր թեմա է գեներացնում, որ գալիս է իշխանավորների ոչ վայելուչ խոսույթից. «չեն կռվել», «թողել-փախել են» պիտակավորումներին ավելացել են նորերը. «ձրիակեր են դարձել», «ուզվոր են», «չեն ուզում աշխատել» եւ այլն։
Ասում են՝ «Կուշտը սովածին մանր կբրդի»։ Հենց միլիոններով աշխատավարձ ու պարգեւավճարներ ստացողների, աթոռներից կառչած օրենքներ սահմանողների մասին է ասված, որ իրենց մեկ-երկու ամսվա աշխատավարձի չափով են մեզ բնակարանային ծրագրի մեջ ընդգրկում՝ շատ լավ հասկանալով դրա անհնարինությունը, երբ «չինական պարսպի» ենք դեմառդեմ առերեսվում։
Վերացել է մարդկային խիղճը, վարձով ինչպե՞ս ապրել, երբ անձամբ իմ թոշակի եռապատիկ, քառապատիկն են բնակարանների վարձերը: Եվ դա կարծես քիչ է, հիմա էլ նոր բնակարան վարձելիս՝ պարտավոր ես կանխավճար տալ սեփականատիրոջը, միջնորդ գործատուին էլ՝ իր բաժին գումարը։ Եթե այդ հնարավորությունը բռնատեղահանված արցախցին ունենար, էլ ինչու է բնակարան վարձում, միանգամից գույքի սեփականատեր կդառնար իր միջոցներով, ոչ թե տանտերերի առջեւ գլուխ կխոնարհեր:
Մեզ սովորեցրին, թե ինչ է ատելությունը, երբ իշխանականների ատելության թիրախում հայտնվեցինք, հասկացրին, թե ինչպես կարող են երկիրը թշնամուն հանձնել ու հանձնեցին, թե ինչպես կարող են մեզ տնազուրկ դարձնել ու դարձրին: Մեզ ցանկանում են նաեւ սովորեցնել, թե ինչպես ողորմությամբ գոյություն քարշ տանք, երբ Արցախում թնդանոթների բերանում ենք ապրել, բայց՝ ավելի ազատ ու ինքնիշխան, քան այս երկրում, որի իշխանականներն իրենց աթոռներին կառչած՝ միայն իրենց տիրոջը ծառայելու մոլուցքով են տարված։
Ու այդքանից հետո մեզ ճանապարհ են ցույց տալիս, թե հրաժարվեք Արցախից: Նրանք թող հիշեն՝ դա «թուր ճոճելով» չի լինում: Սասնա Դավթին էլ ցանկացան անցկացնել Մսրա Մելիքի թրի տակով, բայց, ինչպես գիտեք, չստացվեց:
Նատաշա Պողոսյան