Եթե այս կյանքում հպարտանալու առիթ ունեցել եմ՝ դա իմ Ուսուցիչ լինելն էր։ Այն ինձ թեւեր է տվել` վեր սավառնելու, խրոխտ քայլելու, որ բարձր հնչեցնեմ այդ պատվանունը՝ Ուսուցիչ։
Այդ անունը վաստակել եմ Արցախում՝ Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում (տնօրեն՝ Ռուզաննա Հարությունյան), գիտակ մանկավարժների շրջապատում, իմ սաների, նրանց ծնողների հետ բազմաչարչար աշխատանքով, այդ անվանն արժանի լինելու մեծ ձգտումով՝ համարելով այն բոլոր պաշտոններից ամենաբարձրը։
Մեծ ակնածանքի ու սիրո համն եմ զգացել՝ որպես Ուսուցիչ, այդ բարձրությունից վայելել այն մեծ բերկրանքը, որն արժանվույնս տրվել է Ուսուցչին։ Այդ անունն ինձ ուժ է տվել, մեծ կամք ու կորով, որ ոգեղեն ճամփան անցնեմ այն մեծ հավատով, որ անբիծը, մաքուրն ու արդարը միշտ կուղեկցեն մեզ։
Ուսուցի'չ. մի հեղինակություն, ում մեծարել են մեծից փոքր, ծնող, թե աշակերտ, պաշտոնավոր, թե անպաշտոն՝ անկախ մասնագիտությունից ու ծագումից։ Ուսուցիչ երազել եմ դառնալ, մատյանը ձեռքիս մտնել դասարաններ ու պատմել Գիքորի մասին, ում ծանր ճակատագիրն ինձ փոքրուց այնքան լացացրել էր։ Ինձ համար պայքար էր ԲՈՒՀ ընդունվելն ու ուսուցիչ դառնալը… Կարմիր դիպլոմը ձեռքիս՝ երազանքս իրականացավ, երբ մտա դպրոց ԲՈՒՀ-ն ավարտելուց 14 տարի անց՝ շնորհիվ այն տարիների տնօրեն Լիդիա Պետրոսյանի։
Տարիների ընթացքում՝ պատերազմներ անցնելով, կորցրինք ուսուցիչների, առնչվեցինք սգավոր ուսուցիչների հետ։ Նոր օրերում տեսա երկիր կորցրած ուսուցիչներ, տեսա` ինչպես են այստեղ մեզ հուսադրում, երբ դափ-դատարկ ենք, անտուն, անհայրենիք։ Ու մխիթարվեցի, որ Ուսուցիչն անուն է՝ առավել շատ նրա տեղն ու դերը իմացողների կողմից մեծարանքի արժանի։
Յուրաքանչյուր Ուսուցիչ ինքն է իր ճանապարհը հարթում, մանկավարժի իր կենսագրությունը ձեւավորում, իր անունը թողնում սերունդների հիշողության մեջ։ Իմ ուսուցչությունը մնաց Արցախում, որն անբաժան մնաց ինձանից։ Եվ որքա՜ն ուսուցիչներ ունենք, որ Հայաստանում, թե օտար ափերում, մնացին անգործության մատնված։
Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, երբ պատմական ու իրական Հայաստանի բաժանարար գիծը սերնդին հեռացնում է մեր պատմությունից, հայկական արմատներից, ազգային արժեքներից… Ուրեմն՝ ուսուցիչը պիտի դառնա «ժամանակի շունչը», ուսյալ սերնդով երկիրն ապրեցնի։
Շնորհավորում եմ «Ուսուցիչ» անվանն արժանի բոլոր մանկավարժներին՝ նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ տարիքային հանգստի անցած, թե մանկավարժական գործունեության մեջ, շնորհավորանքս Մարտակերտի երկու դպրոցների ուսուցիչներին, ուսուցչուհի դստերս՝ Սոֆյա Պետրոսյանին, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռուզաննա Կիրակոսյանին, Հայաստանի եւ Արցախի ուսուցչական համայնքներին, ովքեր մայր երկրում ձեռք ձեռքի տված՝ սերունդ են կրթում։
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ