25.11.2024

Свободная Платформа

Կիջեցվի՞ արդյոք գազի սակագինը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Որքան մոտենում են ցրտերը, այնքան մեծանում է գազի եւ էլեկտրաէնեգիայի՝ շատերի համար անմատչելի գների առնչությամբ հանրության մտահոգությունը: Մարդկանց, մասնավորապես, հետաքրքրում է այն հարցը, թե մոտալուտ ձմռանն ընդառաջ կիջեցվի՞ արդյոք գազի սակագինը, որի մասին սեպտեմբերի սկզբներին ամենաբարձր մակարդակով խոսակցություն եղավ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում:

Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին մեր կառավարությունը ռուսական կողմի հետ ստորագրեց արձանագրություն, որը նախատեսում էր գազի սակագնի պահպանում ամբողջ 2018-ին՝ հազար խորանարդ մետրի հաշվով 150 դոլար: 2017թ. հոկտեմբերի 24-ին Երեւանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ «Ռուսաստանը հաջորդ տարի Հայաստանի համար անփոփոխ կթողնի գազի գինը, ինչը կնպաստի երկրում տնտեսական եւ ներդրումային ընդհանուր իրավիճակի բարելավմանը»: Բայց, ինչպես հայտնի է, Ռուսաստանից Հայաստանի ներքին շուկա բնական գազի մատակարարումը կազմակերպում է 1997թ. դեկտեմբերին ստեղծված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «ՀայՌուսգազարդ»-ը): Այդ ընկերությունն է մեկ խորանարդ մետրի հաշվով գազը բնակչությանը վաճառում 290 դոլարով, իսկ ձեռնարկություններին` զգալիորեն ավելի էժան: Եվ սա այն դեպքում, երբ տնային տնտեսություններն ավելի շատ գազ են օգտագործում, քան ձեռնարկությունները (համապատասխանաբար` 32% եւ 10%): Այս գրեթե հարյուր տոկոսանոց հավելագնի պարադոքսը ցայսօր չի լուծվել: Թե ինչպես է գոյանում այս հավելագինը, ինչ կարիքների համար է ծախսվում ստացվող առասպելական շահույթը՝ մինչ օրս ոչ ոք չգիտի: Բայց այդ մասին, անշուշտ, գիտի «Գազպրոմը», որը եւ «Գազպրոմ Արմենիա»-ի սեփականատերն է:

Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից ամիսներ անց՝ սեպտեմբերի 18-ին, Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ՀՀ վարչապետը լրագրողներին ասել է. «...նա չգիտեր, որ արտոնյալ գնով գազը ստանում են ոչ թե սպառողները, այլ «Գազպրոմ Արմենիա»-ն: Կարծում եմ` Պուտինի համար այս տեղեկությունը նորություն էր, քանի որ 2013-ի դեկտեմբերին` այցելելով Գյումրի, նա որոշում էր ընդունել գազի սոցիալական գնի վերաբերյալ` ՀՀ բնակչությանն աջակցելու համար: Եվ երկուստեք համաձայնվեցինք հանգամանորեն ուսումնասիրել գազի գնագոյացումը, վերանայել դրա մատակարարման հետ կապված բոլոր պայմանավորվածությունները: Դրանից հետո որոշում կընդունենք»: Ստացվում է, որ Ռուսաստանի նախագահը՝ տեսնելով Գյումրիի ​​վատթար պայմանները, որոնցում ապրում է բնակչությունն այդ ցուրտ եւ ավերակված քաղաքում, ինքն էր հրահանգել արտոնյալ գին սահմանել՝ չիմանալով որ օգուտները քաղում են ոչ իրական հասցեատերերը:

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 10-ին կառավարության նիստից առաջ լրագրողներին ասել է, որ կառավարությունն ուսումնասիրում է 2019-ին գազի գինը նվազեցնելու հնարավորությունը: «Երբ ունենանք փոխարժեքի, գազի հնարավոր գնի վերաբերյալ կանխատեսումները, միայն այդժամ կկարողանանք խոսել այն մասին, թե արդյոք կա՞ ներուժ, թե` ոչ»,- ասել է նախարարը` հիշեցնելով, որ այսօր խնդիրն ուսումնասիրվում է նաեւ ՀՀ փոխվարչապետին առընթեր հատուկ հանձնաժողովում: Միաժամանակ նա դժվարացել է պատասխանել հարցին, թե երբ հանձնաժողովի աշխատանքը կավարտվի եւ, ի վերջո, կպարզվի բոլորին հուզող հարցը:

Իհարկե, մինչեւ ձմեռային ջեռուցման շրջանի մեկնարկ այս հարցն առավել սուր կծառանա բոլոր նրանց առջեւ, որոնց համար գրեթե անհնար է վճարել նվազագույն ջեռուցման դիմաց, որը մոտավորապես միջին կենսաթոշակին հավասար գումար է: Նույնիսկ այն ընտանիքի համար, որտեղ կան երկու եւ ավելի աշխատողներ, դա բավական ծանր բեռ է: Հետեւաբար, նախքան սակագների հնարավոր վերանայման մասին խոսելը, պակաս կարեւոր չէ բացատրել մարդկանց, թե այդ ինչ կախարդական մեխանիզմ է գործում, որը սահմանին 150 դոլարով գնված գազը Հայաստանի հպարտ քաղաքացիների խոհանոցներում վերափոխվում է 290 դոլարի: Ի վերջո, մենք հավատում ենք մեր վարչապետին, երբ հավաստիացնում է, թե մեզանում կոռուպցիա չկա:

 

Կարապետ Կալենչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.