Ի՞նչ է փոխվելու 2025-ի ապրիլի 1-ից հետո, երբ Արցախից բռնատեղահանվածների միայն խոցելի խմբերն են օգտվելու բնակվարձի ծրագրից։ Իսկ մյուսնե՞րը… Գործազուրկները նոր աշխատա՞նք են գտնելու, թե՞ նվաստ գումարով վարձատրվողների աշխատավարձն է բարձրանալու։
Չնայած ումի՞ց ինչ ենք ուզում։ Երկիր են հանձնել՝ մի դրախտավայր, որին ուզում են «փոխհատուցել» չնչին գումարով, որով մի հավաբուն էլ չի գնվի։ Գիտենք՝ հայտնի անձը տանել չի կարողանում Արցախն ու արցախցիներին, նրանց ավելորդ բեռ է համարում, բայց չի կարելի այդքան անսիրտ-անհոգի լինել՝ ընտանիքներ կան կարիքավոր, ծերեր, երեխաներ, հաշմանդամներ, որոնց զրկել եք հայրենիքից: Ո՞վ է նրանց հոգսերը հոգալու:
Ճանապարհային երթեւեկության թանկացման առնչությամբ արտոնություն չունեն արցախցիները, որ դափ-դատարկ են, անտուն-անտիրական, եւ դեռ 300 դրամով պիտի տրանսպորտ նստեն։ Ոմն մեկն էլ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում բարձրաձայնում է, թե նրանց արտոնություն պետք չէ, առանց այն էլ օգտվում են պետական տարբեր ծրագրերից։
Գումարն էլ մի գումար լիներ՝ 50 հազար դրամ, որը ձմռան ամիսներին հազիվ սենյակների ջեռուցմանը կհերիքի: Բա մնացած կարիքնե՞րը, չէ որ տուն-տեղ ենք թողել, ունեցվածք, այգիներ, անասուներ, աշխատատեղեր, ամեն-ամեն ինչ: Գոնե այդ նվազագույնից չզրկեք մարդկանց:
Արցախից բռնատեղահանված յուրաքանչյուր ոք մտնում է խոցելի խմբի մեջ։ «40+10» ծրագրի բոլոր շահառուներն էլ պետք է շարունակեն օգտվել այդ օժանդակությունից այնքան ժամանակ՝ մինչեւ բնակելի տան տեր դառնալը։
Հակառակ դեպքում հողատուները ինչպես հանձնել են, թող այնպես էլ հայկական Արցախը վերադարձնեն իսկական տերերին՝ այն 150 հազարին, որ 2020-ի 44-օրյա պատերազմից առայսօր դռնեդուռ են ընկած:
Նատաշա Պողոսյան