25.11.2024

Книжное Обозрение

Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից թիվ 2 (9), թիվ 3 (10)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն (ՌԱՀՀԿ), վերլուծական-փորձագիտական եռամսյա հանդես, Երեւան 2017, թիվ 2 (9), Ապրիլ-հունիս թիվ 3 (10), Հուլիս-սեպտեմբեր

«Փոփոխվող աշխարհ»-ի ընթացիկ տարվա երկրորդ թողարկումն ընդգրկում է ապրիլ-հունիս ամիսները: Այն բացվում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանի՝ հանդեսին տված հարցազրույցով: Նրանում արծարծվում են մի շարք կարեւոր հարցեր, որոնք առնչվում են ԱՄՆ-ի եւ նրա մերձավոր դաշնակիցների ջանքերով Արեւելյան Եվրոպայում ու Մերձավոր Արեւելքում կատարվող արմատական վերադասավորումներին, Հարավային Կովկասի եւ, մասնավորապես, ԼՂ կոնֆլիկտային իրավիճակի վրա այդ զարգացումների ազդեցությանը, Հայաստանի ներկայիս քաղաքական ուղեգծի անարդյունավետության պատճառներին, ինչպես նաեւ Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների խնդիրներին, որոնք անտեսվում են միջազգային դիվանագիտության կողմից: Քրիստոնեության մեջ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների տարանջատման սկզբունքների մասին է պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանի ուսումնասիրությունը: Իր ծավալուն վերլուծականում քաղաքագետ Մանվել Սարգսյանը փորձում է ինքնորոշում եւ ինքնիշխանություն հասկացությունների հենքին հիմնավորել աշխարհակարգերի փոփոխությունների շրջափուլերում իրենց կենսակայունությունն ապահովելու տեսակետից ժողովուրդների ու պետությունների հաջողված եւ չհաջողված լինելու ունիվերսալ պատճառները: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն անդրադարձել է Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի արդի փուլին: Հետաքրքիր ուումնասիրություններով հանդես են եկել պրոֆեսոր Համլետ Զաքարյանը եւ Երեւանի պետհամալսարանի դասախոս Մերուժան Հարությունյանը:

Պարբերականի երրորդ՝ եզրափակիչ համարում, որը ներառում է հուլիս-սեպտեմբեր ամիսները, նույն հեղինակներից թրքագետ Հայկ Գաբրիելյանը թուրքական թեման շարունակում է՝ լուսաբանելով Թուրքիայի 2011-2017 թվականների սիրիական քաղաքականության վայրիվերումները: ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանն ուշագրավ ոճով ու դրվագներով վերլուծում է ազգ-բանակ թեման՝ պատմական զուգահեռներ անցկացնելով այլ երկրների համանման կառույցների հետ: Ազգ-բանակի առաջին ցայտուն նմուշը, ըստ հեղինակի ուսումնասիրության, տվել է Սպարտան՝ հունական հին պետություններից մեկը մեր թվարկությունից առաջ 6-1 դարերում: Հումանիտար գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Զաքարյանն էլ խորհրդածում է ՀՀ տնտեսության զարգացման ուղիների եւ նրա անվտանգության խնդիրների շուրջ: Համարներում լայնորեն լուսաբանված է նաեւ ապրիլ-հունիս եւ հուլիս-սեպտեմբեր ամիսների կարեւոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Սրանք ՌԱՀՀԿ-ի վերջին տպագիր թողարկումներն են: Կենտրոնը, ինչպես ավելի վաղ ծանուցել էր ընթերցողներին, անցել է աշխատանքի ավելի արդյունավետ էլեկտրոնային տեղեկատվության տարբերակի՝ ապահովելու համար իր հետազոտական-վերլուծական արտադրանքի մատուցման պատշաճ շարժընթացը:

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Երեւանում գտնվող առաջատար վերլուծական հաստատություն է: Որպես շահույթ չհետապնդող հիմնարկություն, որը հանձնառու է իրականացնելու բազմագիտակարգ, արհեստավարժ հետազոտություններ ու վերլուծություններ, այն ձգտում է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը եւ ընդլայնել քաղաքացիական ներգրավվածությունը քաղաքականության կայացման գործընթացում՝ խթանելով առավել համապարփակ հանրային գիտելիքներ: Հիմնադրված լինելով 1994թ. ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ՌԱՀՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել ազգային եւ միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակը փորձագիտական վերլուծության ենթարկող առաջնային աղբյուրի նշանակալի համբավ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ` Երեւան, Երզնկյան 75, հեռախոս` (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն` (37410) 52-48-46, էլ. փոստ` Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript.  եւ Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в вашем браузере должен быть включен Javascript., կայքէջ` www.acnis.am:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.