25.11.2024

Аналитика

Բաքուն հստակեցնում է ստանալիքը, Երեւանը չտեսնելու է տալիս

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հունվարի 10-ին Բաքվում Իլհամ Ալիեւի հնչեցրած ռազմատենչ ուղերձները պարզկա երկնքում պայթած ամպրոպի ազդեցություն ունեցան: Ի՞նչ էր ճամարտակում փետրվարի 7-ին նախագահական արտահերթ ընտրությունների գնացող՝ Ադրբեջանի բռնապետը: Ասել, թե իր երկրի զանգվածային լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցը զուտ նախընտրական քարոզարշավի ծիրում է՝ նշանակում է կամ նսեմացնել, չտեսնելու տալ հայտարարություններում առկա լրջագույն սպառնալիքները, կամ փորձել արդարացնել դրանց նախահարձակ բնույթին համարժեք արձագանքելու՝ սեփական անկարողությունը:

Այս մասով ծավալվելուց առաջ հակիրճ ներկայացնենք դավադիր հարեւանի ուղերձներում շարադրված հիմնադրույթները. ա/ Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը ՀՀ-ի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի; բ/ Մարդիկ եւ բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների (ասելով «Ադրբեջանից»՝ նկատի ունի Հայաստանը, որն, ըստ նրա, «Արեւմտյան Ադրբեջան» է- Գ.Բ.); գ/ Այն, որ մենք ուժեղ էինք, այսինքն՝մեր հաղթանակը, թույլ է տալիս խաղաղության պայմանագրում ներառել պայմաններ, որոնք չեն վերաբերում ԼՂ-ին՝ մասնավորաբար «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր»; դ/ Ադրբեջանը չի ընդունում խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքներն ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը:

Այսքանով Ադրբեջանի ներկայացրած պայմաններն, անշուշտ, չեն ավարտվում: Նա խոսել է սահմանագծման-սահմանազատման գործընթացը խաղաղության պայմանագրից զատ եւ իր ձեռքի տակ եղած քարտեզով իրականացնելու մասին, որտեղ Ադրբեջանի տարածքը նշված է 100 հազար քառ. կմ սահմաններում: Ալիեւը հայտնել է, որ մինչեւ հունվարի վերջ պետք է տեղի ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստը, որտեղ քննարկվելու է «Ղազախ-Թովուզի (իմա՝ Տավուշ- Գ.Բ.) տարածաշրջանի» սահմանագծման հարցը: Նրա խոսքով՝ ադրբեջանական ութ գյուղերի թեման մշտապես օրակարգում է՝ այն քանիցս քննարկվել է ՀՀ վարչապետի հետ շփումների ընթացքում՝ այդ թվում դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում:

Ալիեւը շտապում եւ շտապեցնում է գյուղերի վերադարձման գործընթացը, իսկ այսպես կոչված՝ անկլավների հարցը, ըստ նրա, կարելի է լուծել հանձնաժողովների աշխատանքի արդյունքում: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանից զորքերի «հայելային» հետքաշմանը, որը ժամանակին առաջարկել էր Փաշինյանը, ադրբեջանական կողմը նման մտադրություն չունի: Ալիեւի պնդմամբ՝ ադրբեջանական զորքերը չեն հեռանա 2021-ի մայիսին եւ 2022-ի սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից. «Եթե այդ տարածքները սահման լինեին, եւ Հայաստանն այն ճանաչեր որպես այդպիսին, ապա կնշեր դրա մասին։ Բայց Հայաստանը եւս այն սահման չէր համարում։ Ուրեմն՝ նախ սահմանը պետք է որոշվի»,- նշել է թշնամի պետության առաջնորդը։

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքների ամրագրման փոխարեն Ադրբեջանը նախընտրում է հայկական կողմի երաշխիքները, ինչի մասին ավելի վաղ Ալիեւն ակնարկել էր: Թե որոնք են Հայաստանից Բաքվի ակնկալած երաշխիքները, Փաշինյանը մի առիթով պարզաբանել է. Ադրբեջանը ցանկանում է հստակ երաշխիքներ տեսնել, որ ՀՀ-ի կողմից ռեւանշինզմ չի լինելու, եւ որ ՀՀ-ն լիովին ընդունում է ստեղծված իրավիճակը։ Փաշինյանն այդ մասին խոսել էր նաեւ անցած դեկտեմբերի 19-ին «Հ1»-ին  տված հարցազրույցում՝ չխորանալով, սակայն, բուն նյութի մեջ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի ղեկավարը հստակ երաշխիքներ ասելով:

 

Սահմանադրափոխություն՝ Ալիեւի պատվերով

Այժմ արդեն պարզ է, որ «հայկական ռեւանշի» մտավախություններում Ալիեւը հեռուն է նայում: Նրա անհանգստությունը գալիս է ՀՀ գործող օրենսդրությունից, որը, ըստ նրա, Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներ է ներառում, իսկ նորմատիվ իրավական փաստաթղթերը, օրինակ 1990-ի սեպտեմբերի 21-ին ընդունված՝ ՀՀ անկախության հռչակագիրը, հղում են անում Հայաստանի եւ ԼՂ-ի միավորման մասին 1989-ի համատեղ որոշմանը: Ադրբեջանին ամենաշատն իրավական այս հենքի ուրվականն է հետապնդում, որը ենթադրում է դիպաշարեր, որոնց դեպքում, հնարավոր է, Հայաստանի ՍԴ-ն մերժի խաղաղության պայմանագիրը կամ, ասենք, գալիք նոր իշխանությունը վերարծարծի տարածքային պահանջների խնդիրը։

Ադրբեջանը, փաստորեն, սարսափում է ոչ թե Հայաստանի ներկայից, որն իր գրպանում է, այլ նրա ապագայից, երբ իրեն հլու-հպատակ ծառայող Փաշինյան անունն արդեն վերացած կլինի ՀՀ քաղաքական երկնակամարից: Եվ չի բացառվում, որ վերջինիս հետ արտերկրյա հանդիպումներից մեկի ժամանակ Ալիեւը ՀՀ օրենսդրական դաշտի՝ իր երկրի համար խիստ խնդրահարույց դրույթի մասին հիշեցրել է հայաստանցի պաշտոնակցին՝ նրան հորդորելով արագացնել ՀՀ «սահմանադրական զանցառության» շտկումը: Դատելով ներքաղաքական վերջին զարգացումներից, Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, կարծես թե, ձեռնամուխ է եղել թուրք-ադրբեջանական զույգի ուշադրության առանցքում գտնվող այդ խնդրի լուծման գործին:

Հունվարի 18-ին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա ժողովրդի կողմից քվեարկությամբ ընդունված նոր Սահմանադրություն: Եվ շեշտադրեց՝ ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ միանգամայն նոր Սահմանադրություն, որը չպիտի կասկածի տեղիք տա: «Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել է նա՝ ձեւացնելով, թե ամեն ինչ արվում է ազնիվ մղումներով՝ հանուն Մայր օրենքի կենսունակության, հանուն պետության ամրապնդման եւ այլն:

Իրականում սահմանադրափոխության ազդակները գալիս են Ադրբեջանից. Հեյդարօղլին առաջին անգամ Հայաստանի Սահմանադրության մասին խոսակցությունը բացել էր 2021-ի սեպտեմբերի 27-ին՝ «Անադոլու» լրատվականին տված հարցազրույցում: «ՀՀ-ն պետք է փոխի իր Սահմանադրությունը,- ճիշտ Փաշինյանի հանգով ասել էր նա ու շարունակել,- Հայաստանի Սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Առաջին հերթին՝ նրանք պետք է մշակեն եւ ընդունեն նոր Սահմանադրություն»: Ինչը եւ անում է Փաշինյանը՝ հատուկ ճշտելով, որ սա սահմանադրական փոփոխություն չի լինելու, այլ լրիվ նոր Մայր օրենք:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ նոր Սահմանադրություն, այլ ոչ թե պարզապես սահմանադրական փոփոխություններ: Տարբերությունը ո՞րն է: Այդ մասին Yerkir.am-ին մեկնաբանություններ է տվել սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ նշելով, որ եթե խնդիրը փաստաթղթի նախաբանը վերաշարադրելն է,- իսկ հենց դա է խնդիրը,- ապա չկա ուրիշ տարբերակ, որովհետեւ Սահմանադրության նախաբանում գրվածը չի կարող որեւէ այլ ձեւով փոփոխվել, քան հանրաքվեով։ «Ինքը կարող է լրիվ նոր Հռչակագիր ընդունել ու ասել՝ սա նոր Հանրապետության սկիզբն է»,- պարզաբանել է սահմանադրագետը:

Թուրք-ադրբեջանական զույգի թիրախը, անտարակույս, մեր Սահմանադրության նախաբանն է: Փաշինյանի գործողություններից կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին տալ Ալիեւի պահանջած երաշխիքը՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը փոխելու միջոցով: Բանն այն է, որ նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ թուրք-ադրբեջանական տանդեմի քիմքին անհաճո երկու արձանագրում կա՝ Հայաստանի հետ Արցախի միավորման հիշատակումը եւ սատարումը 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջին: Փաշինյանը նշված դրույթների չեզոքացման քայլին գնում է՝ անտեսելով դրա կործանարար հետեւանքները, նախեւառաջ, Արցախի ու արցախցիների համար:

Նա պատրաստ է Սահմանադրություն փոխել Ալիեւի եւ Էրդողանի պատվերով՝ ՀՀ Մայր օրենքի տեքստից հանելով ու դեն շպրտելով նրանց անհանգստացնող դրույթները: Եվ, իհարկե, հանուն իր անձնիշխանության: Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի արժանապատիվ արձագանքը. տապալել սահմանադրափոխության այս խայտառակ շոուն եւ այն վերածել Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.