Եվ այսպես՝ 1828 թվականի մարտի 21-ին Ռուսական կայսրության կազմում գտնվող տարածքների վրա ձեւավորվեց Հայկական մարզը։ Ռուսական իշխանությունները խորհուրդ էին տվել հայերին բնակություն հաստատել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, բայց առաջին հերթին՝ Հայկական մարզում։ Թուրքմենչայի պայմանագրի XV հոդվածը Պարսկաստանին պարտավորեցնում էր չմիջամտել Ռուսական կայսրության կազմում հայերի վերաբնակեցմանը։ Ռուսաստանի կառավարությունը խստորեն հորդորում էր հայերին տեղափոխվել նորաստեղծ շրջանի տարածք։
Թագավորական հրամանագրում գրված էր. «Էրիվանում, Նախիջեւանում եւ Ղարաբաղում, որտեղ էլ որ ընտրեք, դուք կստանաք բերրի հողեր ... Պարսկական շրջաններում ցրված քրիստոնյաները կտեսնեն իրենց միասնությունը»:
Փաստորեն՝ Արեւելյան Հայաստանի տարածքում մենք գործ ունեինք էթնոսոցիալական քաղաքականության մեկ այլ փուլի հետ, որտեղ տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզն արմատապես փոխվեց Կովկասի երեք հարեւանների գաղութատիրական ծրագրերին լիովին համապատասխան։ Այս դեպքում՝ նվաճելով Կովկասը, Ռուսական կայսրությունն իր քաղաքական գերիշխանության հիմքը ստեղծելու համար վարում էր վերաբնակեցման քաղաքականություն: Նպատակն էր՝ գաղութացնել տարածաշրջանը եւ այնտեղ քրիստոնեություն սերմանել։
Դա հանգեցրեց տարածաշրջանում ժողովրդագրական լուրջ փոփոխությունների, որտեղ ի հայտ եկան նոր էթնիկ խմբեր (գերմանացիներ եւ ռուսներ), բայց, առաջին հերթին, վերականգնվեց 17-րդ դարում ավերված Արեւելյան Հայաստանի հատվածի էթնիկական պատկերը։ Հասկանալի է, որ Ռուսաստանը անվտանգության գոտի էր ստեղծում իսլամական կայսրությունների եւ դեռեւս չնվաճված Հյուսիսային Կովկասի միջեւ։ Նման քաղաքականության մեջ հայերը համարվում էին հուսալի տարր։
Միատարր էթնիկ կազմով առանձին վարչական միավորի ձեւավորումը համարձակ քայլ էր տարասեռ բնակչություն ունեցող կայսրության համար։ Դժվար թե այն ժամանակվա իշխանությունները սա չհասկացան։ Ցանկացած էթնիկ փոքրամասնության համախմբումը միշտ էլ հղի է եղել քաղաքական բարդություններով։ Բայց ձեւավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակից այլ լուծում չկար. անհրաժեշտ էր ընտրել չարյաց փոքրագույնը։ Որ այս ոչ միանշանակ հանգամանքը Ռուսաստանը լավ է հասկացել, երեւում էր Հայկական մարզի սահմանների որոշման ձեւից։
Հայտնի է, որ նույն գնդապետ Լազարեւն առաջարկել էր Հայկական մարզ մտցնել հիմնականում հայաբնակ տարածքները՝ Սյունիքն ու Ղարաբաղը, եւ նույնիսկ ստեղծել հայկական զորամիավորումներ։ Բայց գաղափարն առաջացրեց տարբեր պաշտոնյաների, մասնավորապես՝ Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Գրիբոյեդովի լուրջ դիմադրությունը, ով սերտորեն առնչվում էր այս հարցերին։
Այս մոտեցումը պատահական չէր: Եվ փաստը, որ ամենագլխավոր հանգամանքն է՝ Սյունիքի եւ Արցախի (որոնք նախկին Ղարաբաղի խանության կազմում էին) մեծամասամբ հայաբնակ գավառները չներառվեցին Հայկական մարզում։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, Կովկասի հայաբնակ գավառների վարչական սահմանազատման այս միտումը շատ կայուն ստացվեց։ Այս երկու գավառները ոչ միայն վարչականորեն անջատված էին Հայկական մարզից, իսկ ավելի ուշ՝ Երեւանի գավառից, այլեւ վարչական եւ տնտեսական կախվածության մեջ էին մահմեդականներից։ Այսպիսով՝ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու հենց սկզբում գավառի բոլոր հողերը թագավորը հանձնեց Շուշիում մահմեական բեկերի արհեստականորեն ստեղծված դասին, իսկ վարչակազմը ղեկավարում էր գահընկեց արված Շուշվա խանի ժառանգը։
Այնուամենայնիվ՝ կարելի է պնդել, որ հիմնական խաղադրույքը դրվել էր հայկական գործոնի վրա։ Իսլամի անծայրածիր ծովում սա միակ բազմաքանակ քրիստոնյա ժողովուրդն էր՝ ընչազուրկ եւ միշտ հովանավոր փնտրող: Դժվար չէր հայերին համոզել, որ նրանց լավ հեռանկար է առաջարկվել՝ չհաշված հանգամանքը, որ հատկացված տարածքը համընկնում էր պատմական Հայաստանի կենտրոնի հետ, որը պահպանում էր հայ ժողովրդի միջնադարյան պատմական մեծ ժառանգությունը։ Այս հանգամանքի հոգեբանական ազդեցությունը տարածքի նոր բնակչության վրա դժվար թե կարելի է գերագնահատել։ Հայերը վերադառնում էին տուն՝ «Մեծ վերադարձն» էր։
Հատկանշական էր նաեւ, որ ցարական իշխանություններն ի սկզբանե մեծ նշանակություն էին տալիս Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։ Հայ եկեղեցու գործունեությունն իրականացվում էր հատուկ «Կանոնակարգի» («Հայ եկեղեցու օրենքների կանոնագիրք») համաձայն, որը հաստատվել էր կայսրի՝ Նիկոլայ I-ի կողմից 1836 թվականին։ Ըստ այս փաստաթղթի՝ Կովկասի բոլոր թեմերն ուղղակիորեն մտել էին Էջմիածնի կաթողիկոսության մեջ։ Իհարկե, Հայոց կաթողիկոսը պետք է ձեռնադրվեր միայն կայսեր համաձայնությամբ։ Հաշվի առնելով հայության կյանքում եկեղեցու կարեւորությունը, կայսերական իշխանությունների այս մոտեցումը նույնպես կարելի է համարձակ քայլ անվանել։ Եկեղեցու համախմբող նշանակությունը չի կարելի գերագնահատել։
Հիրավի, հատուկ հատկացված տարածքում հայերի համախմբումը նույնպես որոշակի դժվարություններ ունեցավ թե՛ Ռուսաստանի, թե՛ հենց հայերի համար։ Փաստորեն՝ հայկական տարածաշրջանը ռեզերվացիայի բնույթ էր ստացել՝ նման միավորին բնորոշ ավանդույթներով ու սովորություններով։ Այս հանգամանքը խոր հետք է թողել շրջանի բնակչության գիտակցության մեջ։ Այս մասին առանձին կխոսվի։ Իսկ այժմ կբերենք մի քանի տվյալներ Կովկասում վերաբնակեցված հայերի եւ ընդհանուր էթնիկական պատկերի մասին (տվյալները լայնորեն հայտնի հրապարակված թվեր են)։
1820-ական թվականներին նախկին Էրիվանի խանության տարածքում բնակվում էր 49.875 մահմեդական կամ բնակչության 71,5%-ը, մինչդեռ բնիկ հայ բնակչությունը կազմում էր 20.073 կամ 28,5%-ը։ Նախկին Նախիջեւանի խանության մահմեդական բնակչությունը կազմում էր 24.385 կամ 83%-ը, իսկ հայ բնակչությունը՝ 5.078 կամ 17%-ը։ Ռուսաստանին միանալու նախօրեին երկու խանությունների բնակչությունը կազմում էր 99.411 մարդ, որից 74.260-ը կամ 75%-ը մահմեդական էր, իսկ 25,151-ը կամ 25%-ը՝ հայ։
Պատմաբանները պնդում են, որ հայերը չէին պատրաստվում տեղափոխվել Վրաստանից Հայկական մարզ, եւ ռուսական իշխանություններն իրենց ջանքերը կենտրոնացրել էին 17-րդ դարում Շահ Աբասի կողմից վտարված հայերի հայրենադարձության վրա։ Ըստ գոյություն ունեցող հաշվարկների՝ 1828թ.-ից հետո Պարսկաստանից Էրիվանի նահանգ եւ Ղարաբաղ տեղափոխվեցին մոտ 57.000 հայեր։ Միաժամանակ 87.000 մահմեդականներից մոտ 35.000-ը՝ թաթարներ, քրդեր ու քոչվոր ցեղերի այլ ներկայացուցիչներ, որոնց բնակեցրել էին Էրիվանի խանությունում, լքեցին այդ տարածքները։ Այս զանգվածային գաղթից հետո հայերը սկսեցին կազմել նախկին խանության բնակչության մեծամասնությունը (65.000 հայ եւ 50.000 մահմեդական, այդ թվում՝ 10.000 քուրդ):
Արդեն 1838թ.-ին Պարսկաստանից եւ Օսմանյան կայսրությունից հայերի ներհոսքից հետո նրանք կազմում էին գավառի 165.000 բնակիչների կեսը։ Այստեղ էին տեղափոխվել նաեւ Կովկասի այլ վայրերից հայեր, սակայն հայ բնակչության աճի հիմնական աղբյուրը մնացել էր Օսմանյան կայսրությունից փախստականների մշտական հոսքը։ Թե ինչպես է զարգացել Կովկասի էթնիկ պատկերը եւ նրա վարչական բաժանումը, մենք ավելի մանրամասն կանդրադառնանք ապագայում։ Կովկասի այլ վայրերում հայերը նույնքան կարեւոր դերակատարում ունեցան։
Բայց առայժմ պետք է որ պարզ լինի, թե որտեղից է գալիս այսօրվա Ադրբեջանի նախագահի ոգեշնչանքը՝ մշակելու, այսպես ասած, «Արեւմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագրեր։ Այն մասին, թե երբ եւ որտեղից էին եկել իր նախնիները եւ ում լքված տներում էին բնակություն հաստատել, Ալիեւը նախընտրում է լռել։ Իսկ այն մասին, թե ցարական իշխանությունները երբ օրենքով արգելեցին նրա անմիջական նախնիների՝ կովկասցի մահմեդականների քոչվորական կյանքը, նա նույնպես պետք է որ իմանա:
Մենք, համենայն դեպս, կօգնենք նրան՝ չլռվել-մնալ, այլ լուսավորվել։
Մանվել Սարգսյան