12.10.2025

Свободная Платформа

Գոյություն քարշ տալու «արվեստը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Լավ թե վատ՝ մի քիչ շունչ քաշեցինք հուլիս-օգոստոսին, քանի դեռ այս իշխանականներն արձակուրդում իրենց հանգիստն էին վայելում։ Եկան՝ մեկը մուրճի ցուցադրությամբ, մյուսն՝ Արցախի հանձնումն այս էլ որերորդ անգամ կեղծելով, երրորդը՝ վերամբարձ ոճով կանանց հետ մենամարտի տեսարանով: Եվ ցանկացան նորից հիշեցնել՝ յուրաքանչյուրն իր մասին, ցույց տալ իրենց թանկագին ներկայությունը, վերահաստատել, որ եղել են, կան ու դեռ կլինեն:

Բայց ինչո՞վ: Սպառնալիքո՞վ, երբ իրենց հորինած ժողովրդավարությանը հակասում է մուրճը, որքան էլ հայկական դրոշի երանգներով այն գունազարդեն: Կեղծիքո՞վ, երբ ժողովուրդը գիտի, որ ստելու, մանիպուլացնելու, խոստանալու ու խոստմնազանց լինելու վարքագծով վաղուց բոլորին գերազանցել են, եւ կարող են անգամ այդ ասպարեզում Գինեսի ռեկորդակիրներ դառնալ:

Իսկ միգուցե ինքնահաստատվելո՞ւ ցուցադրական վարքագծով, որի կարիքը չկա, երբ իրենք միշտ էլ նման ցուցադրության մրցավազքում են՝ խոսքով, թե գործողություններով։ Միայն թե դրանից ոչինչ դեպի լավը երկրում չի փոխվում: Ոչինչ չի փոխվում նաեւ երկու տարի առաջ հազարամյակների իր պապենական ծաղկուն բնօրրանից՝ Արցախից բռնի տեղահանված եւ Մայր Հայաստանում ապաստանած արցախահայության կյանքում: Մարդկանց սոցիալական վիճակն ահավոր է, պետությունը, կարծես թե, ձեռքերը լվանում է  կարիքավորների հարաճուն հոգսերից:

Հոգնել ենք՝ բառիս բուն իմաստով, երբ մեզ սպառելու հաշվին են ոմանք բարեկեցիկ ապրում, անիմաստ հոխորտում՝ մոռանալով, որ երկիր կառավարելը մուրճ ճոճելը չէ: Իշխանատեր լինել՝ չի նշանակում միմյանց վարկաբեկել՝ յուրաքանչյուրն իրեն հատուկ պաթոսով, որ ամենամեծ «տիրոջը» դուր գան։

Ազգային ժողովը դարձրել են անպտուղ վիճաբանությունների, փոխադարձ վիրավորանքի ու խոսքակռիվների թատերաբեմ՝ իշխանություն-ընդդիմություն են խաղում, երբ ազգայինի արմատները կտրել, ցեխոտում են ամենքին եւ ամեն ինչ՝ արցախցիներին հասցեագրված ատելությունն, իհարկե, պահելով առաջին պլանում։

Երազելի է դարձել հանգիստ ապրելը, երազելի է հողատուների արդար դատ ու դատաստանը տեսնելը: Երանի՜ մի օր հանգիստ շունչ քաշենք… ամեն ինչից զրկված` ապրելու, արարելու ծարավ ունենք, բայց ստիպված ենք այս իշխանությունների օրոք յուրացնել մի կերպ գոյություն քարշ տալու «արվեստը»:

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.