07.12.2022

Свободная Платформа

Երկու դիտարկում լրագրողի օրագրից

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ինչ հասկանալ Իրանի վերաբերյալ Փաշինյանի ուղերձից

Իրանը եւ Ադրբեջանը խորը հակասություններ ունեն տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Իրանը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին ու Թուրքիային, որ հանկարծ չփորձեն Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկել, այլապես ինքը ստիպված կլինի իր զորքը անցկացնել Արաքս գետն ու միջամտել գործողություններին։

Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրվում են այն աստիճան, որ երկու երկրները միմյանց սահմանների մոտ զորավարժություններ են անցկացնում, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան են գալիս ու հստակ հայտարարություններ անում, իրենց հերթին Թուրքիայի, Իսրայելի ու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանի օգտին են հայտարարություններ անում՝ սպառնալով Իրանին։

Այս ամենի խորապատկերին հանկարծ Հայաստանի վարչապետը պաշտոնապես հայտարարում է. «Իրանը եւ Ադրբեջանը սերտ, խորը մշակութային, տնտեսական կապերով կապված երկրներն են, եւ եթե որեւէ բանավեճ կա նրանց միջեւ՝ եկեք չափազանցությունների գիրկը չընկնենք»։

Հետո էլ Իրանին չնեղացնելու համար ավելացնում. «Իրանը միջազգային եւ տարածաշրջանային հարցերում կարեւոր դերակատար է, մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք, եւ մեզ համար կարեւոր է մեր հարաբերությունների բնականոն զարգացումը, ու մենք գնում ենք հենց այդ ճանապարհով»։

Ի՞նչ հասկանալ Փաշինյանի այս ուղերձից։ Հստակ մեկ բան. Նիկոլ Փաշինյանի խումբը չի դիտարկում Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները խորացնելու հնարավորությունը եւ չի ցանկանում դաշնակից լինել Իրանին, չի ցանկանում սեղմել Իրանի մեկնած ձեռքը' գերադասելով «անկողին մտնել» ԱՄՆ ու Թուրքիայի հետ։ Միաժամանակ հայ հանրությանը Նիկոլ Փաշինյանը համոզում է, թե Իրանը Ադրբեջանի բարեկամն է՝ այդկերպ փորձելով մարդկանց եւս տրամադրել Իրանի դեմ։

Հետո մենք նեղսրտում ենք, երբ Իրանը շնորհավորում է Ադրբեջանին՝ հաղթանակի առիթով:

 

Ադրբեջանի հետ հաշտության նախադրյալներ չկան

Անկախ նրանից, թե մտքի ինչպիսի գոհարներ է երկնել Նիկոլ Փաշինյանը «Հ1»-ի եթերում, կան արժեքներ ու սկզբունքներ, որոնք անփոփոխելի են ազգի ու ազգային գործիչների համար։

  1. Արցախը պետք է լինի բացառապես հայկական եւ կլինի այդպիսին։
  2. Արցախի գրավյալ շրջաններից առնվազն Հադրութը, Շուշին ու Քարվաճառը վաղ թե ուշ պետք է վերակցվեն Արցախին՝ ինչպես պատմական, այնպես էլ անվտանգային իրողություններով պայմանավորված։
  3. Ո՛չ Ալիեւը, ո՛չ Էրդողանը կիրթ ու կառուցողական չեն։ Նրանք Հայաստանի եւ հայ ազգի, Հայաստանում ապրող եզդիների, ասորիների, հույների, քրդերի, ռուսների թշնամիներն են եւ սելջուկ թուրքերի հետնորդները։
  4. Ադրբեջանի հետ Հայաստանը որեւէ հաշտության պայմանագիր չի կարող կնքել.
    ա/ քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքում են.
    բ/ քանի դեռ թեկուզ մեկ հայ գերի կա Ադրբեջանում.
    գ/ քանի դեռ չկա Ադրբեջանի գրավոր համաձայնությունը Արցախում ռուս խաղաղապահների երկարատեւ առաքելության վերաբերյալ։

Սրանք հիմնական կետեր են, կան նաեւ ենթակետեր, որոնք եւս հիմնված են Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխիքների վրա։ Մնացած ցանկացած բան, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, սովորական «լո-լո» է, ուրիշ ոչինչ։

 

Նաիրի Հոխիկյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.