15.10.2024

Аналитика

Ներթիմային խլրտումներ. իշխանական բուրգը ճա՞ք է տալիս…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Որքան էլ առաջին հայացքից կուռ ու անսասան թվա ճակատագրերով միմյանց կապված համախոհների թիմը, որոնք միասին որոշակի ճանապարհ են կտրել-անցել՝ հայտնվելով իշխանության բաղձալի կատարին, միեւնույն է, միշտ գալիս է մի ժամանակ, երբ խլրտումն ընկնում է զինակիցների շարքերը, ինչպես ժանգը՝ խոնավ երկաթեղենի: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը դրանից չի փոխվում. ոմանց ակնկալիքներն են մնացել չբավարարված, ոմանցից բախտն է ուղղակի երես թեքել, իսկ շատերն էլ դարձել են իրենց իսկ չափազանցված ինքնագնահատանքի զոհը: Հաջողությունը հատուկենտ երջանիկների է բաժին հասել:

Ահաեւ առաջացել է այն իրավիճակը, որի մասին ասում են՝ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: Ամենայն հավանականությամբ՝ «Քաղպայմանագրի» համար հենց այդ ժամանակն է եկել՝ խթանելով ներթիմային խմորումների սկզբնավորումը, որոնցից ոչ մի իշխանություն՝ համենայն դեպս հետանկախական Հայաստանում, ապահովագրված չի եղել: Թե որոնք են կամ ինչով են արտահայտվում ներքին խժդժությունների հիմքերն ու նախանշանները իշխանական ճամբարում, կփորձենք ցույց տալ վերջին օրերի աղմկոտ իրադարձությունների խորապատկերին, որոնցից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս:

Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց խոշոր կոռուպցիոն հանցագործությունների մասին, որոնք տեղ են գտել Էկոնոմիկայի նախարարությունում եւ վերջինիս հետ փոխկապակցված «Սիներջի» ընկերությունում, որը IT ոլորտի ամենից հայտնի կառույցներից է: Հարուցված երկու քրգործերով ձերբակալվել էին տասնյակի չափ անձինք՝ Էկոնոմնախարարության փոխնախագահ Անի Իսպիրյանը, վարչությունների պետերից մեկը, ինչպես նաեւ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ու մի խումբ աշխատակիցներ, այդ թվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել էր երկամսյա կալանք:

Հետաքրքիր զուգադիպությամբ՝ մեծ աղմուկ հանած ձերբակալությունների հաջորդ օրերին սոցցանցերը ողողվել էին Ալեն Սիմոնյանի, նրա եղբոր ու եղբոր կնոջ լուսանկարներով՝ բոլորը ժպտադեմ: Ալենը կանգնած է մեջտեղում, աջ ձեռքով փարված եղբոր վզին, ձախով՝ եղբոր կնոջը՝ հավանաբար հասկացնելով, որ նրանք իր պաշտպանության տակ են: Եվս մեկ հատկանշական ուղերձ. նույն փետրվարի 2-ին Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» թեմայով համաժողովի իր բացման խոսքը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նվիրեց Աշոտ Հովհաննիսյանի ու նրա աշխատանքի փառաբանմանը՝ ներկաներին խորհուրդ տալով կարդալ նրա «Վերելք» գիրքը, որը ելույթի ընթացքում ցուցադրում էր ամբիոնից:

Հովհաննիսյանը ԱԺ փոխխոսնակի մտերիմներից է, որն այսօր նեղ վիճակում է հայտնվել: Արշակյանն իր խոսքում բարձրաձայն՝ ոչ այնքան ի լուր դահլիճում նստածների, ընդգծեց, որ «Սիներջի» ընկերությունը, որի հիմնադիր-տնօրենը Հովհաննիսյանն է, ներգրավված է ՀՀ-ում խոշոր հարկատուների ցանկում եւ հարյուրավոր աշխատակիցներ պահող կազմակերպություն է: Եվ կոչ արեց ծափերով ողջունել նրան՝ գրեթե որպես օրվա հերոսի:  Մարդիկ բռնվել են խոշոր յուրացումների մեջ՝ այն էլ պետական բյուջեից, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաները՝ փոխանակ թուք ու ամոթանք տալու, իրենց թեւերի տակ է առնում մեղադրյալներին՝ մեկն իր եղբոր տիկնոջը, մյուսն՝ իր մտերիմ ընկերոջը:

Սա ոչ միայն պետական մտածողության իսպառ բացակայության վկայություն է, այլեւ հաստատագրումն այն փաստի, որ իշխանական բուրգի ներսից քայքայման գործընթաց է սկսել կամ, ինչպես սիրում են ասել կատակասերները, Նիկոլի «տունը» կռիվ է ընկել: ԱԺ նախագահի ու փոխնախագահի քայլերն ակնհայտ մարտահրավեր են՝ ուղղված ՔՊ-ական իշխանության դատաիրավական հատվածին եւ անձամբ այդ բնագավառը համադրող հայտնի անձնավորությանը, որի ենթակայության տակ են քննչական եւ հակակոռուպցիոն մարմինները: Մեծ հաշվով՝ դա օրենսդիր իշխանության բարձրագույն ղեկավարների ապտակն էր գործադիրի ղեկավարին, ինչը, կարծես թե, անպատասխան մնաց:

Ավելին՝ մամուլ սպրդած որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ-ի ալենսիմոնյանական թեւը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Քյարամյանին խորհրդարան հրավիրելու եւ աշխատանքային գործունեության վերաբերյալ հաշվետվության պահանջ ներկայացնելու ձեւեր է մտմտում: Անգամ խոսակցություն է գնում ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականի հարց առաջադրելու հավանականության մասին: Ամեն դեպքում տեղի ունեցածը ցույց տվեց, որ իշխանական համակարգի երկու ճյուղերի միջեւ հարաբերությունները սրվել են, ինչը լրջորեն սպառնում է բուրգի փլուզմանը՝ չնայած ջանում են արտաքուստ ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է: Ի՞նչ է ստացվում՝ մի՞թե նման հարցերում նախանձախնդիր Նիկոլը կուլ տվեց ակնհայտ վիրավորանքը:

Տրամաբանորեն հակահարվածը չպետք է ուշանա, քանզի այն չհանգուցալուծված թողնելը հղի է համակարգային ճգնաժամի վտանգով, եւ գործադիրում չեն կարող դա չհասկանալ: Մյուս կողմից՝ փաստենք, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ալենին պատժելու շատ առիթներ է ունեցել, սակայն միշտ, չգիտես ինչու, նրա նկատմամբ ներողամիտ է գտնվել: Սիմոնյանին նա չպատժեց, երբ վերջինս հրապարակավ թքեց քաղաքացու վրա, երբ ԱԺ-ում վերազանցեց պաշտոնեական լիազորությունները՝ ծեծուջարդ հրահրելով անվտանգության աշխատակիցների ներգրավմամբ եւ այլն: Փաշինյանը չէ՞ր հասկանում, որ քաղաքացու վրա թքելով ԱԺ նախագահն իր վրա է թքում, քանզի դրանով իր վարկն է ընկնում հանրության աչքում: Նույնը եւ՝ ԱԺ-ում խառնակռիվ սարքելիս:

Մամուլը հարաբերությունների սառնություն է նկատել նաեւ ՔՊ-ականների ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի միջեւ: «Հրապարակ»-ի բնորոշմամբ՝ ԱԽՔ-ի հետ ՔՊ-ի հարաբերությունները «թեւակոխել են լարված անվստահության տիրույթ». ՔՊ-ում այլեւս չկա նախկին ջերմ վերաբերմունքն իրենց արեւմտամետ թիմակցի նկատմամբ, քանի որ Գրիգորյանը, ըստ թերթի, ինչ-որ պահից տարանջատվել է թիմից եւ մղվել առաջին պլան. «Բոլորը նկատել են, որ արցախյան ծագումն ուրացած Արմեն Գրիգորյանին Արեւմուտքն առանձնացնում է ՔՊ-ականներից եւ անգամ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ է դիտում»,- գրում է թերթը՝ չբացառելով, որ արեւմտյան պահանջները չկատարելու դեպքում վերջինիս կփոխարինեն Գրիգորյանով:

Արեւմուտքը, պարբերականի փոխանցմամբ, վստահ է, որ Արմեն Գրիգորյանն անմռունչ կյանքի կկոչի իրենց ծրագրերը՝ մասնավորապես Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը եւ հակառուսական քաղաքականության հստակեցումը: «Հրապարակ»-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ ներթիմային քննարկումներում Փաշինյանը սկզբում լուրջ չէր վերաբերվում նման դիպաշարին, բայց այժմ նրան սկսել է անհանգստացնել Արեւմուտքի հետ Գրիգորյանի ինքնուրույն խաղը: Եթե սովորաբար Փաշինանն առանց երկար-բարակ մտածելու՝ պաշտոնից կհեռացներ Գրիգորյանին եւ Սիմոնյանին, որոնցից վտանգ է սպառնում իր անձնիշխանությանը, այս դեպքում կտրուկ քայլերի չի գնում՝ մի տեսակ խեղճացած է:

Ինչո՞ւ: Առնվազն երկու պատճառ կարող է լինել. ա/ կան անձամբ իրեն առնչվող գաղտնի տվյալներ, որոնց տիրապետում են հիշյալ գործիչներն ու ցանկացած պահի կարող են հանրայնացնել, եւ բ/ այս պահի դրությամբ ունեցած ռեկորդային բարձր հակավարկանիշը, ինչը Փաշինյանի՝ աննախադեպ թուլացած դիրքերի մասին է խոսում: Կամ՝ հանրային վստահության 15,1 տոկոսը՝ ըստ հունվարին անցկացված սոցհարցման: Հնարավոր է՝ կան այլ պատճառներ եւս, բայց դրանք բնավ չեն նսեմացնում նշվածների գոյության իրավունքը: Մանավանդ՝ ցածր վարկանիշի մասով, որն անժխտելի փաստ է:

Փաշինյանի վարկանիշի գահավիժումը, անշուշտ, պայմանավորված է վերջին օրերին նրա ադրբեջանանպաստ խոսույթով, ի մասնավորի՝ մեծ աղմուկ հանած «ցլապատումով» [այս մասին մեր մեկնաբանությանը կարող եք ծանոթանալ «Հայացք Երեւանից» պարբերականի «Շաբաթվա անցուդարձը» բաժնում]: Փաշինյանն անհուսալիորեն եւ անդարձ կորցրել է երբեմնի «հպարտ» քաղաքացիների վստահությունը, որոնցից այժմ պատսպարվում է ոստիկանական քառաշարք-հնգաշարք պատով:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.